«Այստեղ հավաքվածներից ոչ մեկը չի ուզում դիակներ տեսնել: Միակ դիակը, որ մենք ցանկանում ենք տեսնել եւ ուղեկցել դեպի հավերժություն, դա այս վարչակարգի դիակն է»,- այսօր հանրահավաքում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը:
Նրա որակմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի քայլը լրջագույն քայլն է, որովհետեւ մարդու համար ամենաթանկ բանը՝ իր կյանքը նա դնում է զոհասեղանի վրա: Եվ նրան այդ զոհասեղանից ոչ ոք չի կարող հանել՝ ոչ Վլադիմիր Պուտինը, ոչ Սերժ Սարգսյանը. «Կա միայն մեկ ուժ, որ կարող է հանել նրան զոհասեղանից: Դա հայ ժողովուրդն է: Մենք՝ հայերս, շատ բարի ենք, վրեժխնդիր չենք լինի: Կարող ենք վրեժխնդիր լինել միայն թշնամու նկատմամբ: Տեսնելով, որ այս հարգարժան մարդու կյանքն է կախված այս պայքարից, ուրեմն ամեն մի հանրահավաքը պետք է կրկնակի մարդաշատ լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ