Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, քննարկել երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը:
Ողջունելով Տարոն Մարգարյանին՝ Սուրեն Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել այցելության համար և նկատել, որ ԼՂՀ մայրաքաղաքը ամենասերտ և նպատակային համագործակցությունը ծավալում է հենց Երևանի հետ. <<Ստեփանակերտն այսօր համագործակցում է մի շարք քաղաքների հետ, սակայն առաջին անգամ է, որ այսքան կարճ ժամանակահատվածում նման շոշափելի արդյունքներ են արձանագրվել և քաղաքային տնտեսության առավել արդյունավետ կառավարման գործում մեծ առաջընթաց է գրացվել, որի համար, պարոն Մարգարյան, շնորհակալ ենք անձամբ Ձեզ` ծրագրերի իրականացման հարցում մշտական ուշադրության և հետևողականության համար>>,-նշել է Ստեփանակերտի քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է Ստեփանակերտի հետ կիսվելու իր փորձով և աջակցելու նոր ու հետաքրքիր ծրագրերի կյանքի կոչման հարցում. <<Ստեփանակերտը մեզ համար ոչ միայն քույր քաղաք է, այլև հարազատ օջախ, ինչն իր հերթին ենթադրում է, որ երկուստեք փոխգործակցությունը պետք է լինի սրտացավ և նպատակային: Այս վեց ամիսների ընթացքում ձևավորված աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքը իսկապես արդյունավետ է եղել, սակայն մենք չպետք է բավարարվենք ձեռքբերածով և, շարունակելով մեր ակտիվ համագործակցությունը, պետք է նպաստենք Ստեփանակերտի հետ կապերի էլ ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու այդ համատեքստում, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության և գեղարվեստի հանձնաժողովների օրինակով, առաջարկել է քաղաքի կառավարման գործում ներգրավվել երիտասարդական-հասարակական կառույցներին:
Քննարկվել է նաև առողջապահության, կրթության, քաղաքաշինության, սպորտի և տուրիզմի զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հնարավորությունները:
Կարդացեք նաև
Անդրադառնալով մասնավորապես զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին` Տարոն Մարգարյանը նախանշել է <<Ժենգյալով հաց>> խորագրով փառատոնի ծրագրային առաջարկը, ինչպես նաև նշել է, որ արդեն իսկ հանձնարարված է Երևանում տեղադրել Արցախի տեսարժան վայրերը գովազդող ցուցանակներ, բացի այդ, քաղաքապետարանի պաշտոնական կայքում էլ ապահովել ԼՂՀ զբոսաշրջության վարչության կայքի համապատասխան հղումը:
Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ 2013-ին նախատեսված համագործակցության ծրագրերի շրջանակում ապրիլին Ստեփանակերտ կգործուղվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության մասնագիտացված տարբեր բուժհիմնարկների բժիշկներ:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ հանդիպումը կազմակերպել Երևանում:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հերթական անգամ որպես քաղաքների բարեկամության խորհրդանիշ Արցախի մայրաքաղաքին նվիրաբերված համապատասխան գրառումով նստարաններ և աղբամաններ նվիրելու համար, որոնք կտեղադրվեն Ստեփանակերտի այգիներում և հանգստի այլ գոտիներում:
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը, Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել նաև Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների շիրիմներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն