Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, պատվիրակության անդամների հետ այցելել է Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի:
Շուշեցիների և Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանի ջերմ ընդունելությունից հետո, Տարոն Մարգարյանը վերջինի ուղեկցությամբ շրջել է Վազգեն Սարգսյանի անունը կրող հրապարակում, ծաղիկներ դրել Սպարապետի հուշարձանին և զրուցել բնակիչների հետ:
Օգտվելով առիթից Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանը իր և շուշեցիների անունից շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին` Շուշիում աղբահանության առավել արդյունավետ կազմակերպման նպատակով նվիրաբերված աղբահանման երկու մեքենաների և համալրող աղբարկղերի նվիրաբերման համար:
Արցախի մշակութային մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման և բարեկարգման ծրագրերին աջակցելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել են նաև «Շուշի-Երևան» գրությամբ նստարաններ, աղբամաններ, որոնք արդեն իսկ տեղադրվել են Շուշիի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակի հարակից զբոսայգում:
Կարդացեք նաև
«Մեր նախորդ այցի ժամանակ պատրաստակամություն էինք հայտնել աջակցել նաև ԼՂՀ այլ քաղաքներին և մեր այս քայլը հենց այդ համատեքստում է: Տեղեկանալով, որ Արցախի մշակութային մայրաքաղաքին անհրաժեշտ են աղբահանության արդյունավետ կազմակերպման միջոցներ, որոշեցինք հենց այս տեսքով ցուցաբերել մեր աջակցությունը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շուշեցիներն, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին անհրաժեշտ և հաճելի նվերների համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն