Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը կարդաց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատողների կողմից դաժանաբար սպանված Վահե Ավետյանի քրոջ՝ Վերոնիկա Ավետյանի նամակը՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա նախ ափսոսանք էր հայտնել, որ չի կարող ֆիզիկապես ներկա լինել հանրահավաքին: Նամակում Վերոնիկան աստվածային իմաստություն է մաղթել Րաֆֆի Հովհաննիսյանին, որ կարողանա ճիշտ առաջնորդել ժողովրդին այս պայքարում: Նա նաեւ նշել է, որ քանի դեռ Վահե Ավետյանի եւ մյուս սպանվածների արյունը թաց է, իրենք չեն կարողանալու իրենց գլուխը հանգիստ դնել բարձին:
Դավիթ Սանասարյանն իր կողմից խոստացավ, որ ամեն ինչ անելու են, որ Վահեի եւ մեր երեխաներն ապրեն ազատ, արդար Հայաստանում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ