Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղք է Սուրբ Էջմիածինը: Խնայեցեք Արարատին»

Մարտ 18,2013 10:43
Garegin b

Եթե չեմ սխալվում, այս խոսքերը պատկանում են Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Թե ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է Վազգեն կաթողիկոսը այս խոսքերը արտաբերել, չգիտեմ ու չեմ կարող ասել: Բայց ես այսօր կուզեի այս խոսքերն ուղղել այսօրվա եկեղեցականներին և հիշեցնել իրենց ու մեզ բոլորիս համար սիրելի կաթողիկոսի այս բառերը, որ հնչում են որպես պատգամ ու պատվիրան, բայց նաև որպես հորդոր ու զգուշացում ուղղված նրանց, բայց նաև հայ ժողովրդի բոլոր զավակներին անխտիր:

 

Հարգարժան եկեղեցականներ, ուզեք կամ չուզեք, ընդունեք կամ չընդունեք, այսօր Հայ Եկեղեցին չունի նույն հարգանքն ու վստահությունը ժողովրդի մեծամասնության մեջ, ինչ որ ուներ հեռու ու մոտ անցյալում, անգամ խորհրդային տարիներին: Խորհրդային տարիներին, ինչպես կոչված է ասել` այդ անաստվածության ժամանակներում, հարյուր հազարավոր խորհրդահայ օջախներում հարգարժան մի տեղ դրված կամ կախված էր Վազգեն կաթողիկոսի նկարը: Այդ նկարները շատ օջախներում մնացել են անգամ մինչև այսօր: «Մեր թագավորն է», «մեր սուրբն է», թող որ սխալ, բայց ասում էին շատերը և դրանով ցույց տալիս իրենց սերն ու ակնածանքը Վազգեն կաթողիկոսի անձի, հանգամանքի, բայց նաև ընդհանրապես Հայ Եկեղեցու նկատմամբ:

 

Խորհրդային տարիներին Հայ Եկեղեցին չուներ ազատությունն ու հնարավորությունը անկաշկանդ գործելու, «ժամանակներն ուրիշ էին»: Հետո եկավ անկախությունը: Հայ Եկեղեցին Վազգեն կաթողիկոսի գլխավորությամբ կանգնեց անկախության կողքին, օրհնեց մեր անկախությունը, բարոյապես ու նյութապես սատարեց անկախությանը: Իսկ անկախությունը Հայ Եկեղեցուն տվեց գործելու և ծառայելու հնարավորություն: Գիտեմ, ազգի սպասելիքները շատ էին ու չափազանցված, ու եկեղեցին չէր կարող ու չի կարող բավարարել մեր ժողովրդի պահանջները, մանավանդ այդ պահանջներից շատերը չեն էլ մտնում եկեղեցու գործառույթների մեջ: Ու շատ հաճախ հանիրավի քննադատվեց եկեղեցին: Բայց մի պահ կանգ առեք ու մտածեցեք, հարգարժան եկեղեցականներ, արդյո՞ք քննադատությունները միայն հանիրավի էին ու ե՞ն: Արդյո՞ք ներկա սառնությունն ու անտարբերությունը եկեղեցու նկատմամբ, նրա գահակալի նկատմամբ, որ կրում է «ամենայն հայոց կաթողիկոս» նվիրական տիտղոսը, հանիրավին էին ու ե՞ն: Արդյո՞ք մեր ժողովրդի ըստ որոշ հաշվարկների 10-12 տոկոսի աղանդավորներին հարելն ու նրանց անդամագրվելը միայն այդ օտարամուտ ու չգիտեմ ինչ շահեր հետապնդող կազմակերպությունների ակտիվ ու նպատակային քարոզության արդյունքն են, թե նաև մեր եկեղեցականների խոսքի ու գործի միջև եղած անջրպետը, նրանցից դժբախտաբար ոչ քչերի կեցվածքն ու ապրելակերպը: Նախորդ հոդվածներիցս մեկում գրել էի, «որ գտնում եմ, որմեր եկեղեցին իր քրիստոսաբանությամբ ու աստվածապաշտությամբ ոչնչով պակաս չէպատմական կամ նորելուկ որևէ այլ քրիստոնեական ուղղությունից: Այս եկեղեցին իրէությամբ ու բովանդակությամբ քրիստոնեական է, իր ձևով ու լեզվով, իր երգ ու աղոթքովազգային է նա և հոգեհարազատ հայերիս ինքնությանը»: Սա իմ կարծիքն ու համոզմունքն է, ու Վարդանանց բառերով «ոչ հուրը, որ սուրը և ոչ էլ որևէ ուրիշ դառն հարված» ու հիասթափություն չի կարող փոխել իմ համոզմունքը: Սրբություն է Հայ Եկեղեցին` իր անցյալով, իր ներկայով ու իր ապագայով: Օտար են աղանդները հայոց հողում: Օտար որոմ է նրանց սերմը հայոց հողին: Ու հայոց քրտինքով ու արյունով ներծծված եւ Քրիստոսի ոտնահետքերը տեսած ու սրբացած մեր հողը նրանց սպասած  պտուղը պիտի չտա: Եթե ոչ Ձեր, ներկայի հարգարժան եկեղեցականներ, ապա ունկնդիր մեր նվիրյալ սուրբերի` Սահակի ու Մեսրոպի, Խորենացու ու Եղիշեի, Վարդանի ու նրա նահատակ զինակիցների, Նարեկացու, Շնորհալու ու Տաթևացու և բազմահարյուր այլ սրբերի բարեխոսության Աստված ի վերուստ պահելու և պահպանելու է իր «փոքրիկ ածուն»` Հայաստան աշխարհը:

 

Բայց հայ մարդը միայն անցյալի փառքի համար չի կարող մշտապես մխիթարվել ու սիրել իր եկեղեցին: Մենք ուզում ու սպասում ենք, որ Հայ Եկեղեցին այսօր էլ լինի մեզ սիրելի, մեզ մոտիկ ու հարազատ, որպեսզի մենք զգանք նրա ջերմությունը, նրանից ու նրա եկեղեցականներից ճառագող քրիստոնեական հավատքը, նրա սերը մեր նկատմամբ, ամեն հայ անձի նկատմամբ` լինի նա դիմադիր թե ընդդիմադիր:

 

Հայ Եկեղեցին եղել է միշտ հայոց պետականության կողքին: Իրավունք ունեք Դուք, երբ նշում եք, որ Հայ Եկեղեցին պետականամետ է: Այդպես պետք է լինի, քանի որ ազատությունն ու սեփական պետություն ունենալը աստվածատուր իրավունքն է ամեն ազգի, հետևաբար` նաև մեր ազգի: Բայց չե՞ք կարծում, որ Դուք պետականամետությունն ու իշխանամետությունը խառնել եք իրար: Չե՞ք կարծում, որ պետականամետության քողի տակ, այսօր Դուք դարձել եք իշխանամետ և սպասարկում եք շատ հաճախ իշխող դասկարգի շահերը: 1996-ից առ այսօր Հայաստանում տեղի ունեցած գրեթե բոլոր ընտրություններում չի հարգվել մեր ժողովրդի մեծամասնության ազատ կամաարտահայտության իրավունքն ու իր ընտրությամբ իշխանություն ձևավորելու սահմանադրական նորմը: Անկախ նրանից կան իրավական փաստեր կամ ոչ, բավարար են դրանք կամ ոչ, մեր ժողովրդի մեծամասնությունը չի հավատում, որ իշխանության են եկել իր կողմից իրապես ու իսկապես ընտրվածները: Մտե՛ք գյուղեր ու քաղաքներ, հարցրե՛ք պարզ հայ գյուղացուց ու քաղաքացուց, բայց ոչ այնպես, որ նա վախենա իր անկեղծ կարծիքն ու միտքն արտահայտելուց, ու Դուք կհամոզվեք, թե ո՞ւմ է ընտրել ժողովուրդի ջախջախիչ մեծամասնությունը, եթե մինչև հիմա համոզված չեք:

 

Օրավուր դատարկվում է Հայաստանը: Հայ մարդը հազարներով արտագաղթում է իր երազած ազատ ու անկախ երկրից: Ո՞վ է սրա մեղավորը: Ո՞վ է բուն պատասխանատուն: Որքա՞ն կարելի է աչք փակել այս սարսափելի իրողության առջև: Հայ մարդը թողնում է իր երկիրը ոչ միայն որովհետև նյութապես անապահով է ու գործազուրկ, այլ նաև ու մանավանդ` որովհետև իրեն անտեր ու անպաշտպան է զգում մեր իսկ հայրենիքում: Մեր երկրում գործում է դժբախտաբար` «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» զոռբայական կարգախոսը: Ու այս բոլորով հանդերձ նույն այդ ժողովուրդը 18 տարի է գնում և ընտրում է՞ այս ողբերգական իրավիճակի առաջին ու բուն պատասխանատուներին` երեկվա ու այսօրվա իշխանավորներին:  Բավական եղավ այս ժողովրդին հիմարի ու ապուշի տեղ դնել: Ո՞վ պիտի բարձրաձայնի այս ամենը: Ո՞վ պիտի ընդդիմանա այս տևական անարդարության դեմ: Սա միայն իրավական հարց չէ, որ եկեղեցին լվանում է իր ձեռքերն ու մի կողմ քաշվում, նույնիսկ կանգնում կեղծողների կողքին: Սա նաև բարոյական հարց է, եկեղեցու հարցն է, ամենայն հայոց կաթողիկոսի հարցն է: Մի՛ խուսափեք Ձեր բաժին պատասխանատվությունից: Պիղատոսի նման մի՛ լվացեք Ձեր ձեռքերը: Արդարությունն է խաչվում հայոց հողում: Արդարությունը պաշտպանված չէ Հայաստանում և ո՞վ, եթե ոչ եկեղեցին, պետք է պաշտպան կանգնի արդարության: Մի՛ խաբեք Ձեզ և մեզ:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոս, միջամտե՛ք խնդրին ու որքան էլ դժվար է, ստանձնե՛ք միջնորդական պատասխանատվությունն ու պարտականությունը: Հրավիրե՛ք գործող նախագահ Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին Սբ. Էջմիածին: Ազգի ու Պետության շահն է դա պահանջում: Մտե՛ք պատմության մեջ որպես այն կաթողիկոսը, ով Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին հիմքն է դնում իսկապես ժողովրդավար ու արդար Հայաստանի: Չեմ կարծում, որ գործող նախագահն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կմերժեն Ձեր միջնորդությունը: Ներեցեք ինձ, Գարեգին Երկրորդ Կաթողիկոս Ամենայն Հայոց, Դուք չունեք Վազգեն կաթողիկոսի հմայքն ու ազդեցությունը, բայց մենք հայերս չունենք ավելի ազդեցիկ ու հեղինակավոր այլ բարոյական հաստատություն, քան Հայ Եկեղեցին է: Նրա ձայնն ու հորդորը լսելի՛ դարձրեք մեր ժողովրդին: Սբ. Էջմիածնում մեր ազգի բախտորոշ ժամանակներում հաճախ են տրվել կարևոր որոշումներ: Հիմա էլ ժամանակը բախտորոշ է և հիմա էլ կարող է մեր ազգի ապագա ճակատագրի որոշումը տրվել Սուրբ Էջմիածնում: Սա պետք է Ձեզ, սա պետք է Սերժ Սարգսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին և ի վերջո` սա պետք է մեր ողջ ժողովրդին:

 

«Մեղք է Սուրբ Էջմիածինը: Խնայեցեք Արարատին»

Ռամիս Օհանյան
Հայաստան-Հոլանդիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Հոլանդիա…. էլ բան ու գործ չունենք էլի:

    Հանգիստ վայելք ձեր կյանքը ու մեր եկեղեցու հետ գործ չունեք, ով երբ ինչ ուզում գրում է:

    Սուտ եք ասում Վազգեն առաջինին էլ եք ( են ) վարքաբեկել: Հանուն ձեր աշխարհայացքի

    ոչ մի սրբություն րեք ճանաչում: Մաիյն թե ձեր ուզածով քայլենք….

    Այդպես էլ չհասկացաք, որ Էջմիածնում կարողանում են հասկանալ ով ինչ է ուզում, վարքաբեկելը

    եկեղեցուն հանուն չգիտեմ ինչու անչափ տգեղ է:

    • 1915ARM says:

      на Моисеевом седалище сели книжники и фарисеи; итак всё, что они велят вам соблюдать, соблюдайте и делайте; по делам же их не поступайте, ибо они говорят, и не делают
      дворовые псы.обслуживающие момоне.

      какая польза человеку, если он приобретет весь мир, а душе своей повредит? или какой выкуп даст человек за душу свою? ибо приидет Сын Человеческий во славе Отца Своего с Ангелами Своими и тогда воздаст каждому по делам его

      .

  2. Artur says:

    Ամբողջությամբ համաձայն եմ հոդվածագրի հետ: Հայ եկեղեցին պետք է հասարակության բարոյականությունը ապահովի,այլ ոչ թե պատեհապաշտ հայտարարություններ անի: Միայն քրիստոնեական բարոյականության նորմերը տարածելով և արմատավորելով է, որ հնարավոր է մեր երկիրը իսկական առաջընթաց ապրի: Հույս, հավատ, սեր -սա է մեր երկրին պակասում:

  3. Սուրեն says:

    Եկեղեցիները անիմաստ շինություններ են, կրոնը չարիքներից մեծագույնը, իսկ աստված գոյություն չունի: Հանգիստ ապրեք

    • Ramis says:

      Սուրեն, այս գրությունը վերաբերվում է նրանց, ովքեր հավատում են Աստծուն, եկեղեցիներն անիմաստ շինություններ չեն նկատում եւ իրենց համարում են Հայ Եկեղեցու հետևորդ: Իսկ եթե Դուք անաստված եք, ապա կարիք չունեք ո՛չ այս գրությունը կարդալու, ո՛չ էլ մեկնաբանություն գրելու, պարզապես անտեսեցեք այն և Ձեր թանկագին ժամանակն էլ մի ծախսեք այսպիսի “անիմաստ” հոդվածներ կարդալով…

  4. Գոհար says:

    Վազգեն Ա Վեհապառ Հայրապետին ոչ ոք երբեք չի վարկաբեկել, չէր կարող, եթե եղել է այդպիսին. նա ոչ-ոք էր, ու մնաց ոչ-ոք: Հեռվից ամեն ինչը շատ ավելի լավ է երևւմ: Մենք չենք հասցնում այս բազմազան ւ բազմապիսի հոգսերի ու խնդիրների մեջ գոնե երբեմն կենտրոնանալ, թե վերջապես ես ինչ է կատարվում մեր երկրում…. Համաձայն եմ հոդվածագրի հետ.

  5. 1915ARM says:

    Վազգեն Ա Վեհապառ Հայրապետը մեկ խորհրդանշական բան է արել Հայ Ազգիս համար,
    այն որ Արաքելական եկեղեցի մտցրեց (Է) տառի իրական իմաստն ու արժեքավորումը;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031