Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքարի արդյունքում «Ա1+»-ը վերադառնալուէ եթեր՝ արդեն 24 ժամով»

Մարտ 15,2013 17:47

«Այս պայքարի ողջ անձնազոհությունը Րաֆֆի Հովհաննիսյանը վերցրեց իր վրա՝ հացադուլով»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը նրան ուղղեց՝ «Հացադուլ չէ, ասա պայքարի վերջնական փուլը»:

Արմեն Մարտիրոսյանն ուղղեց՝ ավելացնելով, որ «իրականում սա ոչ թե հացադուլ էր, այլ՝ ստադուլ՝ մեր պայքարի վերջին հանգրվանը: Րաֆֆի Հովհաննիսյանի կամքը չի կորելու, այլ օր օրի ավելի է մեծանալու, ավելի է հզորանալու»:

Անդրադառնալով բանաստեղծ, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանի հայտարարած մեկօրյա հացադուլին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Մեր մտավորականի հացադուլը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր պայքարը բացառապես խաղաղ բնույթ է կրելու, եւ որեւէ մեկը չի փորձելու այդ խաղաղ բնույթը մեր ձեռքից վերցնել: Մենք միանշանակ հասնելու ենք հաղթանակի»:

«Սերժիկ, 2013-ը մե՛րն է լինելու, հաղթանակ»,- բղավում էին հանրահավաքի մասնակիցները:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ հնարավոր է այսօր սկսված ստորագրահավաքը նաեւ կազմակերպվի որոշ մարզկենտրոններում:

Նա կարդաց «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետեւյալ նամակը.

«Հարգարժան պարոն Րաֆֆի Հովհաննիսյան

«Ա1+»-ն արտահայտում է իր մտահոգությունը` երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ:

Այսօր դժվար է Հայաստանում գտնել մեկին, որին չի հուզում իր երկրի, իր երեխաների եւ իր սերնդի ապագան: Արդեն տաս տարուց ավել է՝ ինչ հայ հասարակությունը փորձում է պաշտպանել իր քաղաքական իրավունքները հանրահավաքների, զանգվածային բողոքների միջոցով: Մի հանգամանք այսօր այնուամենայնիվ նկատվում է. չնայած քաղաքական պայքարի տարաբնույթ դրսեւորումներին, որոնք այսօր կրում են անգամ ծայրահեղ բնույթ, նկատելի է հանդուրժողականության տարր:

Հարգելի պարոն Հովհաննիսյան, ողջունում ենք Ձեր քաղաքական պայքարը հանուն ժողովրդավարության հաղթանակի, հանուն այն վեհ գաղափարի, որ դուք դավանում եք:

Դուք շարունակում եք արդարության հաստատման համար այն պայքարը, որ մեր հասարակությունը սկսել է ավելի քան մեկ տասնամյակ առաջ: Դուք անձնազոհաբար պայքարում եք մեր խախտված իրավունքների համար, եւ այդ ճանապարհին չեք ընկրկում ոչ մի դժվարության եւ զրկանքի առջեւ: Դուք այսօր մարմնավորում եք հայ ժողովրդի միասնական պայքարը հանուն արդար Հայաստանի, հանուն այն մեծ սիրո, որ դուք տածում եք մեր երկրի ու ժողովրդի հանդեպ:

Գիտակցելով, որ դուք ունեք բավարար կամք ու վճռականություն Ձեր պայքարը մինչեւ հաղթական ավարտին հասցնելու համար՝ մենք չենք փորձում հորդորել Ձեզ դադարեցնել հացադուլը, որը քաղաքական պայքարի ամենածայրահեղ միջոցն է: Ցավում ենք, որ այսօր Դուք ստիպված եք ժողորդի արդարացի պահանջի կատարմանը հասնելու համար դիմելեք այդ ծայրահեղ քայլին:

Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերին հորդորում ենք գնալ երկխոսության, գտնել ճանապարհներ եւ ընդհանուր եզրեր` հանգուցալուծելու ստեղծված քաղաքական ճգնաժամը: Եվս մեկ ցնցումն անընդունելի է մեր երկրի եւ տարապանքների ճանապարով անկախության հասած մեր ժողովրդի համար:

Միեւնույն ժամանակ իշխանություններին կոչ ենք անում հանդես բերել ողջախոհություն եւ զգոնություն եւ հաշվի առնելով ժողովրդի ձայնը, անել առաջին քայլը դեպի սպասվող Ժողովրդավարություն:

Կարծում ենք՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել ողջամիտ եւ ցանկալի արդյունքի՝ մեր Երկրի ապագայի համար»:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ պայքարի արդյունքում «Ա1+»-ը վերադառնալուէ եթեր՝ արդեն 24 ժամով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031