Այս շաբաթ վերջապես հաստատվեց Սիրուշոյի ու «Դորիանս» խմբի համերգի մասին տարածված լուրերի իսկությունը: «Առավոտյան տեղի ունեցավ մամլո ասուլիս: Երկրպագուներիս վաղուց էի խոստացել ելույթ Հայաստանում: Ապրիլի 6-ին նոր համերգ կունենանք Մարզահամերգային համալիրում՝ «Դորիանս» խմբի հետ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին:
Երգիչ Սուրեն Առուստամյանն էլ Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Էրիկ Քլեփթոնի հայտարարած մրցույթում հաղթելու մասին. «Վերջապես պարզ դարձան մրցույթի արդյունքները: Քվեարկությամբ մենք հաղթեցինք: Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են», – գրել է նա: Ի դեպ, հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Սուրենն ասել էր, որ իր երազանքներից մեկը Էրիկ Քլեփթոնի հետ նույն բեմում ելույթ ունենալն է. փաստորեն երազանքներն իսկապես կատարվում են:
Ինգա և Անուշ Արշակյաններն էլ հեղինակային աշխատանքների մրցույթ են անցկացնում: Նրանց ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրված է. «…Եվ այսպես, հայտարարում ենք ձեռքի աշխատանքների ստեղծագործական մրցույթ. դիմանկարներ, գրաֆիկական պատկերազարդումներ, տիկնիկներ, ձեռագործ, «hand made» նմուշներ ցանկացած այլ նյութերից եւ նկարներ: Աշխատանքները պետք է հեղինակային լինեն, ընտրված կերպարներն ու պատկերները ինչ-որ կերպ կապ ունենան մեր գործունեության հետ»:
Վաղուց արդեն նորություն չէ, որ երգիչները հաճախ են «հոգնում» իրենց աշխատանքից ու փոխում այն: Հիմա էլ Նարեկ Բավեյանն է որոշել երգելուց բացի, զբաղվել նաև հաղորդավարի գործունեությամբ: Bravo.am-ին նա տեղեկացրել է, որ առաջարկ է ստացել հեռուստածրագիր վարել եւ համաձայնել է. «Երաժշտական հիթ շքերթ է, որը շուտով եթերում կլինի»: Երգիչը նաեւ հայտնել է, որ այս ամսվա վերջին երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Չփոխվես» երգի հիման վրա: Երգը գրել է Մարտին Միրզոյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Սերժ Գաբյանը:
Շաբաթվա պրեմիերաները՝ Անահիտ Շահբազյան «Վերջինն է ծիծաղում», Մարի «Little romance»:
Տիգրանուհի Թասլակյան