Թափառող կենդանիների գիշերային սպանությունները խնդրի արդյունավետ լուծում չեն:
Այս տարվա հունվարից մինչեւ մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի տարածքում վնասազերծվել է 495 թափառող շուն:
Ինչպես Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Իշխանյանը, թեեւ ամեն օր աշխատանքներ են տարվում նրանց վերացման համար, այնուհանդերձ, Վանաձորում թափառող շների թիվը չի պակասում:
Կարդացեք նաև
«Վնասազերծումը`կրակոցով սպանելը, կատարվում է գիշերով: Բայց խնդիրն այն է, որ ցերեկային ժամերին շները ավելի շատ են, իսկ գիշերը նրանք թաքնվում են: Ըստ այդմ` բնակիչների բողոքը հաստատ չի վերջանա, որովհետւ այն տեղը, որտեղ նրանք մատնացույց են անում ցերեկը,գիշերը որսորդը շատ հաճախ շուն չի հայտնաբերում» ,-ասում է Անահիտ Իշխանյանը`մասնավորեցնելով, որ եղել են դեպքեր, երբ ցերեկվա ահազանգին ընդառաջ` որսորդը գիշերով գնացել է, բայց շանը չի գտել մատնացույց արված վայրում:
Խոսելով բնակչների բողոքների մասին` գլխավոր մասնագետը նկատում է, որ թափառող շները հիմնականում մարդկանց վրա հարձակվում են ցերեկային ժամերին` առավոտյան դպրոց գնացող երեխաների վրա, վերջերս էլ շները կույր մարդու էին կծել:
Թափառող կենդանիներից Վանաձորը փոքրիշատե ազատելու այլ` մասնավորապես ցերեակային (ցանցերի կիրառում, ամլացում եւ այլն) եղանակները համապատասխան ֆինանսավորման բացացակայության պայմաններում ապագայի քննարկման առարկա են:
«Մենք եւս ընդունում ենք, որ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է նաեւ կիրառել այլ մեթոդներ` ցանցի մեթոդով, տնային կենդանիներ խնամելու վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրում եւ տեղայնացում, թափառող կենդանիների վերացման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրում եւ այլն, սակայն, մեր նպատակը որքանով կհամապատասխանի մեր ցանկությանը եւ ունեցած հնարավորությանը, դա արդեն ուրիշ խնդիր է, որն ավելի բարձր մարմինները պետք է կարողանան լուծել»,-եզրափակում է Անահիտ Իշխանյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ