Աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարում երեք տուրից հետո Լեւոն Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Երեկ ավելի քան վստահ հաղթելով Ուկրաինայի լավագույն շախմատիստ Վասիլի Իվանչուկին՝ հայաստանցի շախմատիստը 2,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար: Նույն օրը Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ Բորիս Գելֆանդին (Իսրայել), իսկ ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը եւ Ալեքսանդր Գրիշչուկը բաժանեցին միավորը:
Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակում գրոսմայստերները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ. Արոնյան՝ 2,5 միավոր, Մագնուս Կարլսեն եւ Պյոտր Սվիդլեր՝ 2,0-ական, Ալեքսանդր Գրիշչուկ, Վլադիմիր Կրամնիկ, Թեյմուր Ռաջաբով՝ 1,5-ական, Բորիս Գելֆանդ, Վասիլի Իվանչուկ՝ 0,5-ական: Այսօր հավակնորդները հանգստանում են: Վաղը՝ 4-րդ տուրում, հանդիպում են Լեւոն Արոնյանն ու Պյոտր Սվիդլերը, Թեյմուր Ռաջաբովն ու Վլադիմիր Կրամնիկը, Մագնուս Կարլսենն ու Ալեքսանդր Գրիշչուկը, Բորիս Գելֆանդն ու Վասիլի Իվանչուկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ