Լրահոս
Օրվա լրահոսը

«Կհասկանայի, որ չկա ոչ սիրող ընկեր, ոչ ընկերուհի». Ի՞նչ անել, երբ ընկերդ ու ընկերուհիդ «դավեր են նյութում»:

Մարտ 16,2013 18:20

«Եթե նա իսկապես սիրի ինձ, չի նայի ուրիշ աղջիկներին՝ մանավանդ ընկերուհուս»,- ասում է  25-ամյա Նարինեն: Հավելում է՝ մի փոքր խանդի դեպքում կլքի ընկերոջը. «Ինձ պետք չէ այնպիսի տղա, ում միշտ վերահսկողության տակ պիտի պահեմ»:

Սեր, խանդ, դավաճանություն և դրանց հետևանքները…

«Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե  ինչ կանեին կանայք և աղջիկները, եթե խանդեին իրենց ընկերոջը իրենց ամենամոտ ընկերուհու նկատմամբ: Պատասխանների պատկերը հետևյալն է.

  1. Կճշտեի՝ արդյո՞ք նա որևէ զգացմունք ունի ընկերուհուս նկատմամբ. կասկածելը դեռ շատ քիչ է:

 

  1. կստուգեի թե ընկերոջս, և թե ընկերուհուս հավատարմությունը: Եթե դավաճանության փորձ նկատեի որևէ մեկի կողմից, անմիջապես հրաժեշտ կտայի նրան:

3.տղամարդուն կարելի է խանդել բոլոր աղջիկների նկատմամբ, սակայն պետք է հաստատ իմանալ, արդյոք դա քմահաճույք է, թե անկեղծ զգացում:

Կան այլ պատասխաններ ևս, որոնք մեծամասնություն չեն կազմում: Օրինակ՝ շատերը կլքեին և’ իրենց ընկերոջը, և’ ընկերուհուն, ոմանք միայն վերջիններիս համար փեսացու գտնելով կտարվեին, որպեսզի չխաթարվեր իրենց ներդաշնակությունը:  20-ամյա Աշխենը ասում է. «Ես պարզապես այնպես կանեի, որ նա առհասարակ չհանդիպեր  փեսացուիս: Իսկ վերջինիս մոտ ընկերուհուս մասին վատ բաներ կպատմեի, այնպես որ նա գլխի չընկներ, թե ինչպես է կամաց-կամաց հիասթափվում»: Իսկ 18-ամյա Լիանայի խոսքով՝ ամենից շատ նա գնահատում է անկեղծությունն ու մտերմությունը. «Ես չէի թաքցնի իմ խանդը, երկուսի հետ էլ առանձին կխոսեի: Ժամանակ կտայի, որ ընկերս հեռու մնար նրանից, իսկ եթե երկուսն էլ անտարբեր չեն իրար նկատմամբ, բարի բախտ կմաղթեի նրանց»,-ասում է նա:

Հետաքրքիր է՝ մեր հարցին, թե արդյոք կներեին իրենց ընկերոջը այն դեպքում, երբ կասկածները փարատվեին, որ տղամարդն իսկապես տարված է իր սիրեցյալի ընկերուհիով, քայլեր է կատարել նրա նկատմամբ, սակայն հետո զղջացել է, աղջիկների մեծամասնությունը պատասխանեց «այո», իսկ եթե նույն քայլը կատարեր իրենց ընկերուհին՝ տվեցին «ոչ» պատասխանը: Սակայն տվյալ դեպքում շատերը մի լավ դաս կտային իրենց ընկերուհիներին. «Կստիպեի, որ նա թանկ վճարեր ինձ դավաճանելու համար: Եթե ճանկեր ընկերոջս, գլխին որևէ խաղ կխաղայի, որ նախկին ընկերս իմանար, որ նա բացի ինձնից, նրան էլ է դավաճանում»,-ասում է  21-ամյա Ռոզան: Իսկ 24-ամյա Արմինեն հավաստիացնում է՝ ոչինչ էլ չէր անի. «Կհասկանայի, որ չկա ոչ սիրող ընկեր, ոչ ընկերուհի, իսկ մեղավորը կլինեի ես, որ դա չէի նկատել, ոչինչ չէի անի, պարզապես հեռու կքաշվեի՝ արդեն իսկ փնտրելով և տեսնելով իրականությունը»,-ասում է նա:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031