Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենցաղային հարցի շուրջ վեճը սարքել են խուլիգանություն»

Մարտ 16,2013 13:04

Փաստաբաններն ահազանգում են նախաքննական մարմինների
ապօրինությունների ու դրանց վտանգավոր հետեւանքների մասին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է խուլիգանության մեջ մեղադրվող սպիտակցի 3 եղբայրների դատաքննությունը:
Գործն արդեն դատական վիճաբանությունների փուլում է: Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2012 թվականի հունիսի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Մկրտչյանը, պարզաբանումներ ստանալու նպատակով, գործով չպարզված անձանց հետ գնացել է Լոռու մարզի Հարթագյուղ գյուղ, որտեղ գյուղի կենտրոնական մասում հանդիպել է Սպիտակ քաղաքի բնակիչներ, եղբայրներ Արմեն, Մացակ եւ Արթուր Բադալյանների հետ: Հանդիպումը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի՝ տեւելով մոտ 20 րոպե: Բարձրացված աղմուկից հավաքված շուրջ 15-20 բնակիչների ներկայությամբ դրսեւորելով անթաքույց արհամարհանք՝ նրանք աղմկել են, տվել սեռական բնույթի հայհոյանքներ՝ դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հավաքված գյուղի բնակիչների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Ավելին՝ Արթուր Բադալյանը որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Արմեն Մկրտչյանի ոտքերի ուղղությամբ՝ նրան պատճառելով առողջության միջին ծանրության վնաս: Արմեն Մկրտչյանն իր առողջությանը վնաս պատճառելու համար որեւէ մեկի նկատմամբ բողոք-պահանջ չի ներկայացրել:
Հակառակ առաջադրված մեղադրանքին՝ 3 եղբայրների փաստաբաններ Ռուբեն Հակոբյանն ու Արտակ Ոսկանյանը պնդում են, որ վերոնշյալ հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, երեք եղբայրների նկատմամբ ապացույցների բացակայության պայմաններում առաջադրվել է ապօրինի, կամայական մեղադրանք:
Խոսելով նախաքննական մարմնի թույլ տված խախտումների մասին՝ փաստաբան Ռուբեն Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացնում է, որ քրեական գործը ի սկզբանե հարուցվել է Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով՝ այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Սակայն հետագայում գործի քննությամբ սկսել են զբաղվել Տավուշի մարզի իրավապահները:
«Խախտումները Լոռիում սկսվեցին, Տավուշում շարունակվեցին: Գործը Լոռու մարզի քննչական բաժնում քննվելու ժամանակ, առանց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալու՝ նախաքննական մարմինը, կամայականորեն իրեն վերապահելով փորձագետի լիազորություններ, որոշել էր մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը: Նրանք ասում էին, որ տուժողին պատճառվել է ծանր մարմնական վնասվածք: Քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածով ասվում է՝ միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ստանալով ու հետազոտելով կարելի է որոշել մարմնական վնասվածքի աստիճանը»,- ասում է փաստաբանը:
Սակայն դատաբժշկական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ պատճառված մարմնական վնասվածքը միջին ծանրության է, եւ տեղի է ունեցել արարքի վերաորակում՝ միջին ծանրության մարմնական վնասվածք խուլիգանական դրդումներով, ինչը եւս, փաստաբանի խոսքերով, ապօրինի ու կամայական է:
Անդրադառնալով մեղադրանքի ապօրինի լինելուն՝ փաստաբանը նկատում է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե գյուղի կենտրոնում, այլ՝ համայնք տանող ճանապարհի վրա, խոսք ու զրույց է եղել, որսորդական հրացանով կրակոց է եղել, հետադարձի արդյունքում տուժողը ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք՝ ոտքերի շրջանում, որի վերաբերյալ բողոք չունի, ներկա է եղել ոչ թե 15-20 վկա, այլ՝ ընդամենը մեկը, ով հրաժարվել է նախաքննությանը տված իր ցուցմունքներից՝ բարձրաձայնելով պատկան մարմինների կողմից բռնությունների ենթարկվելու մասին, ավելին՝ մինչ օրս առերես հարցաքննություններ էլ չեն կատարվել:
«Կենցաղային հողի վրա ծագած թեթեւ վիճաբանություն է եղել, արագ հարթվել է, հայհոյանքներ չեն հնչել, ծեծկռտուք տեղի չի ունեցել: Մենք՝ պաշտպանական կողմս, համոզված էինք, որ նախաքննական մարմինը քրեական գործով վարույթը կկարճի, քանի որ ակնհայտ է, որ այստեղ խուլիգանություն չկա, եւ չի էլ կարող լինել: Նախաքննական մարմնի ներկայացուցիչները կամ հսկողություն իրականացնող դատախազը չէին կարող չհասկանալ, որ այստեղ խուլիգանություն, որպես այդպիսին՝ չի կարող լինել: Միջին ծանրության մարմնական վնասվածք էր պատճառվել գյումրեցիներից մեկին, ով բողոք չուներ, մասնավոր հետապնդման գործ է, պետք է բողոքի բացակայության հիմքով կարճվեր: Սակայն նախաքննական մարմինը նախաքննությունն ավարտեց, մեղադրական եզրակացություն կազմեց, դատախազը հաստատեց, գործը ուղարկվեց դատարան»,- ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Սակայն, ի զարմանս փաստաբանների, դատարանում մեղադրող դատախազ Արարատ Ազիբեկյանը ոչ միայն չի հրաժարվել մեղադրանքից, այլ ընդհակառակը, դատական վիճաբանության փուլում իր խոսքում պնդել է այն ու պատիժ պահանջել մեղադրյալների համար:
«Չկա գոնե մեկ ապացույց, որ տեղի է ունեցել խուլիգանություն: Բայց ապացույցների բացակայության պայմաններում մեղադրողը գալիս է դատարան եւ միջնորդում է մեղավոր ճանաչել եւ պատիժ պահանջել: Դատախազությունը արհամարհելով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ խուլիգանության հանցակազմին վերաբերող բոլոր նախադեպային որոշումները, քրեական իրավունքի տեսության բոլոր թեզիսները, եկել եւ պաշտպանում է մի մեղադրանք, որը բացարձակ կապ չունի խուլիգանության հետ, եթե անգամ խուլիգանության հանցակազմի ձեւակերպումները այդպիսին են, ապա այդ ձեւակերպումների տակ չունենք ապացույցներ՝ չկա խուլիգանության հանցակազմ, չկա որեւէ ապացույց»,- բացատրում է Ռուբեն Հակոբյանը:
Նա կարծիք է հայտնում, որ եթե նման պայմաններում պատկան մարմինները ձգտում են ամեն գնով դատապարտել իր պաշտպանյալներին, ապա այդ ձգտման տակ կամ ապօրինի ցուցումներ պետք է փնտրել, կամ անձնական ինչ-ինչ շարժառիթներ. «Կենցաղային հարցի շուրջ վեճը սարքել են խուլիգանություն: Ուզում են անօրինական հարուցված գործը, արհեստածին մեղադրանքը ամեն գնով պաշտպանել: Հիմնազուկ, առարկայազուրկ մեղադրանքն են ուզում դատարանում պաշտպանել՝ առանց ապացույցների»: Փաստաբանն ահազանգում է, որ եթե դատարանը կայացնի մեղադրական վճիռ, ապա դա կարող է դառնալ վտանգավոր նախադեպ: «Մենք մտահոգված ենք: Եթե այս դեպքով դատախազությունը հասնի իր նպատակին՝ մարդիկ անօրինական դատապարտվեն, ապա այս կարգով կարող են դատապարտվել նաեւ այն քաղաքացիները, ովքեր փողոցում իրար հանդիպելիս մեկը մյուսի հետ բանավեճի կբռնվեն»,- եզրափակում է նա՝ տեղեկացնելով, որ երեք եղբայրներն էլ ամուսնացած են, նրանց խնամքին են 10 մանկահասակ երեխաներ:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031