Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ կանանց իրավունքներն անտեսված են

Մարտ 15,2013 17:41

Այսօր մեր հասարակությունում առկա են հաշմանդամ կանանց եւ աղջիկների շատ չլուծված խնդիրներ, էլ չասած, թե դրանք գրեթե ամենաանտեսվածն են մեր հասարակության մեջ: Եթե համեմատենք հաշմանդամ կանանց եւ տղամարդկանց խնդիրները, ապա երեւում է, որ կանայք ավելի անտեսված են, իրենց խնդիրներն ավելի խորն են, մանկատներում ավելի շատ են հաշմանդամ աղջիկները, քան տղաները, չնայած այն փաստին, որ հաշմանդամ տղամարդկանց թիվը ավելի շատ է Հայաստանում: Այս տվյալները այսօր հայտնեց «Հույսի կամուրջ»  հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը, ըստ ՄԱԿ-ի տվյալների:

Այսօր «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի կոնֆերանս դահլիճում կայացավ քննարկում Հայաստանում հաշմանդամ կանանց եւ աղջիկների խնդիրների վերաբերյալ, որը կազմակերպվել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակի կողմից, որին մասնակցում էին Գյումրիի «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի հոգեբան Քրիստինե Աղանյանը, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Աննա Հակոբյանը:

Ըստ Զարուհի Բաթոյանի հետեւյալն են հաշմանդամ կանանց խնդիրների սկզբնապատճառները` ընտանիքի վերաբերմունք, անտեսանելիություն հասարակական եւ պետական ծրագրերում, հասարակական կարծրատիպեր; Այս երեքի վերաբերյալ նա ասում է, որ արդեն ընտանիքում աղջիկները անտեսված են, շատերին հենց իրենց ծնողները փակում են տանը` խուսափելու տարբեր խոսակցություններից, կամ ամոթից՝ իրենց երեխայի արատի պատճառով: Ինչ վերաբերում է պետական եւ սոցիալական ծրագրերին, ապա դրանք հաշվարկ ված չեն հաշմանդամ կանանց համար, շատ քչերն են պատրաստ համագործակցելու նրանց հետ: Իսկ հասարակական կարծրատիպերը, դրանք հասարակության մեջ ձեւավորված կարծիք է, որ հաշմանդամ կինը չի կարող մայր դառնալ, լինել կայացած, հաջողակ, ցանկալի: Այս ամենը հայտնեց իր խոսքում Զարուհի Բաթոյանը:

Նա ասաց նաեւ, որ այսօր հայ հասարակության մեջ բացակայում է ներառական մոտեցումը, որը հասարակություն է, որտեղ ամեն բան հարմար է ոչ միայն սովորական, այլեւ հաշմանդամ կանանց համար, որտեղ ծառայությունները մատչելի են բոլորի համար: Նրա  տվյալներով, 2012 թվականին աշխատանքի է դիմել 600 հաշմանդամ տղամարդ եւ 804  հաշմանդամ կին, որոնցից աշխատանքի են ընդունվել 111 տղամարդ եւ 114 կին:

Գյումրիի «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի հոգեբան Քրիստինե Աղանյանը խոսեց այն հարցի շուրջ, որ այսօր հաշմանդամ կանայք հենց իրենք իրենց արդեն չեն կարող հաջողակ եւ կայացած կանայք եւ մայրեր պատկերացնել: Մեծ խնդիր է  այստեղ նաեւ հաշմանդամ կանանց սեռական խնդիրը, որ շատերը հաշմանդամությունը շփոթում են հիվանդ լինելու հետ եւ այս խնդիրը ունեցող կանանց եւ աղջիկներին չեն համարում ունակ մայր դառնալու:

Քրիստինե Աղանյանը   ասում է, որ այս խնդիրը ունեցող աղջիկները  նաեւ բռնության են ենթարկվում  հենց իրենց ծնողների կողմից, կամ համաձայնում են ամուսնանալ, երբ նախօրոք գիտեն, որ իրենց ապագա ամուսինը իրենց վատ է վերաբերվելու կամ անտեսելու է , բայց դա նորմալ համարելով`գնում են այդ քայլին, իսկ հետո էլ նույնիսկ չեն համարձակվում բաժանության դիմել: Խոսվեց նաեւ այն մասին, որ այսօր արդեն սկսվել է նորակառույց շինություններում թեքահարթակների տեղադրումը, սակայն դրանից ոչ մի օգուտ չկա, որովհետեւ դրանք ճիշտ ձեւով չեն կառուցվում:

Զարուհի Բաթոյանի խոսքերով, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը այսօր պատրաստ է հոգեբանական աջակցություն ցուցաբերել հաշմանդամ կանանց եւ նրանց օգնել մտնել հասարակության մեջ;

 

Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031