Խոսելով Երեւան-Վան օդայաին կապ հաստատելու որոշման մասին, Ադրբեջանի նախագահի վարչակազմի պաշտոնյաներից Գուդրաթ Հասանգուլիեւն ասել է, թե այսպիսով Թուրքիայի ղեկավարությունն անտեսում է Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունները։
Նրա խոսքերով, եթե Թուրքիան չի հաստատում դիվանագիտական կապեր Հայաստանի հետ, սակայն կապեր է հաստատում Վրաստանի միջոցով ու թույլ է տալիս հայերին աշխատել Թուրքիայում, ՝՝փակ սահմանները պարզապես վերածվում են ձեւականության՛՛։
Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ֆազիլ Մուսթաֆան ասել է, թե օդային կապ հաստատելով Երեւանի ու Վանի միջեւ, ՝՝Թուրքիան քայլ է իրականացնում միջազգային ասպարեզում իր իմիջը պաշտպանելու համար ու այլ մշակույթների նկատմամբ իր բնական վերաբերմունքը ցույց տալու նպատակով՛՛։ Նրա խոսքերով, դեպի Վան իրականացվելիք թռիչքներն առնչվում են Վանում պատմական հուշարձանների առկայության հետ, ինչի պատճառով զգացվում է հայերին այս հուշարձաններն այցելելու հարցում ճնշում միջազգային համայնքի կողմից։
Պատգամավորն ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է նաեւ, որ քանի դեռ Թուրքիան չի փոխել Հայաստանի նկատմամբ այս քաղաքականությունը, կարող են խաթարվել Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները։ ՝՝Մենք խանդով ենք վերաբերվում զավթիչ ռեժիմի եւ Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի հետ որեւէ կապ հաստատելուն, հատկապես, երբ այդ կապը հաստատում է մեր բարեկամ երկրներից որեւէ մեկը՛՛, ասել է նա ու ավելացրել, ՝՝Հայաստանի հետ որեւէ կապ հաստատելու հանգամանքը մենք համարում ենք ագրեսոր վարչակարգի ու նրա պաշտպանյալ կարգերի դիրքերն ամրապնդելու միտում՛՛։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Երեւան-Վան թռիչքները սկսվելու են ապրիլի 3-ից։
«Ամերիկայի Ձայն»