Լրահոս
Օրվա լրահոսը

Քուրդ գրող. «Ցեղասպանության սարսուռն իմ մեջ է ապրում» (Տեսանյութ)

Մարտ 15,2013 18:50

 

Այսօր Գրողների միությունում տեղի ունեցավ հանդիպում` «Քուրդ գրողների միության» նախագահ, քուրդ գրող Իրֆան Բաբաօղլուի մասնակցությամբ:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ երեկ հանդիպում է ունեցել Դիարբեքիրի քուրդ մտավորականներից կազմված պատվիրակության հետ. «Պատվիրակության անդամները առաջին «ծիծեռնակներն» են, որոնք օտարացման ալիքը նպատակաուղղում են համագործակցությանը: Պատահական չէ, որ քուրդ գրողները ցանկություն են հայտնել լինել Գրողների միությունում: Միությունն իր աշխատանքներում ներգրավվել է նաեւ քուրդ գրողներին, ովքեր ներկայանալի մասն են կազմել մեր մշակույթի»:

Անանյանը հավելեց, որ Դիարբեքիրում ներկայումս զգալի է քրդական մշակույթի ներկայությունը. «Դիարբեքիրը դարձել է քրդական լեզվի եւ մշակույթի կենտրոն»:

Բանաստեղծ, քրդական «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիր Ալիխանե Մամեն փաստեց, որ քուրդ եւ հայ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի եւ արտահայտվել է հատկապես մշակույթում: «Հանդիպումն այս կարեւոր է, որովհետեւ հայկական թեմաները եղել են քրդական մշակույթի եւ գրականության մեջ, եւ հակառակը»,-հավելեց Մամեն:

Նա ասաց, որ ժամանակին եղել է Դիարբեքիրում. «Երբ աում էինք, որ Հայաստանից ենք եկել, քրդերն նշում էին, որ հայերն օգնել են զարգացնել իրենց մշակույթը եւ լեզուն»:

Ներայացնելով հյուրին` Տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը նշեց, որ Իրֆան Բաբաօղլուն 1980թ-ին Քրդական բանվորական կուսացության անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվել է եւ դատապարտվել մահապատժի. «Բախտը ժպտաց նրան: Մահապատիժը վերածվեց 20 տարվա ազատազրկման, եւ 2000թ-ին նա դուրս եկավ բանտից: Իրֆան Բաբաօղլուն սկսեց քրդերենով գրքեր գրել»:

Իսկ Բաբաօղլուն նշեց, որ քրդերենը վտանգված է Իրաքում եւ Թուրքիայում. «Մենք չենք կարողացել օգտագործել մեր լեզուն եւ գրականություն ստեղծել, մինչդեռ Հայաստանում հնարավորություն ենք ունեցել դրսեւորվել: Հայաստանը, մասնավորապես` Երևանը, քրդական մշակույթի զարգացման օջախ է հանդիսացել: Ես հարգանքով խոնարհվում եմ նրանց առաջ, ովքեր իրենց լուման են ներդրել քրդական գրականության ստեղծման գործում»:

Գրողն ասաց, որ այցելել է Ցեղասպանության թանգարան եւ հուշահամալիր. «Մենք խոնարհվեցինք Ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Հիմա էլ հուզված եմ. Ցեղասպանության սարսուռն իմ մեջ է ապրում: Եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին ճանաչվեր եւ դատապարտվեր, տարիներ առաջ Իրաքում տեղի չէր ունենա քրդերի Ցեղասպանությունը, երբ Սադամ Հուսեինը կոտորեց խաղաղ բնակիչներին: Այնպես որ, մենք ցավ կիսած ժողովուրդներ ենք եւ նույն ճակատագիրն ենք ունեցել` անցնելով ճնշումների եւ ջարդերի միջով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031