«Ժառանգության» առաջնորդ, պաշտոնական տվյալներով նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր յուրաքանչյուր ելույթում հայտարարում է, որ փետրվարի 18-ին ժողովուրդը հաղթել է, որ ինքը պայքարում է ոչ թե՝ իր, այլ՝ ժողովրդի հաղթանակն ամրագրելու համար: Ու այդ նպատակով դիմել է ամենածայրահեղ քայլի՝ հացադուլ է հայտարարել:
Րաֆֆի Հովհաննիսյանն իրավացի է, եթե ոչ նույնիսկ ընտրական գործընթացի տեխնիկական, արձանագրային մասով, այլ փետրվարի 18-ին ու դրանից հետո տեղի ունեցած զարգացումների նշանակության առումով: Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ քարոզարշավի ընթացքում բառի բուն իմաստով անցավ գյուղ առ գյուղ և կարողացավ կոտրել ընտրությունների կանխորոշված լինելու, մրցակցության բացակայության մասին կաղապարները: Արդյունքում՝ լայնածավալ կեղծիքների պարագայում անգամ պաշտոնապես Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ ավելի քան 500 հազար ձայն:
Սակայն անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը գիտի, որ այդ 540 հազար ձայների մեծամասնությունը ոչ թե իր օգտին տրված քվեներն են, այլ իշխանությանը դեմ քվեարկած ձայները: Այդ առումով Րաֆֆի Հովհաննիսյանը բացառություն չէ: Գրեթե բոլոր նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուներին հասարակությունը ձայն է տվել իշխանությանը դեմ քվեարկելու սկզբունքով:
Սակայն, անկախ դրանից, ընտրության հաջորդ օրվանից սկսած բողոքական ընտրազանգվածի ձայները ստացած թեկնածուն դառնում է այդ ձայների պոտենցիալ հասցեատերը: Տվյալ դեպքում այդ կարգավիճակում հայտնվել էր (է) Րաֆֆի Հովհաննիսյանը: Անցած 25 օրերը նրա համար ժամանակ էինՙ իրեն չքվեարկած, սակայն իրենով մարմնավորված ձայներն իրենը դարձնելու, իշխանությունից դժգոհ հատվածի առաջնորդը դառնալու համար: Դա, սակայն, տեղի չունեցավ, ինչի վկայություններից մեկն էլ այսօրվա հանրահավաքն էր: Այսօրվա հանրահավաքը, ըստ էության, բեկումնային էր վերջին իրադարձություններից հետո:
Կարդացեք նաև
Այն առաջինն էր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլ հայտարարելուց, Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցիից, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի՝ Րաֆֆիին ուղղված խրատական կոչից, ԵԺԿ նախագահ Մարթենսի՝ ոչ պակաս անցանկալի հայտարարությունից հետո: Այսինքն՝ այսօրվա հանրահավաքը կարող էր դառնալ, ինչպես ընդունված է ասել, հանգրվանային՝ շարժման հեռանկարի տեսանկյունից: Ընդհանրապես հանրահավաքի մասնակիցների քանակը հանրահավաքի «արդյունավետության» գնահատման ոչ միակ, սակայն կարևոր չափանիշներից մեկն է:
Դրանով է պայմանավորված նաև մեկ այլ կարևոր չափանիշ, որը պայմանականորեն ընդունված է անվանել՝ «հանրահավաքային էներգետիկա»: Ե՛վ մեկը, և՛ մյուսն այսօրվա հանրահավաքում բացակայում էին: Այսօրվա հանրահավաքի սակավամարդությունն, ի դեպ, անուղղակիորեն պատասխանն էր նաև իշխանական որոշ գործիչների անհեթեթ այն թեզի, թե Հայաստանի բնակչության 35 տոկոսն աղքատներ են, որոնք էլ ընտրել են և Րաֆֆի Հովհաննիսյանին: Իրականում Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել է ոչ միայն և ոչ այնքան բնակչության աղքատ հատվածը (այդ հատվածի մեծամասնությունն ընտրակաշառք է վերցրել և ձայնը տվել է Սերժ Սարգսյանին), որքան միջին խավը, սոցիալապես ապահովված, սակայն երկրի այս իրավիճակից ու իշխանություններից դժգոհ քաղաքացիները: Հենց այդ քաղաքացիներն են, որ հանրահավաքի են գալիս ոչ թե կուրորեն, այլ՝ մտածելով:
Իսկ ցանկացած մտածող մարդու մոտ Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա առաջորդած շարժման առնչությամբ ծագող հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Մասնավորապես ու առաջին հերթին՝ դա վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին, ինչպես նաև նրա շուրջ կայացած քաղաքական թիմին կամ դրա բացակայությանը: Հարցը, թե ովքե՞ր կարող են զբաղեցնել Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր կառավարության պաշտոնները, ավելի անորոշ ու բարդ է, քան սա՝ կհաջողվի՞ արդյոք Րաֆֆիին հացադուլը շարունակել մինչև ապրիլի 9-ը, թե՞ ոչ:
Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կան բազմաթիվ հարգարժան մարդիկ, որոնց, սակայն, որևէ կերպ հնարավոր չէ պատկերացնել այս կամ այն առանցքային պաշտոնում: Ու պատահական չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի «ստվերային կառավարության» կազմի մասին թեկուզ ոչ այնքան հավաստի տեղեկատվությունն այդքան վրդովեցրել էր «Ժառանգության» անդամներին: Այն դեպքում, երբ այդ կազմում ընդգրկված էին առաջին հերթին՝ «Ժառանգության» ակտիվ ներկայացուցիչները:
Այսօր գրեթե բոլորը համեմատություններ են անցկացնում ներկայիս և 2008 թվականի համաժողովրդական շարժման միջև: Շատերի տեսանկյունից այսօրվա շարժումը շատ ավելի շահեկան դիրքերում է, քանի որ, ի թիվս այլ պատճառների, դրանում բացակայում է ատելությունը, անհանդուրժողականությունը, ամեն ինչ բարի է ու սիրառատ: Այո, 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժումն ավելի ագրեսիվ էր, ավելի անխնա էր իշխանության հանդեպ քննադատություններում, ինչը գուցե ոչ այնքան հաճելի մթնոլորտ էր առաջացնում:
Միևնույն ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումը շատ ավելի իրատեսական էր ու շատ ավելի որոշակի: Ու դա, թերևս, պայմանավորված էր ոչ այնքան Տեր-Պետրոսյանի անձով, որքան նրա ղեկավարած շարժման «կառուցվածքային» բնույթով: 2008 թվականի ընտրություններին նախորդած ու հաջորդած ցանկացած հանրահավաք մանրամասն կազմակերպված, համակարգված միջոցառում էր, որի համար հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարվում: Եվ ամենակարևոր տարբերությունը:
Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն ուներ քաղաքական հզոր թիմ, որը կարողացել էր իր շուրջ համախմբել բազմաթիվ այլ քաղաքական ուժերի: Արդյունքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի հարթակում կանգնած էին առնվազն երկու կառավարությունների կազմ ձևավորելու համար բավարար գործիչներ: Լա՞վ նախարարներ կլինեին նրանք, թե՞ ոչ, միանգամայն այլ հարց է: Խնդիրն այն է, որ այդ մարդկանցից որևէ մեկի՝ այս կամ այն պաշտոնում նշանակվելը չէր համարվելու ոչ ադեկվատ, ինչը չի կարելի ասել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական հենարանի մասին: Նաև վերը նշված պատճառներով էր, որ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ստանալով Րաֆֆի Հովհաննիսյանից շուրջ 200 հազարով պակաս քվեներ, կարողացավ դառնալ իշխանության համար իրական այլընտրանք:
2008 թվականի հանրահավաքներին մասնակցող որևէ մեկի մոտ հարց չէր առաջանում՝ պատրա՞ստ է, արդյոք, Լևոն Տեր-Պետրոսյանն՝ իր թիմով ստանձնել իշխանությունը: Այսօրվա հանրահավաքների մասնակիցների մոտ Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի առնչությամբ ոչ միայն հարցեր են առաջանում, այլև անկեղծ մտահոգություններ:
ՌՈԲԵՐՏ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ
«168 ԺԱՄ»
Առավոտ թերթի իր սեփական թույնը երևում է վերջացել է, որի պատճառով սկսել է Րաֆֆու դեմ թույների ,,բացը,, լրացնել ,,168 ժամ,,, թերթց արտատպելով…