Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակութային օրգազմ»

Մարտ 16,2013 13:11

 Մեզանում այս արտահայտությունն առաջին անգամ շրջանառության մեջ դրեց երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը

Արեւմտյան մշակութաբանները, իրենց գոհունակությունն արտահայտելով որեւէ միջոցառման կամ ձեռնարկի առիթով, հաճախ օգտագործում են «մշակութային օրգազմ» արտահայտությունը, ինչը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց նաեւ երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը՝ օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հերթական համերգից հետո (լուսանկարում): Մասնագետի խոսքերով՝ իրեն ցնցել է Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիայի կատարումը: Նշենք, որ այն վերջին անգամ Հայաստանում կատարվել է Ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից՝ մեր հայրենակից, Լյուբլյանայի (Սլովենիա) սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ջորջ Փեհլեւանյանի ղեկավարությամբ:

Ռուբեն Տերտերյանի հավաստիացմամբ՝ աշխարհում նույնիսկ անվանի դիրիժորներ պարզապես «մոտ չեն գալիս» այս սիմֆոնիային: Իսկ իր մոտ՝ առաջին հայացքից զարմանք է առաջացել՝ տեղեկանալով Երիտասարդական նվագախմբի երիտասարդ դիրիժորի ռիսկի մասին: «Յուրաքանչյուր պարտիտուրա, եւ հատկապես այս բարդ սիմֆոնիայի, ամեն մի հնչյուն իր դերակատարումն ու իմաստն ունի, ինչը դիրիժորից պահանջում է այդ մեծ աշխարհի (նկատի ունի պարտիտուրը) գերիմացություն,- հայտնեց պարոն Տերտերյանը, հավելելով,- ծանոթ լինելով Երիտասարդականի հայաստանյան եւ արտերկրյա համերգների առիթով մասնագետների հիացական խոսքերին, պետք է խոստովանեմ, որ հենց այս սիմֆոնիայի կատարումից հետո, իմ ընկալմամբ միանգամից մեծացան, հասունացան թե դիրիժորը եւ թե նվագախումբը, այն դեպքում, երբ այս երկը իմ մեջ «դաջված» է հանճարեղ դիրիժոր Մրավինսկու մեկնաբանմամբ: Հիանալի էր նաեւ Սարյանի «Սիմֆոնիկ պատկերների» սմբատյանական «խոսքը»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիան ամբողջ մի փիլիսոփայություն է, ցավի, հոգեկան ընկճվածության պոռթկում, որի պրեմիերան կայացել է 1943թ., արգելված է եղել ութ տարով՝ սկսած 1940-ից: Պարոն Տերտերյանի խոսքերով՝ դա արդյունք է ժամանակի գաղափարախոսությամբ հիվանդ արվեստագետների, որոնց ընկալմամբ, այս երկը չափից ավելի մռայլ է եւ որում լույսի գոնե մի նշույլ չկա:

Ռուբեն Տերտերյանին հիացրել էր նաեւ համերգին Երիտասարդականի ընկերակցությամբ հանդես եկած մոսկվաբնակ մեր հայրենակից, Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի 10-ամյա սան, կլարնետահար Էրիկ Միրզոյանի նվագը: Վերջինս հանդես եկավ Բախ-Գունոյի «Ավե Մարիայով» եւ Տանեեւի «Կանցոնայով»՝ կլարնետի եւ նվագախմբի համար գրված երկերով:

«Սա առաջին դեպքը չէ, երբ Սերգեյ Սմբատյանը համերգային ծրագրերում հրավիրում է ոչ միայն երիտասարդներին, այլեւ պատանիներին, այդպիսով վստահելով, «դուխ տալով» եւ, որ ամենակարեւորն է՝ հնարավորություն ստեղծելով նրանց ինքնարտահայտվել, այդ տարիքից «վարժվել» երաժշտի մասնագիտության մաս կազմող հանդիսատեսի «դատաստանին»,- փաստեց երաժշտագետը:

Խոսելով վերջին շրջանում Հայաստան մեծ թվով հյուրախաղորդ երաժիշտների առիթով, պարոն Տերտերյանը գտնում է, որ դրան պետք է մոտենալ շատ զգույշ: «Այս հարցում եւս պետք է ունենալ մշակված քաղաքականություն: Ողջունելի է, որ հնարավորություն ենք ունենում հանձին հրավիրյալների շփվելու տարբեր դպրոցների ներկայացուցիչների հետ, բայց դա պետք է չկայանա տեղացի ոչ պակաս արժանավոր, շնորհալի արվեստագետների հաշվին: Կամ՝ եթե նվագախմբերում հայտարարվում է մրցույթ, անհրաժեշտ է, որ որոշումներ կայացնողը լինի գեղարվեստական խորհուրդը, այլ ոչ թե միայն կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարը: Խնդիր եմ ուզում բարձրացնել. ինչո՞ւ մեզանում երբեք չի անցկացվում դիրիժորի մրցույթ: Օրինակ, Բեռլինի ֆիլարմոնիկ նվագախումբը, երբ մրցույթ է հրավիրում, այդ թվում՝ նաեւ դիրիժորի, այն տեղ է գտնում նվագախմբի կայքում, իսկ ընտրությունը կատարվում է հրավիրված բարձրակարգ մասնագետների օգնությամբ: Պետք է մեխանիզմ մշակել, գուցե վերանայել վարվող մշակութային քաղաքականության այս մասը ու հասկանալ՝ ինչ ենք ուզում եւ ուր ենք գնում»,- համոզված է Ռուբեն Տերտերյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Gayane says:

    Անձամբ ներկա եմ գտնվել այս համերգին, և պիտի հպարտորեն ասեմ, որ այն անկրկնելի էր… Եվս մեկ անգամ բրավո Մաեստրո Սերգեյ Սմբատյանին, նրա գլխավորած նվագախմբին և փոքրիկ կլարնետահար պատանուն: Նրանք փայլում էին: Ինչպես միշտ ամեն բան բարձր մակարդակի վրա էր:

  2. Serj says:

    Հարգելիներս մեր մեջ ասաց սա խայտառակություն էր: ինչու եք ձեր գլխից բարձր թռնում Սերգեյ, “գալչկա” ստանալու համար եք անում, թե ինչ ? նվագախումբը կարող է լավ կատարել ավելի հասարակ ստեղծագործություններ, բայց ոչ Շեստոկովիրչի 8-րդ սինֆոնիան: ես այդ օրը լսեցի սիրողական և շատ վատ կատարում: ներողություն եմ խնդրում այս մեկնաբանությանս համար, բայց դուք դեռ երկար ճանապարհ ունեք մինչ Շեստոկովիչ:
    Հերիք է իմ ժողովրդի մակարդակը իջեցնեք !!!

    • Gayane says:

      Հարգելի Serj, եթե այդպես ակտիվորեն քննադատում եք պարոն Սմբատյանին, նրա կատարած աշխատանքն ու ղեկավարած նվագախմբին, այդ դեպքում ինձ մոտ հարց է առաջանում, ինչն էր Ձեզ դրդել ներկա գտնվելու այդ համերգին:

    • Տիգրան says:

      Հարգելի Սերժ, դուք ավելի լավ է, գնաք Արմենչիկի կամ սպիտակցի Հայկոյի համերգներին։ Շոստակովիչը կիջեցնի Ձեր մակարդակը։

    • Անժելա says:

      Գոնե Ձեր կողմից պաշտելի կոմպոզիտորի ազգանունը ճիշտ գրեք:
      Իսկ երիտասարդ և բավականին խոստումնալից երաժիշտներին նման ձևով վարկաբեկելը լավ բան չի:

  3. Zara says:

    Հարգելի Սերժ,միանում և համաձայնվում եմ ձեզ վերաբերվող կարծիքներին և ասեմ,որ կոմպոզիտորի ազգանունը երկու անգամ երկու սխալով եք գրել:Նման ծանրակշիռ կարծիք արտահայտելու համար լավ կլիներ ճիշտ գրեիք..,գոնե..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031