Հյուրանոցի տերը մարզի լավագույն գործարարն է:
Դիլիջան-Երեւան ճանապարհի եզրին, Դիլիջանի ոլորանների մուտքի մոտ է գտնվում «Հաղարծին» հյուրանոցային համալիրը: Դիլիջանցի գործարար Արմեն Աբգարյանը, ով օբյեկտի սեփականատերն է, հիմնանորոգել, գեղեցկացրել է այն:
Նշենք, որ 2012թ. դեկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ «Հաղարծինում» կայացավ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որդու եւ մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանի դստեր հարսանիքը: 2013թ. փետրվարի 2-ին «Հաղարծին» համալիրում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն Արմեն Աբգարյանին հանձնել է «Պատվավոր տավուշցի» կոչման հավաստագիր, նույն ժամանակ Արմեն Աբգարյանին է հանձնվել Տավուշի մարզի գործարարների տարածքային խորհրդի սահմանած 2012թ. մարզի լավագույն գործարարի «Դավոս» մրցանակը:
Կարդացեք նաև
Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արմեն Աբգարյանն ասել է, որ հողեր ունի Մոսկվայում եւ Սոչիում, որ ինքն ուներ «ավելորդ փողեր», որոնք ներդրել է ոչ թե Ռուսաստանի այդ քաղաքներում, այլ` հայրենի Դիլիջանում:
Ներկայումս «Հաղարծին» հյուրանոցային համալիրի անգլիատառ ցուցանակի մի մասն ընկած է, ընկած է նաեւ «Hotel» ցուցանակի վերջին տառը: Մարզի լավագույն գործարար եւ «ավելորդ» փողեր ունեցող Արմեն Աբգարյանը պետք է հանձնարարի նորոգել ցուցանակը, մանավանդ, որ բացի հայաստանցիներից, ամեն օր այդ ճանապարհով բազմաթիվ արտասահմանցիներ են երթեւեկում՝ տեսնելով այդ պատկերը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ