Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ ՀՀ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստը, որի օրակարգում ՀՀ Նախագահի աշխատակազմին կից «ՀՀ Պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ» ստեղծելու ծրագրի քննարկումն էր դրված: Առաջարկը քննարկելու նպատակով Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողով էր դիմել «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը, որի նպատակն է` ՀՀ պետական խորհրդանշանների պահպանումն ու արժևորումը:
Aravot.am-ի հետ զրույցում հիմնադրամի հիմնադիր եւ ներկայիս տնօրեն Պավել Սարգսյանը նշեց, որ խորհրդի առաջարկներով եւ մասնագիտական կարծիքներով են հաստատվելու պետական խորհրդանշանները. «Շատ անգամ ստեղծվող խորհրդանշանները` դրոշները, զինանշանները, հեռու են մասնագիտական տարրական կանոններից: Հետեւաբար` խորհուրդը պետք է ուղղորդի եւ համապատասխան առաջարկություններ անի նախաձեռնողներին»:
Պավել Սարգսյանի համոզմամբ. «Հարցը շատ կարեւոր է: Խոսքը ոչ միայն պետական խորհրդանիշների մասին է, այլեւ ազգային: Այդ առումով միասնական քաղաքականություն պետք է վարել: Գոյություն ունեն տարբեր նախաձեռնող խմբեր, որոնք իրենց ուժերով փորձում են հանրահռչակել խորհրդանշաննները, բայց դա պետք է արվի ամբողջականության մեջ, տվյալ դեպքում` վերոհիշյալ խորհրդի շրջանակներում»:
Մեր զրուցակցի խոսքով. «Եթե խորհուրդը ձեւավորվի, կունենա համապատասխան ենթահանձնաժողովներ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման խորհուրդ հենց նախագահին կից է ստեղծվում: Օրինակ, այդպես է Ռուսաստանում, Գերմանիայում… Իսկ հարեւան Վրաստանում խորհուրդը խորհրդարանին կից է գործում»:
Կարդացեք նաև
Մշակույթի ենթահանձնաժողովը քննարկումից հետո դրական եզրակացություն տվեց ծրագրին: Այն կներկայացվի ՀՀ հանրային խորհրդին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ