Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետը ցուցմունք է տալիս

Մարտ 16,2013 10:27

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին առաջադրված մեղադրանքի հիմքերը նախաքննական մարմնի կողմից արդեն տրամադրվել են կողմին, եւ Սեդրակյանն այս օրերին դրանք ճշգրտելու ուղղությամբ ցուցմունքներ է տալիս: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Թե մասնավորապես ինչ հիմքերի մասին է խոսքը, Սիրունյանը չբացահայտեց: «Ստորագրություն ենք տվել դրանք չբացահայտելու մասին: Վարդան Սեդրակյանը հիմա ցուցմունքներ է տալիս իրեն ներկայացված մեղադրանքները հերքելու ուղղությամբ, քանի որ գտնում է, որ ներկայացված ապացույցները հիմնավոր չեն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իրենք եւս շահագրգռված են օգնել նախաքննական մարմնին՝ պարզելու ճշմարտությունը: «Եղած փաստերը իրադարձությունների թյուր մեկնաբանման արդյունք են»: Նշենք, որ փաստաբան Սիրունյանը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Սեդրակյանի նկատմամբ մարտի 5-ին Կենտրոնի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը՝ համարելով, որ այն ապօրինի է: Փաստաբանի հիմնավորմամբ, մինչեւ Սահմանադրական դատարանի մարտի 14-ի որոշումը նախագահի բոլոր թեկնածուները, այդ թվում Սեդրակյանը, օժտված են եղել անձեռնմխելիությամբ, եւ դատարանը չէր կարող կալանավորել վերջինիս: Ապօրինի է եղել կալանքի որոշումը, թե ոչ՝ վերաքննիչ դատարանը կորոշի երկուշաբթի օրը: Հավելենք նաեւ, որ, փաստաբանի փոխանցմամբ, Սեդրակյանն իրեն շատ  լավ է զգում եւ, առհասարակ, ոչ մի առողջական խնդիր չունի: «Այնքանով է լավ զգում, որ արդեն իր խցակցի առողջության մասին է մտածում»,- ասաց Սիրունյանը: Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը կասկածվում է նախագահի արդեն նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի պատվիրման մեջ:

  «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031