Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Google-ի նորություններից մինչև փոփոխված Facebook

Մարտ 17,2013 16:04

 

Սանդար Պիչայը, որը ներկայումս շարունակում է աշխատանքը Cհrome դիտարկիչի վրա, Google ընկերության կողմից նշանակվել է Android օպերացիոն համակարգի մշակման թիմի ղեկավար, այս մասին հայտնել է կորպորացիայի ղեկավար Լարի Փեյջը, – փոխանցում է ITAR_TASS-ը:

«Սանդար Պիչայը կգլխավորի Android-ի թիմը՝ շարունակելով աշխատանքը մեր առանցքային արտադրանքների վրա, ներառյալ Chrome-ը ու այլ հավելվածներ», – գրել է Փեյջը:

Google-ի ավագ փոխնախագահ Ջեֆ Հուբերն էլ լքում է պաշտոնը, այս մասին հայտնել է Reuters ընկերությունը՝ հղում տալով Google-ի ներկայացուցիչներին:

Ըստ տեղեկությունների՝ Հուբերը տեղափոխվում է Google X բաժին, որտեղ կաշխատի այնպիսի արտադրանքների մշակմամբ, ինչպիսիք են՝ առանց վարորդի ինքնակառավարվող ավտոմեքենան, և ակնոցի տեսքով Google Glass համակարգիչը:

Google-ը որոշել է նաև իր խանութից հեռացնել գովազդն արգելափակող հավելվածներն ու ծրագրային հավելումները (փոքր ծրագրեր, որոնք թույլ են տալիս գործառույթներ ավելացնել դիտարկիչին): Արգելքի տակ են հայտնվել Firefox-ի համար Adblock Plus ծրագրային հավելումն ու տասնյակ այլ տեխնոլոգիական արտադրանքներ, այս մասին հայտնել է Vesti-ն: Ինտերնետ հսկան համարում է, որ նման ծրագրերը խախտում են բաշխման մասին համաձայնագիրը՝ օգտատիրոջը թույլ տալով չնայել ինտերնետ էջերի գովազդը:

Իսկ ահա Facebook-ը փոխում է Timeline-ի դիզայնը: Սոցիալական ցանցը գործարկում է «ժամանակացույց» (Timeline) օգտատիրական էջի թարմացված դիզայն և գործառույթներ՝ շեշտը դնելով օգտատիրոջ հետաքրքրությունների վրա (սիրելի երաժշտություն, ֆիլմ, գիրք…), այս մասին ասվել է Facebook-ի հաղորդագրությունում:

Նորություն չէ, որ հենց ամենամարդաշատ սոցիալական ցանցի՝ Facebook-ի, միջոցով կարելի է իմանալ ամեն ինչ տվյալ օգտատիրոջ մասին: «Եթե նույնիսկ ոչ մի քոմենթ չգրեք, նյութ ու նկար չտեղադրեք Ֆեյսբուքում, միեւնույն է ցանկության դեպքում հնարավոր է պատկերացում կազմել ձեր քաղաքական հայացքների, հավատքի, նախասիրությունների եւ նույնիսկ սեքսուալության մասին… Ինչպե՞ս… Լայքերով, – այս մասին գրել է Արմեն Դուլյանը, – Քեմբրիջի մասնագետները ուսումնասիրել են մոտ 60 հազար օգտատերերի լայքերը՝ առանց իմանալու օգտատերերի ինքնությունը, եւ գրեթե 90 տոկոս ճշգրտությամբ կռահել, թե նրանք ինչ սեռի, ռասսայի, կրոնի են, ինչ քաղաքական հայացքներ, նախասիրություններ ունեն եւ որքանով են սեքսուալ… Այնպես որ մի խորհուրդ՝ քանի որ միեւնույն է ձեր մասին գրեթե ամեն ինչ կարելի է իմանալ միայն ձեր դրած լայքերով, անկեղծ եղեք ու հանգիստ գրեք ամեն ինչ, ինչ որ մտածում եք… Գիտե՞ք՝ ինչու եմ ասում՝ ախր մեր հայաստանյան համապատասխան մարմինների աշխատակիցները, որոնք հետաքրքրվում են ձեզանով, կներեք էլի՝ այնուամենայնիվ Քեմբրիջի մասնագետներ չեն… Ու կարող են շփոթել՝ ասենք դուք Վարդան Սեդրակյանի կողմնակիցն եք, իսկ իրենց հաշվումներով դուրս գա, որ Պարույր Հայրիկյանին եք սիրում… Ձեր ինչի՞ն է պետք, ավելի լավ է ազատ ու անկեղծ գրեք Ֆեյսբուքում, որ սատարում եք Սերժ Սարգսյանին… Ու իրենք ձեզանից միանգամից ձեռք կքաշեն, էլ ձեր լայքերը ուսումնասիրելու վրա ժամանակ չեն կորցնի ու կզբաղվեն րաֆֆիականներով…»:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031