Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողներին ուղարկում են գրադարան` օնլայն ռեժիմով տեղեկատվություն փոխանցելու»

Մարտ 16,2013 16:03

Ի՞նչ է տեղի ունեցել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումների ընթացքում  և ո՞ւմ իրավունքներն են ոտնահարվել Բնապահպանության նախարարության կողմից: Ներկայացնում են ոլորտի մասնագետները և լրագրողը:

«Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները սկսվել են երկու պետական արգելավայրերի `«Իջևանի» և «Արջատխլենու» տարածքում:

Ըստ ծրագրի, եթե պետք է հատեն 141 ծառ, և եթե անտառով ճանապարհ  պետք է բացվի 5 մ լայնությամբ և 2 կմ երկարությամբ, ապա պատկերացրեք, թե որքան մակերեսի մասին է խոսքը: Մինչև երեկ հայտարարում էին, որ Գետահովիտ համայնքի բնակիչների 99%-ը դեմ է  արտահայտվել ՀԷԿ-ի կառուցմանը, իսկ երեկ հայտարարությամբ հանդես եկան, թե բնակիչները կողմ են, իսկ կողմ ու դեմը մենք հասկանում ենք, թե ոնց են առաջանում»,-այս մասին այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում ասաց աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը:
Գալստյանը հայտարարեց, որ եթե նման կերպով պետք է ընթանան գործողությունները Հայաստանում, ապա ընդհանրապես լսումներ չանեն, գյուղացիներին միմյանց դեմ չտրամադրեն:

Իրավաբան Մերի Խաչատրյանի փոխանցմամբ 1995թվականից հետո Հայաստանի կառավարությունը հանրային լսումներ անցկացնելու արարողակարգը չի ընդունել.  «Ես որպես իրավաբան բախվում եմ հենց այս խնդրի հետ: Չկա արարողակարգը, չկա որտեղ է անցկացվելու` բաց, թե փակ շինությունում»: Իրավաբանն անդրադառնալով 12.1 կետին, թե ինչպես են ընտրում  ՀԿ-ներին ներկա գտնվելու համար, ասաց. «ՀԿ-ները կարող են դիմումներ ներկայացնել  ՀՀ կառավարության աշխատակազմ մրցույթային հանձնաժողովների կազմում ընդգրկվելու նպատակով~ ՀՀ կառավարության  աշխատակազմը, ՀԿ-ների  դիմումների հիման վրա, ձևավորում է տվյալների շտեմարան, որից յուրաքանչյուր մրցույթի դեպքում  համակարգչային ծրագրով պատահական ընտրության  սկզբունքով մրցույթային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով ընտրվում  է մեկ ՀԿ:  Հիմա հարց ուղիղ Բնապահպանության նախարարին: Ապահովե՞լ եք կառավարության 224 որոշման, 12 և 12.1 կետի պահանջները: Ընտրե՞լ եք շտեմարանի այդ մեկ անձին: Բնապահպանության նախարարությունը ոչ միայն իր հրամանն է խախտել, չապահովելով` ընտրության թափանցիկությունը, այլև Կառավարության որոշումը»,-ընդգծեց իրավաբանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զառաֆյանը նշեց, որ հայտարարության մեջ հստակ նշված է եղել հասարարական լսումներ.«Եթե հասարակակն լսումներ է, ապա բարի եղեք այն կազմակերպել այնտեղ, որտեղ հասարակությունը կարողանա մուտք գործել: Բնապահպանության նախարարությունը խախտել է մամուլի եւ հասարակայնության՝ էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը: Բնապահպանության նախարարությունը Կառավարության 3-րդ մասնաշենքում կազմակերպեց «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները հատուկ ռեժիմով, որտեղ կարելի էր մուտք գործել միայն անցագրով կամ հատուկ թույլտվությամբ:Այս դեպքում ինչու՞ եք անվանում հասարակական, եթե պետք է անեք այդ շինությունում»:

Տիկին Զառաֆյանը նշեց, որ իրենք բաց նամակով դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

Լրագրող Թեհմինե Ենոքյանը խոսելով` երեկ կատարված միջադեպի մասին, ասաց որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումներին մասնակցելու ժամանած լրագրողները չկարողացան մտնել Բնապահպանության նախարարություն, քանի որ նրանց թույլ չեն տվել: Նա բարձրաձայնեց ոչ միայն այս դեպքի, այլև «Խոսրովի արգելոցի» տնօրենի մրցույթին իրեն խոչընդոտելուն` ներկա գտնվելու և իր լրագրողական աշխատանքը կատարելու համար. «Այս երկու դեպքում էլ  նույն ձեռագիրն է: Լրագրողներին ուղարկում են գրադարան` օնլայն ռեժիմով տեղեկատվություն փոխանցելու, իսկ օպերատորներին տրված էր ընդամենը 3 րոպե ժամանակ ներսում նկարահանումներ իրականացնելու համար: Արդյունքում ստացվում է այնպես, որ լրագրողն իր աչքով  չի կարող ֆիքսել այն ամենը, ինչ տեղի է ունենում փակ դռներից այն կողմ»: Թեհմինեն խոսելով` Խոսքի ազատության իրավաբանական կենտրոնի  ներկայացուցիչների հետ, հանգել է այն եզրակացությանը, որ եթե նման խոչընդոտներ են առաջանում լրագրողների մոտ, ապա  Բնապահպանության նախարարությունը  պարտավոր է պատշաճ կերպով հիմնավորումներ ներկայացնել, թե ինչով է պայմանավորված լրագրողի տվյալ տարածքում չգտնվելու փաստը: «Խոսրովի արգելցի» տնօրենի  ընտրության անցկացման ժամանակ որևէ մեկը չկարողացավ ֆիքսել, թե ինչ տեղի ունեցավ ներսում: Ինչպես ընտրվեցին թեկնածուները, ինչպես անցան քննությունը, և արդյունքում ունեցանք ոչ թափանցիկ վիճակ»,-ասաց Ենոքյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031