Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու նախկին մարզպետը՝ իր «ներողության» եւ սխալների մասին

Մարտ 16,2013 22:11

Ըստ նրա, պետականության հիմքերը հռչակելիս արհամարհվել է բարոյականությունը, ինչը սարսափելի սխալ էր:

«Ես անձնապես չէի ցանկանա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարի այս ձեւն ընտրեր եւ հացադուլ աներ: Բայց այն կարծես թե հետաքրքիր արդյունքներ է տալիս: Մարդիկ հետաքրքրված են, զգացվում է, որ անտարբեր չեն»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Իջեւանում Րաֆֆի Հովհաննիսյանի բարեւարշավի ժամանակ նա ներողություն խնդրեց իր սխալների համար եւ կանգնեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:  Պարոն Խաչատրյանի խոսքերով՝ «Իջեւանն իմ հայրենիքն է, եւ իմ հայրենիքում ես պարտավոր էի ասել, որ սխալվել եմ, որովհետեւ այնտեղ իմ ծնողներն են թաղված, այնտեղ ես ծնվել ու դաստիարակվել եմ: Այո,  պետք է ընդունել, որ սխալվել ես: Խնդիրը ներողություն խնդրելը չի, ես չեմ ուզում դա ձեւական բնույթ կրի»:

Նա համոզված է, որ այս իշխանությունն ունակ չէ արմատական բարեփոխումներ իրականացնել. «Սերժ Սարգսյանի թիմն էլ չէր սպասում, որ այդպես խայտառակ տապալվելու է նա: Իշխանությունից այսպես կառչելը կխորացնի պրոբլեմները: Այն ձեւը, որ Րաֆֆին է ընտրել, կարծում եմ ճիշտ ձեւ է: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմանը, իսկ զարմացողներ կա՞ն ՍԴ-ի որոշումից, հետաքրքիր է: Բացարձակ անակնկալ չէր: Գիտեք, ես կարծում եմ, որ այն բոլոր քայլերը, որոնք գործող օրենսդրությունը ենթադրում է, պետք է իրականացնել: Չխորշել դրանցից՝ անկախ արդյունքից: Որովհետեւ մեկ անգամ եւս դա ցույց է տալիս, որ իշխանական համակարգը ճգնաժամի մեջ է: Խնդիրն այն չի, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել: Բոլորը համոզված են դրանում, անգամ նրանք, ովքեր իրեն պաշտպանում են: Բայց Սերժ Սարգսյանի տապալվելն ընտրություններում արդյունք է իշխանական համակարգի կատարյալ այլասերման: Որովհետեւ այն համակարգը, որ Հայաստանում առաջին  օրվանից ներդրվեց, կոպիտ վրիպումներ եղան, որոնք գնալով խորացան ու զարգացան:

Կարող եմ օրինակի համար ասել, որ 90-ականներին, երբ մենք մտածում էինք մեր նոր պետականության մասին, աչքի առաջ ունեինք արեւմտյան համակարգերը: Իշխանական տարանջատում, սեփականության բազմաձեւ, դատական իշխանություն: Մի շատ կարեւոր պայման այդ զարգացած հասարակությունների արհամարհվեց, անտեսվեց: Ես կարծում եմ, դա գիտելիքների պակասի արդյունք էր: Այդ զարգացած համակարգերի հիմքում դրված էր քրիստոնեական էթիկայի սկզբունքները, բարոյականության սկզբունքները: Այդ սկզբունքները չհռչակվեցին, որ գողանալը լավ բան չի, թալանելը լավ բան չի: Ես կարծում եմ, որ նոր պետականության հիմքերը հռչակելուց արհամարհվեց բարոյականությունը: Սա սարսափելի սխալ էր, որը գնալով իր արդյունքները տվեց: Հիմա մենք գործ ունենք բարոյազուրկ իշխանության հետ»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, ուզում եք ասել՝ թալանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակների՞ց է եկել՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Չէի ցանկանա անուններ տալ: Որովհետեւ կներեք, էլի, էնպես չի, որ ինչ-որ մեկը հիմնավորում էր էդ արժեքները, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ չէ, կարեւոր չի: Դա խորհրդային համակարգի դրոշմն էր, որտեղ ընդունված էր եւ այսպիսի հասկացողություն կար՝ կողմնակի եկամուտ, այսինքն՝ գողացված: Եթե մարդը կողմնակի եկամուտ չուներ, համարվում էր անլուրջ մարդ: Այսինքն, արմատները շատ խորն են, ե՛ւ արժեքների առումով եւ հասարակության: Ես հիմա ինչով  եմ ոգեւորված՝ որպես մարդ: Որովհետեւ հասարակության տիրապետող վարքագիծը հպատակային վարքագիծն է՝ ընտանիքից էն կողմ ոչ մի սրբություն չկա, իսկ ընտանիքի համար ամեն ինչ կարելի է անել: Դա հպատակ ազգին բնորոշ է եւ հայերս այդպիսին ենք: Նոր սերնդի մոտ ես տեսնում եմ, որ մեր երեխաները չեն ուզում որպես հպատակ ապրեն, ուզում են ազատ ապրել: Իսկ ազատ է այն մարդը,  որը չի ուզում գողանալ, չի ուզում տգետ լինել, անկիրթ լինել: Ազատությունը դա նախեւառաջ պատասխանատվություն է, իսկ պատասխանատու կարող է լինել կիրթ մարդը»:

Մեր հարցին՝ Ձեր  կարծիքով Սերժ Սարգսյանը կգա՞ Ազատության հրապարակ՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Եթե Սերժ Սարգսյանն իր մեջ գտնի խոհեմություն, անպայման կգա հրապարակ: Եթե չի ուզում իր պարտությունն ընդունի, կհայտարարի երկրորդ փուլ, որտեղ արժանապատվորեն կպարտվի, որովհետեւ պարզ է, որ երկրորդ փուլում նա ձայն չի հավաքի, բայց ոչինչ, նա կդառնա նոր Հայաստանի հիմնադիրներից  մեկը: Իսկ եթե նրանք կառչելու են իշխանությունից, որոշել են ապահոված Հայաստան հիմնել, եթե նրանք ուզում են ապահոված Հայաստան ստեղծել այնպես, ինչպես իրենք են ապահովվել, դա վտանգ է Հայաստանի համար: Հերիք է գործի օրենքը, նորմալ օրենքները, ապահովվածությունից  ոչ թե ոչինչ չի մնա, կմնա, նրանք կվճարեն պետությանը բոլոր պարտավորվածությունները, հարկերը եւ նորմալ կպահեն իրենց ունեցվածքը: Իսկ այն բոլոր պաշտոնյաները, որոնք  կոռուպցիոն հերոսներ են, նրանք  Վիկտոր Դալլաքյանի ասած՝ համապատասխան տեղերում կհայտնվեն: Նա սիրում էր չէ՞ մի ժամանակ ասել, թե ով որտեղ պիտի լինի: Սա անխուսափելի է, եւ Սերժ Սարգսյանը իր քայլով շատերին հնարավորություն կտա դաժան գնահատականներից ձերբազատվել եւ նորմալ իրենց սխալներն ուղղել: Այ սա կլինի խոհեմ քայլ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031