«Ժողովուրդը ոչ մի քայլ չի անելու առանց ինձ, եւ ես ոչ մի քայլ չեմ անելու՝ առանց ժողովրդի»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ այսօրվա հանրահավաքում՝ Ազատության հրապարակում:
Խոսելով ՍԴ-ի որոշման մասին՝ նա ասաց. «Մենք որոշեցինք ՍԴ-ին տալ վերջին հնարավորությունը, եւ ինքը տապալեց իր վերջին փորձությունը: Սրանից հետո ոչ միայն գործադիր իշխանությունը, այլ դատական իշխանությունը մինչեւ ՍԴ պիտի ձեւավորվի մե՛ր կողմից՝ ժողովրդի կողմից»:
Նա նշեց, որ իր բնավորությունը բոլորս գիտենք՝ ինքը հարգում է բոլորին. «Բայց այս դեպքում, 1000 ներողություն, բայց չեմ կարող չասել իմ բարեկամին՝ Հրայր Թովմասյանին՝ ի՞նչ գործ ունի արդարադատության նախարարը լինել մեկ թեկնածուի իրավապաշտպան, ում թեկնածության համար ծաղրվեց, կեղծվեց Հայաստանի ժողովուրդը եւ իր ձայնը: Ցավում եմ, Հրա՛յր»:
Մարդիկ գոռում էին՝ «ամոթ Հրայրին»: Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղեց՝ «Ոչ մի ամոթ: Ցավ»:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ սկզբունքով ինչպես մասնակցեց ինքը նախագահական ընտրություններին, տանելու է այս հաղթանակը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, եւ իշխանությունը լինելու է ժողովրդինը. «Որպես սկզբունք մեր ժողովուրդը մասնակցելու է բոլոր հնարավոր ընտրությւոններին: այդ թվում՝ Երեւանի քաղաքապետ ընտրություններին: Այն ցուցակը, որը ձեզ կներկայացվի հաջորդ շաբաթ, Երեւանի հաջորդ քաղաքապետը լինելու է ձեզանից մեկը»:
Մանրամասների համար նա հորդորեց սպասել մինչեւ հաջորդ «հաղթահավաքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ