Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի բնութագրմամբ` «Գյումրու փողոցները կատաստրոֆիկ վիճակում են»

Մարտ 15,2013 18:31

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAԱյսօր Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր առանձնասենյակում բաց քննարկման էր հրավիրել Ջրմուղկոյուղու պատասխանատուներին` Գյումրու ցեխի մեջ կորած փողոցների հարցը միասին լուծելու համար: Ներկա էին նաև KFW բանկի ու այն շինկազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք գերմանական այս բանկի տրամադրած վարկերով Գյումրիում իրականացնում են նոր ջրագծերի կառուցման աշխատանքները: Փաստորեն Ջրմուղկոյուղին շուրջ օրյա ջրամատակարարման հարց է լուծում Գյումրու տարբեր թաղերում, ջրագծերը նորացնելու համար երբեմն ստիպված է լինում քանդել ասֆալտապատ փողոցները:

Գյումրու քաղաքապետն ասաց. « Շատ կարևոր է, որ Գյումրին խմելու ջուր ունենա, շնորհակալության պետությանը, բայց այնպես պետք է անենք, որ փոխհամագործակցենք, երկու ծախս չանենք, փողոցներով անցնել չի լինում, հենց անձրև եկավ, պրծավ, փոշի է բարձրանում: Ես, որպես քաղաքապետ, չգիտեմ` ինչի՞ց սկսեմ, ուսուցչուհիները ցեխոտ փողոցների պատճառով չեն կարող գործի գնալ: Չգիտես ո՞վ է մեղավոր` էն կազմակերպություննե՞րը, որոնք փորեցին և կիսատ թողեցին , սա շատ հրատապ խնդիր է, բնակիչները բողոքում են և տեղին է նրանց բողոքը»:

Այնուհետ խոսք տրվեց քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանին, ով իր հերթին սուր քննադատության ենթարկեց փողոցների վիճակը. «Ինչպես արդեն ասաց պարոն Բալասանյանը , գալով իշխանության` չգիտենք ինչի՞ց սկսել , երկուշաբթի օրվանից սկսենք միասին աշխատել, գիշերը ցերեկ դարձնելով, էլ ժամ, պատարագ չպիտի նայեք, հերիք եղավ, ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Եթե ձմռան ամիսներին սառած էին, չէր երևում, հիմա տեսնում ենք, որ 30-40 սանտիմետր փոսեր են առաջացել , լրատվամիջոցները մեզ նույնպես այս հարցում քննադատում են: (Սամվել Բալասանյանը կողքից միջամտեց, ասելով ` տեղին էլ քննադատում են լրագրողները): Թաղային փողոցներում չգիտես ինչ է կատարվում, մարդիկ տներից չեն կարող դուրս գալ, անգամ երկու սապոգներ են պահում, մինչև կանգառ հասնելու համար ռեզինե սապոգներ են հագնում, հետո փոխում են, բայց էս ո՞ր դարն է , մենք տեղ չունենք նահանջելու»:

Սամվել Բալասանյանը շարունակեց` հիշեցնելով, որ Գյումրին հռչակվել է ԱՊՀ մայրաքաղաք, փողոցների առումով գոնե այնպիսի իրավիճակ պետք է ունենաք, որ չամաչենք հյուրերից : Նա նաև ակնարկեց, որ Գյումրիում 400 հատ հ/կ-ներ կան, ու այնքան լրատվամիջոցներ, որոնք լուրերը կայծակնային արագությամբ են հաղորդում: Այնպես որ, ըստ քաղաքապետի, թող շինարարները նորմալ գործ անեն, որպեսզի էկրաններում չհայտնվեն ու հետո դժգոհեն, թե վարկաբեկվեցինք:

Ջրմուղկոյուղու պաշտոնյաները ու ջրագծերի հարցերով զբաղվող արտասահմանցի հյուրերը ապշած լսում էին քաղաքապետարանի պաշտոնյաներին, որոնք կարծես թե այս անգամ լրագրողների ձեռքից վերցրել էին նրանց գործը` քննադատում ու քննադատում էին: Այս երկու կառույցները փոխհամաձայնության եկան միասին աշխատելու: Կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց նախնական հաշվարկներով միայն կենտրոնական փողոցների փոսալցման աշխատանքներն իրականացնելու համար, որոնցով և պետք է հիմնականում երթևեկեն մշակութային մայրաքաղաք ժամանող հյուրերը, առնվազն 2-2,5 միլիարդ դրամ է պահանջվում , իսկ քաղաքապետարանի բյուջեով նախատեսված ունեն ընդամենը 202 միլիոն դրամ: 70 միլիոն դրամ էլ նախատեսել են, որ կարողանան վերանորոգել քաղաքի կենտրոնական հրապարակը: Քաղաքապետարանի պաշտոնյայի ասելով, Գյումրու քաղաքապետարանի միջոցները կուղղվեն միայն փոսալցման աշխատանքներին, կենտրոնական հրապարակն անգամ չեն կարողանա վերանորոգել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սիրեկան Մնացականյան says:

    Էդ Կնյազ է թագավոր է , ինչ է , ինչ է հասկանում կոմունալից, էնքան աղ լցրեցին փողոցները, որ սաղ ասֆալտը քանդվեց: Ես տաքսի կվարեմ իրիկունները , հեչ մի տարի էսպիսի վիճակ չէր եղել Գյումրիում, էդ նրանից է, որ Կնյազն ու Բալասանյանը ժողովրդի աչքը մտնելու համար, ձմեռը էնքան աղ լցրեցին, որ սաղ քանդվեց:Էդ էլ պետք ճիշտ անել, դրին եղածը քանդին, հմի էլ ասում են վատ է փողոցների վիճակը, բա ոնց, երբ որ մարդիկ կուխնուց կամ պիվի գործարանից գուկան քաղաք ղեկավարելու, վիճակը էս պտի էղներ:Վարդանիկը աչքիս լույսը չէ, բայց ճիշտ ասելն էլ շան տղություն չէ, ինքը գոնե կաշխատեր եղածը պահել ու քչից-շատից պոկեր կբերեր փողերը, սրանք ինչ եկել են 6 ամսվա ընթացքում, 3 պիտու գործ չեն էրել, հմի էլ փողոցները քանդակին, դրին վար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031