Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ ստորագրվեց Համագործակցության հուշագիր

Մարտ 15,2013 17:31

Մարտի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:

Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը` նշելով, որ այն ամուր հիմքերի վրա է դրված եւ տվել է իր դրական արդյունքները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովը բարձր է գնահատում ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի գործունեությունը, որը հիմնված է ԵԱՀԿ սկզբունքների, անվտանգության եւ կայունության ամրապնդման, մարդու իրավունքների, քաղաքական, իրավական, մամուլի ազատության, բնապահպանական եւ տնտեսական համագործակցության իրագործման վրա: Անդրադառնալով ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի միջեւ ստորագրվող Համագործակցության հուշագրին` Ազգային ժողովի նախագահն այն գնահատեց որպես հաջող համագործակցության եւս մեկ օրինակ, որը թույլ է տալու հզորացնել խորհրդարանի կարողությունները: Նա կարեւորեց օրենսդրական բարեփոխումների հարցում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությունը` վստահություն հայտնելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցությունը կլինի շարունակական:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Անդրեյ Սորոկինը նույնպես բարձր գնահատեց ԵԱՀԿ-Ազգային ժողով արդյունավետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում եւ այս համատեքստում կարեւորեց ստորագրվող Համագործակցության հուշագիրը: Պարոն Սորոկինը ԱԺ նախագահին ներկայացրեց հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպումից հետո, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ փոխնախագահների, ԱԺ հանձնաժողովների եւ խմբակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ստորագրեցին Համագործակցության հուշագիր:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԵՎ ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը (այսուհետ՝ Ազգային ժողով) մի կողմից եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը (այսուհետ՝ ԵԱՀԿ) մյուս կողմից, համատեղ հանդիսանալով Կողմեր,

ընդունելով Հայաստանում ներկայացուցչական ժողովրդավարությանը նոր որակ, ուղղվածություն եւ ծավալներ հաղորդելու ընդհանուր նպատակները,

հետամուտ լինելով իրենց համատեղ գործողություններում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի, միջազգային պայմանագրերի եւ համաձայնագրերի, ներառյալ` ԵԱՀԿ սկզբունքների ու պարտավորությունների կատարման պահանջին,

որոշելով նպաստել Հայաստանում Ազգային ժողովի գործունեության հետագա ժողովրդավարացմանն ու հզորացմանը`

ամրապնդելու վերջինիս ինստիտուցիոնալ, մարդկային եւ տեխնիկական կարողություններն ու ներուժը,

աջակցելու թափանցիկ գործընթացների ու ընդունված միջազգային չափորոշիչների հիման վրա ժողովրդավարական որոշումների կայացմանը եւ

խթանելու կառավարման համակարգի արդյունավետությունը, որը կնպաստի օրենքի գերակայության հաստատմանը,

համաձայնեցին հետեւյալի շուրջ.

1.Կողմերը կհամագործակցեն օրինաստեղծ գործընթացների արդյունավետությունը, թափանցիկությունն ու համապարփակությունը բարելավելու ուղղությամբ` կարիքների անկախ գնահատման արդյունքներին եւ ներկայացված առաջարկություններին համապատասխան:

2.Կողմերը կխթանեն օրենսդրական գործընթացի թափանցիկությունն ու տեղեկատվության մատչելիությունը:

3.Կողմերը, համաձայնվելով, որ համապարփակությունը ժողովրդավարական օրինաստեղծ գործընթացների հիմնաքարերից է, կմշակեն այնպիսի ինստիտուցիոնալ կառուցակարգեր, որոնք կընդլայնեն քաղաքացիական հասարակության մասնակցությունն օրենքների մշակման գործընթացում:

4.Կողմերը կհամագործակցեն Ազգային ժողովի աշխատակազմում մասնագիտական ունակությունների, մասնավորապես վերլուծական, հետազոտական եւ նախագծերի պատրաստման հմտությունների հետագա կատարելագործման ուղղությամբ` տարբեր ուսուցողական ծրագրեր նախաձեռնելու միջոցով:

5.Կողմերը կհամագործակցեն` իրականացնելու համատեղ գործողություններ, որոնք կներառեն ԵԱՀԿ գործունեության երեք ուղղությունները (ռազմաքաղաքական, տնտեսական եւ բնապահպանական, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն)` ի նպաստ պառլամենտարիզմի եւ խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդման:

6.ԵԱՀԿ-ն Ազգային ժողովի առաջարկությամբ կամ վերջինիս համաձայնությամբ աջակցություն կցուցաբերի` տրամադրելով օրենքների եւ Ազգային ժողովի իրավասության շրջանակներում ընդունվող այլ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքներ:

7.ԵԱՀԿ-ն հնարավորինս կփորձի Ազգային ժողովին, դրա մարմիններին եւ Ազգային ժողովի աշխատակազմին տրամադրել տեխնիկական, կրթական, տեղեկատվական, վարչարարական եւ այլ տեսակի աջակցություն կամ կնպաստի համապատասխան աջակցության տրամադրմանը:

8.Կողմերը կաշխատեն հատուկ ծրագրերի շուրջ համաձայնագրեր կնքելու ուղղությամբ:

9.Կողմերը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությամբ, կաշխատեն զարգացնել եւ խորացնել կապերը եւ համագործակցությունը Ազգային ժողովի եւ (կամ) դրա մարմինների, Ազգային ժողովի աշխատակազմի ու ԵԱՀԿ գործունեության տարածքում նմանատիպ խորհրդարանական կառույցների եւ դրանց աշխատակազմերի միջեւ:

10.Անհրաժեշտության դեպքում ԵԱՀԿ-ն հնարավորինս կփորձի նպաստել ԵԱՀԿ կառույցների մասնակցությանը եւ (կամ) ներգրավվածությանը Ազգային ժողովի հետ համաձայնեցված համատեղ գործողություններում, նախաձեռգնություններում եւ ծրագրերի կազմման եւ (կամ) իրականացման գործում:

11.Կողմերը պարբերաբար կփոխանակեն համապատասխան տեղեկատվություն եւ հրապարակված նյութեր, որոնք վերաբերում են սույն Համագործակցության հուշագրի (այսուհետ՝ Հուշագիր) առարկային:

12.Սույն Հուշագրով չեն խախտվում ԵԱՀԿ-ի եւ (կամ) նրա աշխատակիցների արտոնությունները կամ անձեռնմխելիությունը:

13.Սույն Հուշագրի դրույթների կիրառման եւ մեկնաբանման հետ կապված՝ Կողմերի միջեւ ծագած տարաձայնությունները լուծվում են համատեղ քննարկումների եւ խորհրդակցությունների միջոցով:

14.Կողմերի միջեւ փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք կամրագրվեն առանձին արձանագրությամբ: Արձանագրությունն ուժի մեջ կմտնի սույն Հուշագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով եւ կհանդիսանա սույն Հուշագրի բաղկացուցիչ մասը:

15.Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից եւ գործում է հինգերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում:

16.Կողմերից յուրաքանչյուրը միակողմանիորեն կարող է դադարեցնել սույն Հուշագիրը՝ այդ մասին գրավոր ծանուցելով ոչ ուշ, քան երեսուն (30) օրացուցային օր առաջ:

17.Հուշագրի դադարեցումը չպետք է ազդի դրա գործողության ընթացքում սկսված ծրագրերի վրա, եթե Կողմերն այլ համաձայնության չեն եկել:

18.Սույն Հուշագիրը կազմված է Երեւան քաղաքում 2013 թվականի մարտի 15-ին, երկուական օրինակից` հայերեն եւ անգլերեն, որոնք հավասարազոր են: Յուրաքանչյուր Կողմին տրվում է հայերենով եւ անգլերենով մեկական օրինակ:

19.Սույն Հուշագրի դրույթների մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների առաջ գալու դեպքում հիմք է ընդունվում անգլերենով ստորագրված տեքստը:

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի անունից`

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

Գուրգեն Դումանյան

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի անունից`
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար

Անդրեյ Սորոկին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031