Սիրիահայ երեխաների համար Երևանում ժամանակավորապես բացված Կիլիկյան վարժարանի մասին լրատվամիջոցներից մեկը վերջերս տեսանյութ էր պատրաստել, որից ակնհայտ երևում էր, որ նրանց առաջնային նպատակը ոչ թե դպրոցում սովորող սիրիահայ աշակերտների առօրյան, նրան ուսումնառությունն ու ինչու չէ, նաև դպրոցում առկա խնդիրները լուսաբանել էր, այլ ինչ- որ լարում, սկանդալ պրպտելը:
Տեղեկացնենք, որ դպրոցը բացվել է Հայաստասնի հանրապետությունում գտնվող սիրիահայերի ցանկությամբ, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության հովանավորությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ: Դպրոցում սովորում է ավելի քան 300 աշակերտ՝ 1-ից 9-րդ դասարաններում: Դպոցում ուսուցանումը կատարվում է սիրիական ծրագրով ՝ ՀՀ ԿԳ նախարարության իմացությամբ և թույլտվությամբ, Սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի անմիջական վերահսկողությամբ:
Վերոհիշյալ տեսանութում նշվում է, որ վարժարանում աշակերտները դասը սկսում են սիրիական քայլերգով, մինչդեռ իրականում սկսում են տերունական աղոթքով ՝ ինչպես մինչ այդ ընդունված էր անել Սիրիայի հայկական դպրոցներում:
Ինչ վերաբերում է վարժարանում հայոց պատմություն չդասավանդելուն ՝ տեղեկացնենք ևս մեկ անգամ. Երևանի Կիլիկյան վարժարանում ներդրված է Սիրիայում հայկական դպրոցների համար ստեղծված ծրագիրը, որում ներառված չէ առանձին դասաժամով հայոց պատմության դասավանդում, մինչդեռ Սիրիայի, հատկապես Հալեպի հայկական դպրոցներում տասնամյակներ շարունակ կրոնի և հայոց լեզվի դասաժամերին հայոց պատմություն մատուցվել է աշակերտներին, այնպես, որ սիրիահայ երեխաները շատ ավելի լավ գիտեն, թե Վարդան Մամիկոնյանի, թե այլ հերոսների արձանները, քան գուցե շատ հայաստանաբնակ հայեր: Ինչ վերաբերում է տեսանյութում հնչեցված մեղադրանքներին, թե այս դպրոցի աշակերտները միայն սիրական տոներն են նշում՝ հակադարձենք. անգամ Սիրիայի դպրոցներում նշվել են հայկական տոներն ու անգամ այդ ընթացքում արձակուրդներ են եղել:
Նման նյութեր, տեսանյութեր, հոդվածներ պատրաստող լրագրողների կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությունում ու ոչ միայն այնտեղ բնակվող սիրիահայերի մասին տեղեկատվություն հաղորդելիս կամ որևէ նյութ պատրաստելիս լինել առավել զգուշավոր և կոռեկտ ու ընթերցողների թիվ ավելացնելու, ինչ-որ արհեստական աղմուկ բարձրացնելու նպատակով չփորձել սևացնել Կիլիկյան բարեսիրական միության և դպրոցի տնօրինության բարի համբավը՝ աղմկոտ տեղեկատվություն «հորինելու» տարբերակն ընտրելով:
Երևանի Կիլիկեան բարեսիրական-կրթական հասարակական կազմակերպություն