Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի գեներալ մարզպետին կհաջողվի՞ կանխել Գյումրիում սպասվող արյունահեղությունը

Մարտ 17,2013 18:59

Լրագրող Համլետ  Մոսինյանի բնութագրմամբ,  Գյումրում պայթունավտանգ իրավիճակ է

Երկու օր է`  գյումրեցիների  խոսակցության ու համացանցում  քննարկվող  միակ թեման նախկին քաղաքապետ Վարդան  Ղուկասյանի`« Ցայգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցն է , որի ժամանակ նախկին քաղաքագլուխը  ծաղրեց  ու   սպառնաց ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Վերջինիս  մասին խոսելիս` նախկին քաղաքապետը նրան «սա» դերանունով էր դիմում, խաբեբա, կենդանակերպ էր անվանում,  խորհուրդ էր տալիս ոչ թե այդպես  շուտ-շուտ, այլ գոնե տարին մեկ անգամ փոխել  ճակատի թանաքի գույնը: «Էն կինոն տեսե՞լ ես.  որ  գլխարկը  կուքա,  իրանք  կփոխեն, իրանց պես,  «Հարսանիք  Մալինովկայում»,- Սամվել Բալասանյանին այսպես բնութագրեց  Վարդան Ղուկասյանը: Նախկին  քաղաքապետը երեսով էր տալիս , որ ինքը դարձրեց  Բալասանյանին  պատգամավոր:  Ըստ Վարդան Ղուկասյանի,  վերջինս ոչ լեգիտիմ պատգամավոր է , ոչ էլ լեգիտիմ քաղաքապետ: Նրան մեղադրեց քաղաքապետարանը  քաղմաս դարձնելու մեջ և այսպես շարունակ: Ղուկասյանը ընթացքում նաև սպառնաց ` նախազգուշացնելով. « Արա,  գործ արեք, մեզ միք բան ասեք, մենք ինքնասիրության համար կարող  ենք 10 տարի, 20 տարի դատվել կամ մեռնել. շառերդ քաշեք,  գնացեք գործ արեք, մենք եկել ենք ձեզ ասելու` շառերդ քաշեք, գործ արեք»:

Ներկայիս քաղաքապետն էլ բավական դաժան պատասխան հղեց  Վարդան Ղուկասյանին `երեսով տալով վերջինս հոգեպես ոչ առողջ լինելը , քաղաքը թալանելը,  եվրոպական կլինինկաներում  բուժվելն ու առանց փողերը վճարելու`  փախուստի դիմելը   և այլն:

Գյումրեցիները կանխատեսում են, որ իշխանական վերնախավի չմիջամտելու դեպքում այն կավարտվի արյունահեղությամբ: Օրինակ` մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց լրագրող-վերլուծաբան Համլետ Մոսինյանը, ով ասաց, որ սա լուրջ մարտահրավեր է  Շիրակի ներկայիս մարզպետի համար: Մեր այն հարցին, թե Գյումրու բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու ցանկություն ունեցող Սերժ Սարգսյանը  իշխանափոխությամբ  փոխեց, թե՞  ընդհակառակը ավելի լարեց   մթնոլորտը, մեր զրուցակիցն  ասաց. « Սերժ Սարգսյանի ցանկությունը շատ լավն էր, բայց նրա ձեռքին կախարդական փայտիկ չկար , որ էդ փայտիկով խփեր ու Գյումրիում բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավեր: Դրա  համար քրտնաջան աշխատանք է պետք, դրա համար ոչ միայն քաղաքապետի, այլ կառավարության աշխատանքն է պետք: Վարդան Ղուկասյանի ելույթը   մեկ անգամ ևս խոսում է  այն մասին, որ իշխանավորները լավ տեղյակ  չեն, թե տեղերում ինչէ կատարվում: Նրանց թվում է , թե քաղաքապետ փոխելով ամեն ինչ կլուծվի , նախորդ օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ամենևին էլ այդպես չէ: Նախորդ քաղաքապետը,  վստահ լինելով չգիտեմ ինչի վրա,  խոսում էր : Ես անկեղծորեն ասեմ,  ոչ մեկի կողմնակիցը չեմ, բայց ներկայիս քաղաքապետը այնպիսի ժառանգություն  է ստացել , որ տարիներ են պետք թերությունները շտկելու համար,  միլիոնավոր դրամների պարտքը, կիսատ-պռատ գործերը ավարտելու համար: Ես առանձնապես հույսեր չեմ կապում  իհարկե  Բալասանյանի հետ, հիմա երևում է, որ ինքը հունի մեջ դեռ չի կարողանում մտնել, լավ չի պատկերացնում իր աշխատանքը, բայց միևնույն ժամանակ,  չեմ էլ կարող էդքան մեղադրել.  ինքը ոչ թե շեն օջախ է ստացել, ինչպես Վարդանն էր հայտարարում, այլ քանդված օջախ, որը շենացնելը շատ դժվար կլինի: Այդ փոխհրաձգությունը  խայտառակություն էր, ես առաջին անգամ էդպիսի արտահայտւթյուններ, էդ աստիճանի խայտառակություն  լսեցի  ղեկավար մարդուց և ոչ թե ինչ-որ փողոցում կամ տանը, այլ եթերում»:

Լրագրողի կարծիքով, այս  փոխհրաձգությունը  փորձաքար պետք է դառնա Շիրակի նորանշանակ մարզպետի համար: « Մեր  նորանշանակ  մարզպետի համար գործունեություն առաջին բանը պետք է դառնա, լրջորեն պետք է զբաղվի այս հարցով: Ի՞ նչ է կարող անել և  ի՞ նչ է իրեն օրենքով հասնում անելու, ես չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ ինքը փորձված  մարդ , ինքը պիտի զբաղվի այս խայտառակությամբ, էդպիսի արտահայտություններ Գյումրու պես փոքր քաղաքում` եթերով, էդպիսի թշնամանք միմյանց նկատմամբ, շատ վտանգավոր է , արյունահեղության բույն է: Ես չգիտեմ Սերժ Սարգսյանը ինքը ժամանակ ունի՞, թե՞  ոչ նման հարցով զբաղվելու, թե՞   զբաղված է էս հետընտրական թոհուբոհով, ամեն դեպքում նոր մարզպետը շատ լուրջ անելիք ունի: Սա մարզպետի առաջինն քննություն է, կամ զաչոտը, չգիտենք որ մեկն ասենք, կամ ժամանակակից տերմինով  ասած մարտահրավեր է նրա նկատմամբ: Տեսնենք  ոնց է դուրս  գալիս քննությունից:  Եթե մարզպետը չկարողացավ մի բան անել, Գյումրիում լրջանում է  վիճակը , հաստատ արյունահեղություն կլինի, ու ժողովուրդը քիչ հիասթափված է, ծայր աստիճան կհիասթափվի  իշխանություններից»,-նախազգուշացնում է Համլետ Մոսինյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Սիրեկան Մնացականյան says:

    Համլետ Մոսինյանը Գյումրիում ժամանակավոր կենվորի կարգավիճակում է ու ափսոս , օր էսքան տարի ապրելով մեր քաղքում , շատ բաներ մինչև վերջ չի կռնացել հասկնալ: Ըբը օր Բալասանյանը 1999 թվականին հանկարծ բերվեր իշխանության , ինքան պտի լաց էղներ ՝սավան ու սրբիչ չեր օգտե:Պտի սեր, ես ես ավերված քաղաքը ինչխ պտի սարքեմ, սաղ պարտքերը վրես ջարդեցին:Այսինքն, էդ մարդը, անբանի մեկն է, սովոր է մենակ կռեսլո ֆռցնել ու լափել, խլել ուրիշների ունեցվածքը:Օրինակ պիվի գործարանն ու Անուշարանը ինչխ է իրանով էրել? Համլետ Մոսինյանը չի հետաքրքրվել? Սաղ ժողովրդին, անգամ քաղաքապետարանի դեմը կանգնող մեր տաքսիստներին միլիցիա է քաշ տվել, ինչ է թե մարդիկ ընտեղ կանգնել են ու խոսել են:Թող գործ էնե, ճիշտ է կսե Վարդանիկը, ընկել է մարդկանց հետևից:Հըլը սքան ժամանակ մէ բանմ արած կա քաղքի հմար? Էն մարդը եկած օրվանից սկսեց քաղքի մաքրությամբ ու լուսավորությամբ զբաղվել, սիկ ինչ եկել է խրվել է կրիմինալի մեջ, բայց իրա դեմքի արտահայտությունից հեչ չես սէ, որ թիկնապահները Աստծու իրան օրը ինչ սես կենեն, էն Զդանովականի գործով իրա շոֆեր Գարիկի ախպերն է նստած, իբր ինքն է խեղճ կնկան գցել ավտոյի տակ, էն խեղճ թիկնապահ Արթուրին ըդոր էրևընցի թիկնապահները լխկեցին մայլի մեջ, որովհետև գնացել էր էդ ժմոտից փողերը ուզելու,էն ամառը պիվի գործարանի մեջ էլի ըդոր էրևնցի թիկնապահները մարդ սպանին, էն գյուզալմ 2 ախպորը 12 տարի տվին, ըդոնց մասին ինչ կսեք, հերիք էղավ-բոլ էղավ, Սերժը սխալ էրեց ըդոր բերեց Վարդանի տեղը: Ես լիշնի Սերժին ձեն չտվի, որովհետև Բալասանյանը սեց որ ինքը պտի պաշտպանե Սերժին, գիտեմ, որ էդ մարդուն էլ խաբեց-գցեց, բայց օր պուբլիշնի ըդիկ սեց ինքը Սերժին կպաշտպանե, սեցի քու ինադուդ իրան պտի չընտրեմ.Չիտեմ, կդնեք սածներս, թե կկտրեք, ըդիկ էլ ձեր խիղճը թող դատե, ես իմ սելիքս սեցի

    • Համլետ Մոսինյան says:

      Ինչու եմ ժամանակավոր բնակիչ: 2 տարի ապրել եմ մինչև 1988-ի դեկտեմբերի 10, 8 տարի էլ հիմա եմ ապրում: Գրանցումս էլ մշտական է: Եթե ինձ մի քիչ ճանաչեիր, կիմանայիր, որ քանի անգամ Բալասանյանի գործունեության մասին դիտողություններ եմ գրել: Իմ անհանգստությունը քաղաքի 2 հայտնի մարդկանց միջև եղած գժտությունն է, որի վերացման համար իմ կարծիքով անելիք ունի մարզպետը: Նա պիտի կարողանա նրանց հաշտեցնել, խաղաղեցնել: Միթե վատ բան է ուզածս:

  2. Արտո Աբրահամյան says:

    Զարմանում եմ, էդ Բալասանյանը ոնց է էդքան գոյատևել Ազգային ժողովում, բոլորը գիտեն էն պատմությունը, որ Մարզպետունի Մարգարյանի ձեռքից մանդատը խլեց, հիշում եք, դիմեց սահմանադարական դատարան ու ընտրությունները չեղյալ համարեց:Այ այդտեղից պարզ դարձավ դրա Վարդանի ասած մաստը:Սերժի մեծագույն մեղքերից մեկը ՝դրան Գյումրի բերելն էր:Քաղաքում չես կարող ման գալ, փոշին խեղդում է , ոնց որ 2000 թիվը լինի, առաջ ամեն առավոտ մաքրողներին տեսնում էինք, հետներն էլ կռիվ էինք անում, թե էս ժամին մի մաքրեք, բայց սրա կունալը ընդհանրապես չի աշխատում, էդ հաղթանակի զբոսայգու ճաղերի մասին , որ ասաց Վրադանիկը, ճիշտ ասաց, ամոթ է , քաղաքի կենտրոնն է, տեր եղեք, գիտեք, ոնց որ էս Բալասանյանը հատուկ՝ որպես գյումրեցիներին պատիժ է ուղարկված՝անբան մեկն է: Գյումրին հասկանալու համար պետք է գյումրեցի լինել, սիրել քաղաքը:Սա անգամ տուն չունի Գյումրիում, ասել է, ես Երևանն եմ սիրում, բա էլ ինչ: Գիտեք, Վարդանիկին վերաբերվում եմ վերապահումներով, բայց անցայալ օրը ինքը ոչ մի սխալ բան չասեց, ասեց այն, ինչ մենք ուզում էին լսել:ի դեպ, ես ՛՛անաբան՛՛ բառը գործածելիս, հարձակում չեմ գործել, այլ իմ կարծիքն եմ հայտնել.Հուսով եմ, դա հետապնդելի չէ և արգելված չէ :

  3. Արտո Աբրահամյան says:

    Հուսով եմ Առավոտը ոչ ԲՀԿ-ից է, ոչ էլ ՀՀԿ-ից,այլ՝ ժողովրդից է:

  4. Օհան says:

    Հարգելի գյումրեցիներ, ոչ ոք Ձեր վրա քաղաքապետ չի նշանակել։ Դա ձեր ընտրությունն է եղել։ Հետո էլ նուրբ, բայց հստակ տոնով հակադրություն եք ստեղծում՝ Գյումրեցի-Երևանցի։ Դա լավ չէ։

  5. Քաղաքացի says:

    Հարցս ուղղում եմ հեղինակին. էդ ո՞ր օրվանից Համլետ Մուսինյանը դարձավ լրագրող-վերլուծաբան: Հլը մի հատ ցույց տվեք իրա լրագրողական կամ վերլուծական հոդվածներից մեկը, կարդանք: Ամոթ է, փողոցից ում բռնում, հարց եք տալիս, ներկայացբում եք կամ վերլուծաբան, կամ փորձագետ:

    • Աննա says:

      Իմ լավ Լենինական քաղաք…այս ուր հասար: Իմ համ ու հոտով, կենսախինդ, բարի, պատվախնդիր ժողովուրդ…Եկ ու մի հիշի Ջիվանու խոսքերը, որ ասպարեզը համբակներուն են թողած:Ախր, մեր քաղաքն ուր, Վարդանիկն ու Բալասանյանը ուր: Հիմա էլ եկել իրար են “գովաբանում”: Խելքի աշեցեք:

    • Համլետ Մոսինյան says:

      Քաղաքացի եղբայր, Համլետ Մոսինյանը 1974-ից է լրագրող: Որ աշխատածս թերթերի ու գրածս վերլուծական հոդվածների անունները նշեմ` շատ տեղ կզբաղեցնի: Ասեմ միայն, որ աշխատել եմ թերթի Լենինականի, ժաժքից հետո էլ Լոռու սեփ. թղթակից, եղել եմ Արմենպրեսի, թերթի սեփ. թղթակից, շրջանային ու քաղաքային թերթերի մասին էլ չգրեմ: Հասցեդ որ իմանամ` կուղարկեմ նաև քո ուզած հոդվածների պատճեները:

    • Համլետ Մոսինյան says:

      Քաղաքացի եղբայր, պատասխանս մի քիչ ներքև ընկավ: Էդ ոչինչ, կկարդաս: Բայց չակերտներում գրածս թերթերի անուններն են ջնջվել. պիտի լիներ Խորհրդային Հայաստան, Հայքը, Հայաստանի Հանրապետություն:Գրեցի առանց չակերտների, որ չջնջվեն:

  6. Հովհաննես says:

    Նախ ասեմ, որ Համլետը կարդացած լուրջ տղա է, հետո էլ այ աղջիկ ջան, հասկանալի է, որ դու շեֆիցտ ,,պլեջ,, էս արել գյումրեցու բառբառով խոսել ու գյումրին ձեզանով անելը, ամբողջ քաղաքի անունից խոսելը, կարծես Վարդանիկի հոր բոստաններն է եղել Գյումրին: Ձեր ամենաթողությունը տեսեք ուր է հասել, նույնիսկ մի քանի ազնիվ բառ ասողին կենոր եք համարում, այն դեպքում, որ դու, քո շեֆը և իրա բաշիբոզուկներից հավաքած շրջապատն է իրենց պահել քաղաքում կենորների, ավելին զավթիչների նման: Ամեն տեղ քննադատում եք ներկա քաղաքապետին ու ձեր հակառակորդներին, կպցնելով գործ տվող պիտակը, բայց հլը մի հատ ձեր գրածն ու ծեֆիտ ելույթները լսիր, նրա արած գործերը տես, ,, ձեզանից մեծ գործ տվող չկա: Նույնիսկ որքան ոստիկան, դատավոր ու դատախազ կա շեֆտ քաղաքի կենտրոնը նրանց նվիրեց: Մի խոսքով դուք իսկական ,,մատերիալ,, գրողներ եք:

    • HAYK says:

      Հովհաննես ջան սրանք ինչ գյումրեցի, տափթփուկներ են, չեն տեսել պատից կախ, տեսել են ճակատից կախ, սրանց նմանների պատճառով Գյումրին դատարկվեց իսկական գյումրեցիներից ու լենինականցիներից

      • HAYK says:

        ինչ մատերիալ, սրանց պտի հրապարակի մեջտեղում հավաքել ու վարդանիկի պապայի արձանի հետ մեկտեղ վառել, վերացնել քաղաքի երեսից

  7. Արմեն says:

    Չի կարելի էրեվնցի – գյումրեցի խաղալ: Ամեն հայ մարդն էլ թանկ է, հավասարապես: Իսկ ես, երևանցի լինելով, համաձայն եմ, որ Գյումրին դառնա մայրաքաղաք. համ ուժեղ ու արագ կզարգանա, թե Գյումրին, թե Շիրակի Մարզը, համ հայաստանի շերեփուկ լինելու հարցը կլուծվի, համ Երևանը կթեթևանա, կդառնա ավելի շատ մշակույթի, արվեստների մայրաքաղաք, համ մեր կեղտոտ չինովնիկները գյումրեցի քաջ կանանց սեվեռուն ուշադրության տակ կընկնեն, օր ու արեվ չեն ունենա ու ստիպված լավ կաշխատեն: Մի խոսքով, բոլորի համար լավ կլինի 🙂

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031