Լրահոս
Օրվա լրահոսը

Ութ տարի առաջ փախստական էր, այսօ՞ր…

Մարտ 16,2013 13:06

Արմեն Խաչատուրյանը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան, առ այն, որ անվավեր ճանաչեն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) որոշումը՝ նրա փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին: Նա խնդրում էր դատարանից, որ պարտավորեցնեն ՄՊԾ-ին կայացնել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ վերականգնեն իր փախստականի կարգավիճակը Հայաստանում:

Դատական քննություններն անցկացվեցին դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ: Նիստին ներկա էր պատասխանող ՍՊԾ-ի ներկայացուցիչը՝ Ռուզաննա Պետրոսյանը: Արմենի հայցը դատարանում ներկայացնում էր Աստղիկ Ջանինյանը:

Դատավոր Կարինե Բաղդասարյանի այն հարցին, թե ինչպե՞ս են հայցվոր Արմեն Խաչատուրյանին ճանաչել որպես փախստական, Ռուզաննա Պետրոսյանը պատասխանեց. «Այն ժամանակ, երբ Ադրբեջանից հայերը գալիս էին Հայաստան, բոլորին էլ տրամադրում էին փախստականի կարգավիճակ, սակայն հետո մենք տեղեկացանք, որ Արմենը չի կարող համարվել փախստական, իսկ նրա կարգավիճակը դադարեցվել է, քանի որ ծնողների քաղաքացիության ընդունման ժամանակ նրա 14 տարին լրացած չի եղել, որի մասին Միգրացիոն պետական ծառայությանը պետք է տեղեկացրած լիներ անձնագրային եւ վիզաների վարչությունը»:

Նկատենք, որ ՄՊԾ-ն իր ամբողջ վրիպումները փաթաթում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը (ԱՎՎ), պատճառաբանելով, թե այնտեղից իրենց չեն տեղեկացրել, որ Արմենին փախստականի կարգավիճակ չպետք է տրամադրեին: Հարկ ենք համարում տեղեկացնել շատ կարեւոր փաստ՝ ԱՎՎ-ն չէր կարող Արմենին տրամադրել փախստականի ճամփորդական փաստաթուղթ, քանի որ այդ փաստաթուղթը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ ՄՊԾ-ի կողմից հատկացվում է տեղեկանք տվյալ մարդու փախստական լինելու կամ չլինելու վերաբերյալ: Փաստացի, այդ վրիպումը ՄՊԾ-ն չէր կարող չնկատել եւ տարիներ շարունակ Արմենին տրամադրել փախստականի վկայական, այդուհետեւ փախստականի ճամփորդական փաստաթուղթ, որից հետո միայն հասկանար, թե Արմենն այլեւս փախստական չէ: Արմենն ինքն էլ դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ փախստականի վկայականն առաջին անգամ ստացել է 2003 թվականին եւ նրան հուզում է այն հարցը, թե. «Եթե 2003 թվականին ինձ տրամադրել են փախստականի վկայական, որի միջոցով ես կարողացել եմ Հայաստանում ապրելու իմ օրինական կերպն ապահովեմ, ապա ինչպե՞ս է Միգրացիոն պետական ծառայությունը կարգավիճակս դադարեցնելու որոշման մեջ շեշտում, թե կարգավիճակն ինձ տրամադրվել է օրենքով սահմանված կարգով եւ այդուհետեւ հակասում իրեն ու ավելացնում, որ կարգավիճակս դադարեցվել է օրենքի սահմաններո՞ւմ»: Դատական քննության ժամանակ վիճարկվեց նաեւ Արմենի կարգավիճակը դադարեցնելու մասին վարչական վարույթ նախաձեռնելու հարցը, որի մասին նա բացարձակ տեղեկացված չի եղել եւ վարույթն իրականացվել է առանց նրա ներկայության: Արմենը տեղեկացել է միայն այն ժամանակ, երբ արդեն իսկ կայացել էր որոշում՝ նրա փախստականի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ: Այդ կապակցությամբ պատասխանող Ռուզաննա Պետրոսյանն ասաց. «Վարույթն իրականացվել է 2- օրյա ժամկետում, այդ իսկ պատճառով Արմենին չենք տեղեկացրել»: Արմենի մտահոգությունը մեծ է այնքանով, որ նա չի կարողանում պատկերացնել, թե ինչպե՞ս է լինում, որ իրեն 1988 թվականին հաստատում են որպես փախստական, 2003թ.-ից տրամադրում են փախստականի վկայական, որից հետո՝ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, իսկ այդուհետեւ՝ 2011-ին, տրամադրում են փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշում: Այդ ինչպե՞ս է լինում, որ Արմենի փախստականի վկայականը երկարաձգվում է ու անգամ ժամկետի ավարտը կրկին վավերացնելու ժամանակ հենց ՄՊԾ-ի կողմից տրամադրվում է տեղեկանք, թե նա փախստական է, իսկ 8 տարի հետո նկատվում, որ նա այլեւս փախստական չէ եւ ինչպե՞ս է լինում, որ ՄՊԾ-ն շեշտում է, թե Արմենի փախստականի կարգավիճակը տրամադրվել է օրենքով սահմանված կարգով, իսկ հետո՝ հակասելով պնդում, թե Արմենի կարգավիճակը դադարեցվել է օրենքի սահմաններում:

Մինչդեռ այդ հարցերին տրվում են կցկտուր պատասխաններ, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ եւ այնտեղից դուրս կգա 2013 թվականի ապրիլի 1-ին՝ հրապարակելու Արմեն Խաչատուրյանի փախստականի կարգավիճակը ՀՀ-ում վերականգնելու հայցով վճիռը:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031