Դեւիդ Բոուիի երկար սպասված՝ The Next Day ձայնասկավառակը լույս է տեսել մարտի 8-ին: Այն Բոուիի առաջին նոր ձայնասկավառակն է 10 տարվա լռությունից հետո: Նրա նախորդ ալբոմը՝ Reality-ն, լույս էր տեսել 2003-ին: The Next Day-ը երգչի 24-րդ ստուդիական ալբոմն է:
Բոուին ասպարեզից դուրս էր եկել 2004-ին, երբ սրտի կաթվածի պատճառով ստիպված էր եղել ընդհատել ընթացիկ շրջագայությունն ու 14 համերգ չեղյալ հայտարարել: Դրանից հետո շատերը մտածում էին, որ դա կլինի Դեւիդ Բոուիի կարիերայի ավարտը:
Բոուիի նոր ձայնասկավառակի մասին լուրը անսպասելիորեն հայտնի դարձավ նրա ծննդյան 66-րդ տարեդարձին՝ 2013թ. հունվարի 8-ին՝ հսկայական անակնկալ դառնալով Դեւիդ Բոուիի երկրպագուների եւ ուղղակի երաժշտասերների համար ամբողջ աշխարհում: Այդ օրը Բոուիի պաշտոնական կայքում տեղադրվեց Where Are We Now? երգի տեսահոլովակը, որը եւ գալիք ալբոմից առաջին սինգլն էր: Միեւնույն ժամանակ սինգլը նաեւ վաճառքի հանվեց iTunes-ում: Բացի այդ, բոլոր ցանկացողները կարող էին թողարկվելիք ալբոմը գնելու համար նախնական հայտ ներկայացնել: Փետրվարի 26-ին լույս տեսավ ալբոմի երկրորդ սինգլը՝ The Stars (Are Out Tonight)-ը, որի տեսահոլովակը հասանելի էր դարձել դրա նախորդ օրը:
Բոուին ու նրա երկարամյա պրոդյուսեր Թոնի Վիսկոնտին սկսել էին նոր ձայնասկավառակի վրա աշխատել երկու տարի առաջ՝ խիստ գաղտնի պայմաններում: Դեւիդ Բոուիի եւ Թոնի Վիսկոնտիի համագործակցությունը սկսվել էր հեռավոր 1969թ., Բոուիի Space Oddity սկավառակի ձայնագրության ժամանակ: The Next Day-ի ձայնագրման աշխատանքները ոչ մշտական բնույթ էին կրում, եւ Վիսկոնտիի հաշվարկներով՝ ընդհանուր առմամբ մոտավորապես երեք ամիս է պահանջվել նյութը ձայնագրելու համար: Հունվարին Ottawa Citizen-ին տված իր հարցազրույցում Թոնի Վիսկոնտին ասում է. «Մարդիկ կարծում էին, թե նա մահանում է: Մոտ ժամանակներս նա չի պատրաստվում մահանալ, ասեմ ձեզ: Նա չէր կարողանա երկու տարվա աշխատանք արած լիներ, եթե հիվանդ մարդ լիներ: Նա շատ առողջ է, նա շատ լավ մարզավիճակում է: Նա ընդամենը սրտի վիրահատություն է ունեցել: Նա արդեն վաղուց դրանից ապաքինվել է»:
Նույն հարցազրույցում Վիսկոնտին նաեւ պատմում է, թե ինչպիսի անակնկալ էր նրա համար 2010-ի նոյեմբերին Բոուիից նոր ձայնասկավառակի վրա աշխատելու հրավեր ստանալը, քանի որ, նրա կարծիքով, իր ընկերն այլեւս նոր երգեր չէր գրում: Պրոդյուսերն այդ ժամանակ Լոնդոնում էր, որտեղ նա աշխատում էր Kaiser Chiefs-ի ալբոմի վրա, երբ Բոուիից էլեկտրոնային նամակ ստացավ. «Նա ասում էր. «Երբ վերադառնաս, ցանկություն կունենա՞ս ինձ հետ մի քանի դեմոներ անելու»: Դա առաջին անգամն էր Reality-ից հետո, երբ նա ընդհանրապես առաջարկում էր, որ մենք ինչ-որ բան անենք ստուդիայում, այնպես որ, ես բավականին զարմացել էի: Ոչ մի նախաբան, ոչ մի նախազգուշացում: Դա իսկապես տարօրինակ էր»:
Վիսկոնտիի խոսքերով, մի քանի օր անց նա հայտնվեց «փոքր, մրոտ սենյակում»՝ Մանհեթենի 6/8 ստուդիայում, Բոուիի տան մոտ: Նա հիշում է.
«Սթերլինգ Քեմփբելը հարվածայինների առջեւ էր, ես բաս էի նվագում, Դեւիդը դաշնամուրի վրա էր, իսկ Ջերի Լեոնարդը՝ կիթառի: Հինգ օր անց մենք արդեն տասնյակից ավելի երգերի դեմոներ էինք արել: Ուղղակի կառուցվածքները: Ոչ մի խոսքեր, ոչ մի մեղեդիներ, ոչ մի աշխատանքային անվանումներ: Նրա հետ ամեն ինչ միշտ այդպես է սկսվում: Հետո նա դրանք տարավ տուն, եւ մենք նրանից որեւէ լուր չունեինք չորս ամիս: Նա ուզում էր լսել եւ համոզվել, որ ճիշտ ուղու վրա է»:
Նոր ձայնասկավառակի հետ կապված մի այլ անակնկալն այն էր, որ պաշտոնական թողարկման ամսաթվից մի քանի օր առաջ Դեւիդ Բոուին այն հասանելի դարձրեց լսելու համար իր պաշտոնական կայքում:
Մարտի 8-ին լույս տեսնելուց հետո The Next Day-ը առաջին տեղը զբաղեցրեց 12-ից 11 երկրներում, որտեղ այն թողարկվել էր iTunes-ում: Դեւիդ Բոուիի նոր ձայնասկավառակը նաեւ չափազանց դրական գնահատականների է արժանացել երաժշտական քննադատների կողմից:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ