Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը հանդիպեց հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ղեկավարների հետ

Մարտ 15,2013 19:48

7260Մարտի 15-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ղեկավարների հետ: Նախարարը ողջունեց հանդիպման մասնակից կառույցների ներկայացուցիչներին և կարևորեց ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերում նրանց ներգրավվածությունը:  Հանդիպման ընթացքում հասարակական, համահայկական և հոգևոր կառույցներին ներկայացվեց վերջին շրջանում Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով հայկական համայնքում տիրող իրավիճակը, Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարված աշխատանքները: Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման գործում մեծ ներդրում ունեցած հասարակական կազմակերպություններին: Այս գործում անգնահատելի դերակատարում ունեն «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն, «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ՀԲԸՄ-ն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները, Հայ օգնության միությունը, տեղական և միջազգային այլ կառույցներ:

ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ: Հանձնաժողովի քարտուղար Լ. Ստեփանյանը մասնակիցներին ներկայացրեց պետության և հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացված աշխատանքները: Ներկայացվեց ՀՀ մուտքի արտոնագրերի, կացության կարգավիճակի, վարորդական իրավունքի տրամադրման ընթացակարգի հեշտացման, կրթական, առողջապահական խնդիրների լուծման նպատակով կատարված օրենսդրական փոփոխությունները: Ներկայացվեց Երևանի քաղաքապետարանի կողմից երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը: Գործարար ոլորտում կարևորվեց ՓՄՁ ԶԱԿ-ի ցուցաբերած աջակցությունը սիրիահայերին, բիզնես-ծրագրերի վարկավորմամբ:

Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար այժմ առաջնահերթ լուծում պահանջող կարևորագույն խնդիրները շարունակում են մնալ կեցության և աշխատանքով ապահովելու հարցերը: Հ. Հակոբյանը նշեց, որ մշակման փուլում է սիրիահայերին երևանամերձ բնակավայրերում բնակարանաշինության հնարավորություն ընձեռելու ծրագիրը: Իսկ Սիրիայում ծանր կացության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ՀՀ նախագահի հանձնարարությամբ առաջիկա ամիսներին կտրամադրվի ամսական 100 հազար ԱՄՆ դոլարի օգնություն:

Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց Արման Սաղաթելյանի՝ «Արաբական գարնան սիրիական աշունը» հեղինակային ֆիլմը: Հեղինակը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Ֆիլմը պատմում է պատերազմի թեժ օրերին Հալեպի «Նոր գյուղ» (Մեյդան) թաղամասում բնակվող հայ համայնքի ծանր վիճակի մասին:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, կարծիքների փոխանակում: Կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս շարունակել և ակտիվացնել համագործակցությունը, ինչպես սիրիահայերի աջակցության, այնպես էլ հայապահպանական նշանակության հարցերի լուծման ուղղությամբ, եղան սիրիահայերին աջակցելու կոնկրետ առաջարկներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031