«Առավոտի» հետ զրույցում «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Հովհաննես Մանուկյանը երիտասարդների խնդիրների մասին խոսելիս փաստեց, որ նրանք բուհերն ավարտելուց հետո համապատասխան մասնագիտական աշխատանք մեծ դժվարությամբ են գտնում. «Այդ պատճառով էլ նրանցից մի զգալի հատված ձգտում է հեռանալ Հայաստանից: Սակայն այլ երկրներում էլ հեշտ չէ, եւ ինչ հաջողությունների էլ հասնես, այնուամենայնիվ, դու օտարական ես եւ երբեմն բախվում ես հարցերի, որոնք խորթ են քո ազգային ինքնագիտակցությանը եւ անհատականությանը: Դեպի այլ երկրներ ձգտող երիտասարդների համար հեռվից ամեն ինչ դրախտային է թվում, մինչդեռ իրականում այդպես չէ, «դրսում» տեղ են տալիս իրենց ազգակից մասնագետներին եւ կարիքը չունեն, որ Հայաստանից գնանք ու տեղացիների փոխարեն հեռանկարային աշխատատեղեր զբաղեցնենք»:
Մանուկյանը նշեց, որ երիտասարդների համար անվճար հիմունքներով ոչ ֆորմալ կրթական ծրագիր նախատեսելու դեպքում բազմաթիվ երիտասարդներ ասում են, թե կմասնակցեն, բայց ոչ բոլորն են հաճախում. «Մի մասն էլ կանոնավոր կերպով չեն գալիս դասընթացներին: Այսինքն՝ շատերին պակասում է պատասխանատվության, ճշտապահության զգացումը: Միեւնույն ժամանակ, հինգ տարվա ընթացքում մենք, փորձելով բացահայտել, օգնել առաքինի, նորարարական ոգով օժտված երիտասարդներին, արձանագրեցինք, որ ոմանք պատրաստակամ են նվիրումով ծառայել եւ գործել՝ հավատալով լուսավոր տեսլականին»:
Մեր զրուցակցից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ ծրագրեր է իրականացնում հիմնադրամը՝ երիտասարդների ներգրավվածությունն ապահովելու համար: «Հիմնադրամը մրցութային կարգով տրամադրում է կրթաթոշակներ, ուսման վարձեր, դրամաշնորհներ, ֆինանսավորում է գիտահետազոտական թեմաներ, հրատարակում է մենագրություններ, տեղեկագրեր, գիտական հանդեսներ, կազմակերպում է սեմինար-քննարկումներ, ոչ ֆորմալ դասընթացներ: Ծրագրերի մեջ առանձնանում է երեք ուղղություն: Առաջինը հոգեւոր կրթությունն է, որը կարեւորում է Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը: Երկրորդը երիտասարդների իրազեկված լինելն է՝ սեփական իրավունքների ու պարտականությունների, քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության վերաբերյալ: Իսկ երրորդը՝ կազմում են բիզնես-կրթության ծրագրերը»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ