Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Պարգեւ Օհանյանից մինչեւ Խաչատուր Սուքիասյան (Տեսանյութ)

Մարտ 17,2013 21:29

06 04 01

Որոշվում է  Րաֆֆի Հովհաննիսյանի ստվերային կառավարության չվարկաբեկված կազմը

Այսօր Ազատության հրապարակում առաջին բաց քաղաքացիական խորհրդի նիստին, որտեղ քննարկվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի ստվերային կառավարության կազմը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է աշխատեն ցուցակում ընդգրկել հնարավորինս չվարկաբեկված մարդկանց, որպեսզի նրանք քննադատության թիրախ չդառնան: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ քանի որ ժողովուրդ ասվածը լայն հասկացություն է, ինչպե՞ս եք ժողովրդի հետ որոշելու՝ կոնկրետ անձը ինչքանո՞վ է վարկաբեկված: Ում շատ ծափահարեն, նա քիչ վարկաբեկված է, ում քիչ ծափահարեն, նշանակում է՝ նրան հասարակությունը չի՞ ընդունում: Եվ հետո, ինչ-որ վերջնական ցուցակ եք տալու Րաֆֆի Հովհաննիսյանին, որը պետք է ընտրի՝ ովքեր են լինելու կառավարության կազմում, ովքեր՝ ո՞չ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մեխանիզմը մոտավորապես հետեւյալն է: Ինքս անկեղծ ասած որեւէ ցուցակ չեմ պատրաստվում պարոն Հովհաննիսյանին փոխանցել: Ընդհակառակը,այստեղ, մարդկանց անուններն են բարձրաձայնվում: Եթե որեւէ անուն պարոն Հովհաննիսյանը հարկ համարի, մտածի որ  արժանի է, ինքը հաստատ նշում կանի: Այն քննարկումներին, որտեղ պարոն Հովհաննիսյանը չի մասնակցի, ենթադրվում է, որ իր լիազոր ներկայացուցիչը կմասնակցի, ով կգնա եւ  նրան կփոխանցի այդ մտքերը: Որեւէ մարդու անուն նշելիս ես  բացարձակապես հավակնություն չունեմ գնահատել՝ նա վարկաբեկված է կամ չէ: Ես ինքս այդիպիսի համարձակություն ինձ վրա չեմ վերցնի, որովհետեւ այդ ամեն ինչը շատ հարաբերական է: Ես գուցե այդ մարդու մասին ինչ-որ բան չգիտեմ, ես այդպիսի պատասխանատվություն ինձ վրա չեմ վերցնի»:

Նա կոչ արեց, որ բոլորս մեր միտքը «նաստրոյկա» անենք, կարգավորենք. «Մենք պետք է տրամադրենք մեզ հետեւյալին, որ փետրվարի 18-ին Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն: Մենք բոլորս պետք է մտածենք իշխանափոխության մասին եւ նոր իշխանության մասին, քայլերի մասին, որոնք որ տեղի ունեցած դե ֆակտո իշխանությունն արձանագրելու է նաեւ դե յուրե: Այստեղ նոր կառավարության ձեւավորում տեղի չի ունենում: Հնչում են մտքեր: Սա հրավեր է բոլորիս՝ բարձրաձայն մտածել՝ ինչ է լինելու վաղը: Մենք մտածում ենք մեր հայրենիքի ապագայի մասին: Եթե ես, օրինակ, մտածում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանի պոտենցիալը կարող է գործի դրվել Հայաստանի ապագայի կերտման համար, ես չեմ վախենա դա ասել: Եթե ես մտածում եմ, որ Ստեփան Դեմիրճյանը, որը 2003-ի նախագահական ընտրություններում հաղթել է, եթե ես դրանում համոզված եմ, ես չեմ վախենում դա բարձրաձայնել: Ես չեմ վախենում ասել, որ մենք երեկ ցուցակ ենք կազմել, որտեղ ընդգրկված է՝ Արթուր Սաքունց, Վաղարշակ Հարությունյան, Մանվել Սարգսյան, Էդգար Վարդանյան՝ քաղաքագետ, Լիլիթ Գալստյան, Աշոտ Բլեյան, Ալեքսան Հակոբյան, Դավիթ Հովհաննիսյան՝ Սիրիայում ՀՀ նախկին դեսպանը, Սամվել Մարտիրոսյանը, Խաչատուր Սուքիասյան, Սարհատ Պետրոսյան, Խաչիկ Գեւորգյան, ռեժիսոր Արա Շիրինյան, իրավաբաններ Արթուր Գրիգորյան, Վահե Գրիգորյան, Մուշեղ Շուշանյան, Դավիթ Սանասարյան, Մարթա Այվազյան, որը 2008-ին դիվանագետերի մեջ էին, որոնց աշխատանքից արտգործնախարարությունն ազատեց»:

Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցանկում ընդգրկված է նաեւ նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը: Նիկոլ Փաշինյանը դիմեց ներկաներին. «Հիշո՞ւմ եք Պարգեւ Օհանյանին, որը դատական համակարգի մաս է եղել, բայց ի հեճուկս ամբողջ պետական համակարգի, էդ մարդը կայացրել է դատավճիռ: Ունի՞ այդ մարդը պոտենցիալ: Իմիջիայլոց, Պարգեւ Օհանյանն ինձ էլ է դատել: Հա, լուրջ եմ ասում, 99-ին: Հակառակ կողմում՝ մեղադրող կողմում Սերժ Սարգսյանը, Արտաշես Գեղամյանն էին, եւ ինձ մեղադրողը պահանջեց կարծեմ 5 տարվա ազատազրկում, Պարգեւ Օհանյանը 1 տարվա ազատազրկման դատապարտեց»:

Հավաքվածները հնչեցրին նաեւ Վիոլետ Գրիգորյանի եւ Ռուբեն Հախվերդյանի, Արամ Զավենի Սարգսյանի  անունները: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ անիմաստ է հնչեցնել, ասենք, Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի, Անահիտ Բախշյանի եւ «Ժառանգության» կենտրոնական դեմքերի անունները, որոնք բնականաբար Րաֆֆի Հովհաննիսյանի թիմում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    ներկայացում, սակայն այդքան անիմաստ:

    Նիկոլին տալ նախագահի աթոռը, ինքը դրան ավելի է արժանի քան Րաֆին

  2. Տիգրան says:

    Իսկապես չգիտես` ինչ անվանել այն, ինչ փորձում է անել Նիկոլ Փաշինյանը… Ոչ մի տեսակետից շարժմանը նպաստող քայլ չէ դա… և դժվար էր պատկերացնել մի այլ միջոց, քան այդ հանրահայտ մարդկանց ցուցակը, որը ամենակարճ ժամանակշրջանում կարող է պարզապես լռեցնել շարժումը… Ըստ երևույթին, ազատության հրապարակում մի քանի անգամ ելույթներ ունենալով մարդիկ կորցրել են իրականության զգացողությունը և իսկապես տրվել են այդ սադրանքին… Այդ պատեհապաշտները միաշամանակ մոռացել են, որ իրենցից ավելի խելոք մարդիկ կարող են լիօնել այս աշժարհում, իսկ եթե նրանք չեն հասկանում, թե ինչ մեծ վնաս են հասցնում համաժողովրդական շարժմանը, ինչպես են հասարակացնում այն` զրկելով վեհությունից, ազատության համար պայքարի լուսապսակից, ուրեմն նրանք ոչնչով չեն տարբերվում ՀՀԿ-ից, որոնց այդքան քննադատում են ու մեղադրում տարբեր զանցանքների համար… Րաֆֆի Հովհաննսիյանը պարտավոր է անմիջապես դադարեցնել այդ քաղաքացիական բաց խորհրդի ստեղծումը… Արդեն իսկ մեծ սխալ է թույլ տրվել սկսելով նման բան և եթե այդ քննարկումները շարունակվեն ևս մի երկու շաբաթ, հավատացեք` ժառանգությունը կպարտվի Երեվանի քաղաքապետի ընտրություններում… Այրդեն իսկ հարյուրավորներ սկսել են կասկածել, թե այս ինչ ուղղությամբ են փորձում տանել շարժումը… Լավ, էդ շարժման չկան մի քանի իսկապես վսեմ ու լայնախոհ մարդիկ, որոնք կարողանային կտրուկ հենց սկզբից արգելակել այն… Բայց հիմա, եթե Րաֆի Հովհաննիսյանը դադարեցնի այն, նրանք, ովքեր ընդգրկվել են այդ ցուվակում կնեղսրտվեն… Ավելի լավ է նրանք սրտնեղեն, քան հարյուր հազարավոր մարդիկ հոգու խորքում սկսեն կասկածել ու այլևս չգնան հրապարակ… Իսկ եթե Նիկոլ Փաշիյանը նեղանա, հավատացեք, շարժումը դրանից չի տուժի, որովհետև Նիկոլի կոչով չեն հարյուր հազարավորներ իրենց ձայնը տվել Րաֆիին… Րաֆի Հովհանիսյանը պարտավոր է իր ձեռքը վերցնել շարժումը և այլևս թույլ չտալ, որ ամեն մի անմիտ ու վնասակար գաղափար հեղինակազրկի ու վնասի շարժումը… Եթե Դուք, Րաֆի Հովհաննսիյան, որոշել եք հացադուլ անել, դա ամենևին ձեզ չի զրկում այն պատասխանատվությունից, որը դուք ստանձնել եք` ստանալով ամենաշատ ձայները: ԵՎ դուք պարտավոր եք ղեկը վերցնել ձեր ձեռքը և ցույց տալ, որ կարող եք ղեկավարել զանգվածներին, որ այնքան միտք ու հեռատեսությամբ եք օժտված, որ կարող եք կասեցնել ամեն մի անմիտ քայլ… Իսկ եթե մինչև վերջ փորձենք ասել ճշմարտությունը, ապա հացադուլ հայտարարելը ինքնստինքյան նշանակում էր փախուստ իրական գործերից: Շուտով քաղաքապետի ընտրություններն են: պատկերացնում եք` ինչքան գործեր կան անելու` պետք է շտաբներ ստեղծել, բոլոր տեղամասերում հանձնաժողովի անդամներ ունենալ, մի քանի վստահված անձինք… Հավատացեք, եթե ժողովուրդը նախագահական ընտրություններից հետո ներեց Ժառանգության անզորությունը ընտրություների վերահսկողության թերացման հարցում, ապա քաղաքապետի ընտրություններում գրանցված պարտությունը անկախ այն խախտումներով է եղել թե ոչ, չի ներվի ժառանգությունը… Միակ ելքը կեղծիքը կանխելն է, իսկ դրան հասնելու համար շատ անելիքներ կան և այս գլխավորը կարծես չի հետաքրքում այդ խորհրդին և հենց Ժառանգության ղեկավար կազմին, որոնք պարտավոր էին համոզել Րաֆիին, որ հացադուլ չանի… Բայց դեռևս ուշ չէ և կարելի է շատ բան ուղղել հստակ ու կոնկրետ գործողություններով…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031