Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջիկները չեն կարողանում տանել տղայի արցունքները, այդպես եղավ իմ դեպքում». Ռուզաննա

Մարտ 15,2013 18:10

-Կարելի՞ է Ձեր հետ ծանոթանալ:

-Ոչ:

-Ինչու՞, դատելով Ձեր մատներից՝ամուսնացած չեք, նշանված չեք, ընկեր ունե՞ք:

-Ոչ:

-Ուրեմն կամ ես Ձեզ դուր չեկա, կամ էլ կարծում եք՝ Դուք հիմա այդքան էլ գեղեցիկ չեք, մեկ ուրիշ անգամ:

Սա Ռուզանի և Մամիկոնի  առաջին խոսակցությունն էր: Ընթանում էր կանգառում: Աղջիկը ապշած էր տղայի համաձակ խոսքից, չկարողացավ զսպել ծիծաղը, հեգնեց. «Եթե այդքան գեղեցիկ չլինեի , Դուք հիմա ծամածռություններ չէք անի ինձ գրավելու համար»: «Ճիշտ ես, լավ է, որ «ոչ»-ից բացի ինչ-որ բան խոսեցիք»:

Ռուզանը կանգնեցրեց երթուղային տաքսին՝ մտքում հրաժեշտ տալով տղային: Նստեց մեքենայի վերջում. «Ես անգամ չշրջվեցի նրա կողմը՝ տեսնելու՝ դեռ կանգնա՞ծ է մնալու այդտեղ, թե` ոչ: Շատ զարմացա, երբ հանկարծ գլուխս թեքեցի ու նրան տեսա կողքիս: Սիրտս սկսեց արագ աշխատել: Չհասկացա ինձ համար է եկել, թե իրոք երկուսս էլ նույն համարին էինք սպասում»,-պատմում է աղջիկը: Հիշում է՝ողջ ճանապարհին թեպետ տղան ոչինչ չի ասել, ինչպես ինքն էր ակնկալում, սակայն անընդհատ  թեքվել է իր կողմը: «Մի քիչ վախեցա, որոշեցի իջնել մեկ կանգառ շուտ, որ հանկարծ ճիշտ վայրում չմտապահի և  մյուս անգամ չհետապնդի»: Երբ աղջիկը դրամը մեկնում է վարորդին, երիտասարդը վեր է կենում տեղից և բարձրաձայն ասում. «Քուրիկ ջան, բա չամաչեցի՞ր, հազար տարվա ծանոթներ ենք, ահա վարպետ, վերցրու դրամը»: «Ես զարմացած էի, բայց ոչինչ չասեցի, որպեսզի մարդիկ ուրիշ բաներ չմտածեին: Նա ինձ հետ իջավ, բայց սիրալիր ձևով հրաժեշտ տվեց ու գնաց այլ ուղղությամբ: Համոզվեցի, որ պատահականությունն էր, իսկ գումարը վճարեց պարզապես բարեհաճությունից ելնելով»,-ասում է Ռուզաննան:

Մի քանի օր անց համոզվում է, որ սխալ էր. տղան ամեն բան մտադրված է արել:

Ընկերուհու հետ գնում էր գնումներ կատարելու, երբ իրենց տան մոտակայքի գտնվող կանգառում հանդիպում է այդ նույն երիտասարդին: Վերջինս ողջունում է նրանց: Հետագայում պարզվում է, որ Մամիկոնը խնդրում է  նրա ընկերուհում օգնել իրեն աղջկան հասնելու նպատակով: Նշում է համալսարանի և ֆակուլտետի հասցեն, որտեղ սովորում է Ռուզաննան: Այդ օրը տղան աչքի ընկնող ոչինչ չի անում, սակայն մեկ ամիս շարունակ անանուն բացիկներով նվերներ է ուղարկում աղջկան, ով, իհարկե, գուշակում էր երկրպագուի անունը: «Ոչ մի կերպ չէի կարող նվերները չընդունել, նախ դրանք միշտ համարյա կեսգիշերին էին հայտնվում  դռան դիմաց  և երկրորդ՝ այն պատճառով, որ օրիգինալ էին: Հետզհետե սկսեցի վերհիշել Մկոյին ու մտքումս ավելի լավը պատկերացնել, քան  այն տպավորությունը, որ թողել էր առաջին օրը»,-պատմում է Ռուզաննան: Հավելում է . «Սկսեցի հետաքրքրվել այդ տղայով, մտածում էի՝ նվերների պես ռոմանտիկ կլինի, բայց բանից պարզվեց չոբանի մեկն ա»,- ժպտում է:

Երկրպագուն հայտնվում է, առաջարկում է շփվել միմյանց լավ ճանաչելու համար: «Ասաց, որ սիրահարված է, բայց դեռ չի սիրում ու լավ էլ նկատում է, որ ես էլ անտարբեր չեմ իր նկատմամբ, այնպես որ չեմուչում  չթափեմ: Էնքան անկեղծ էր խոսում, որ ես չէի կարող մերժել, ինքս մարդու մեջ ամենից շատ անկեղծությունն եմ գնահատում»,-ասում է Ռուզաննան:

6 ամիս անց նա «պաշտոնապես» դառնոմ է Մամիկոնի ընկերուհին: Իսկ մեկ տարի անց արդեն հասցնում է հայտնել իր դժգոհությունները: Սկսել էր ինչ-որ բան կասկածել՝ կապված տղայի հավատարմության հետ: «Ես նրա սոցիալական ցանցերի էջեր քիչ էի մտնում, նամակները չէի կարդում, բայց մի օր որոշեցի ստուգել:  Նա ուրիշի հետ էր խոսում: Վճռեցի՝ դավաճանությունը աններելի է»,-ասում է նա: Այնուամենայնիվ, տղան մեկ ամիս շարունակ ճիգեր է գործում աղջկա ներմանն ու վստահությանը արժանանալու համար: «Ասում են՝ տղաները չեն կարողանում տանել աղջկա արցունքները, իսկ ես կասեմ աղջիկները չեն կարողանում տանել  տղայի արցունքները, այդպես եղավ իմ դեպքում»,-հավելում է Ռուզաննան: Սակայն որոշ ժամանակ անց աղջիկը կրկին սկսում է ձանձրանալ: «Անհետաքրքիր էր դարձել ամեն բան, քիչ էինք հանդիպում, հաճախ վիճում, թեպետ նա ծանոոթացրեց իր ծնողների հետ, բայց այդ փոփոխությունն էլ հետաքրքրություն չմտցրեց: Նա կարող էր անտեսել մեկ ամսյակը, սիրահարների տոնը, ուրիշ ժամանակ էլ անակնկալներ չաներ, իսկ ես հիասթափվում էի»: Մի օր այլևս չդիմանալով՝ հայտնում է իր սրտի խոսքը. «Էտ եք էլի տղերքդ, սկզբում երբ ուզում եք  ընկերուհի ունենալ, ամեն ինչի պատրաստ եք, բայց երբ բախտը ժպտում ա ձեզ, ամեն բան միապաղաղութան եք մատնում»: Տղան նրան մեղադրում է չափազանցության մեջ, հետո անկեղծանում. «Ինչի չգիտե՞ս, միշտ էլ տենց ա լինում, ամենահետաքրքիրը սկզբում ա լինում, երբ սիրահարված ես, անպայման պիտի հասնես աղջկան, թե չէ հետո հավեսդ կորում ա»,-ասում է տղան: Նեղացած Ռուզան պատասխանում է, որ պետք է վերջ դնել հարաբերություններին: Ի զարմանս  նրա՝ տղան համաձայնում է, բայց մեկ շաբաթ էլ չանցած ծաղկեփնջերով և մատանիով այցելում է աղջկա տուն. «Գիտեի, որ առանց ինձ կյանք չունի, ես մի քիչ զիջող գտնվեցի, իսկ նա խոստացավ լինել ավելի ուշադիր, լավն ա իմ դմբոն»,-ասում է նա:

 

 

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031