Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է նաև ԼՂՀ ՊԲ Վազգեն Սարգսյանի անվան մոտոհրաձգային զորամաս, հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողների հետ:
Քաղաքապետի զորմաս այցի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը դիմելով երևանցի զինծառայողներին Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ հարազատ տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատասխանատու և կարևոր առաքելություն է: Եվ այդ առաքելությունը շատ ավելի պարտավորեցնող է, երբ զինվորը իր արժանապատիվ վարքագծով անում է հնարավորը իր ծննդյավայրի պատիվը բարձր պահելու համար:
«Սիրելի զինվորներ, ես իսկապես հպարտ եմ ձեզանով: Հպարտ եմ, որ ունենք այսպիսի սերունդ, որոնք միշտ պատրաստակամ են անառիկ պահել թե հայրենիքի սահմանները, և թե հարազատ օջախի պատիվը: Ու բնական է, որ լինելով Ստեփանակերտում իմ պարտքը համարեցի այցելել նաև ձեզ: Հայոց Բանակի օրվա կապացությամբ ձեր ծնողներին ճանապարհելով ձեզ հետ հանդիպման, նաև նրանց խոստացել էի, որ, երբ լինեմ Արցախում, ես ինքս էլ նրանց փոխարեն կայցելեմ ձեզ: Եվ ինչպես տեսնում եք այստեղ եմ, ձեզ հետ, ձեր կողքին և վստահեցնում եմ, որ իմ մյուս խոստումը ևս, որ ձեր ծնողների համար Երևանի քաղաքապետարանը տարին մի քանի անգամ կընձեռի հնարավորություն ձեզ հետ հանդիպելու նույնպես ուժի մեջ է, ինչում կհամոզվեք ինքներդ»,-նշել է Տարոն Մարգարյանը վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների ընտանիքների կողքին է և իր լիազորությունների շրջանակում աջակցում է նրանց:
Զինվորներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին ինչպես ծնողների անակնկալ այցի, այնպես էլ քաղաքապետի այս այցելության և ջերմ խոսքերի համար: Նրանք նաև վստահեցրել են, որ կանեն հնարավորը Երևանի պատիվը միշտ բարձր պահելու համար:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն