Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԿԵՆԱՑԸ

Մարտ 15,2013 17:09

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ քսանութերորդ

ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԿԵՆԱՑԸ

Եվ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «որ կես կիլո էլ առնեմ՝ կուտե՞ս», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով Ռուբոյին ասաց՝ «ավելի լավ է՝ կոֆե բերել տաս», եւ Մարգունին արհամարհական նայեց Շերենցին ու ասաց՝ «ախպարները որ չըլնեին, չէիր իմանա՝ կոֆեն ինչ բան ա», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Մարգունուն ասաց՝ «հիմի տեսա՞ր՝ վով էդ ախպար բառն արտասանեց», եւ Մարգունին անակնկալի գալով՝ արդարացավ ու Շերենցին ասաց՝ «ես ընդամենը քո ասած բառն եմ կրկնում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ ընդամենը ժողովրդի ասած բառը կկրկնեի», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «փաստորեն, էրկուսդ էլ անմեղ եք», եւ Արայիկը ծիծաղելով Ռուբոյին ասաց՝ «փաստորեն, չկարեցար էս մարդկանց կռվացնես», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «մարդիկ օր իրանք չուզենան, ոչ ոք չի կրնա էդ մարդկանց կռվացնի», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «մանավանդ՝ քեզ ու Մարգունուն», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես Վաղինակի ասածի հետ լրիվ համաձայն եմ», եւ Մարգունին Շերենցին հարցրեց՝ «ո՞ր ասածիս հետ ես համաձայն», եւ Շերենցն ասաց՝ «հայրենադարձներն օր չէղնեին, չէինք իմանա՝ կոֆեն ինչ բան է», եւ  Ռուբոն ծիծաղելով Շերենցին ասաց՝ «ախպարները որ չըլնեին, թատրոնում սաղ մեծ դերերը քեզ ու Մարգունուն բաժին կհասնեին», եւ բոլորս ծիծաղեցինք, եւ Մարգունին ու Շերենցն էլ  էին սրտանց ծիծաղում, եւ ամենից ուժգին Ներսիսյանն էր ծիծաղում, եւ Ներսիսյանը ծիծաղելով ասաց՝ «Ռուբոյի հումորը ոչ ոք չունի», եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «տնաշենը շատ ուժեղ ասեց», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «Ռուբոն ամեն ինչ կասի, մենակ թե՝ էն եզդու պատմությունը չպատմի», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «Ռուբոն ամեն ինչ կանի, մենակ թե՝ խնդրանքս չկատարի», եւ Ռուբոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ես խնդրել», եւ Շերենցն ամոթխած ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «կոֆե» եւ մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ավելացրեց՝ «սիրտս հանկածակի կոֆե ուզեց», եւ Ռուբոն նստածներիս հարցրեց՝ «սաղդ էլ կոֆե խմում եք, չէ՞», եւ ոչ ոք ձայն չհանեց, եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «լռությունը համաձայնության նշան է», եւ Ռուբոն հարցրեց՝ «սաղդ էլ նորմալ եք խմում, չէ՞», եւ վերստին ոչ ոք ձայն չհանեց, եւ վերստին Շերենցը ժպտալով ասաց՝ «լռությունը համաձայնության նշան է», եւ վերստին Արայիկը փռթկացնելով ասաց՝ «Ռուբոն ամեն ինչ կանի, մենակ թե՝ էդ պատմությունը չպատմի», եւ Ռուբոն առանց Արայիկի ասածին ուշադրություն դարձնելու՝ Շողիկին կանչեց ու մեր սուրճերը պատվիրեց, եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «շատ օր խնդրենք, էդ պատմությունն էլ կպատմի», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «չհավատաս» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես իրան հինգ մատիս պես գիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չորկող սասունցի ա», եւ Շերենցը փռթկացնելով ավելացրեց՝ «սասունցի՝ պլյուս մշեցի», եւ Արայիկն ասաց՝ «ինքը որ ինադ ընկավ, ոչ մի բան էլ չի պատմի», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով Ռուբոյին ասաց՝ «քո իրավունքդ է, Ռուբեն ջան. կուզես կպատմես, չես ուզի՝ չես պատմի», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «ո՞ր պատմությունը», եւ Շերենցը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «եզդիների», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «մի քիչ առաջ խոստացար, որ  դու ես պատմելու», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «վախենամ գը», եւ Ռուբոն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց ես վախենում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «էդ գիզալական պատմությունը կարող է փչացնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «համ էլ՝ հիշողությունս էն չէ. դեպքերն ու դեմքերը  խառնեմ գը իրար», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «որ հիշողությունդ էն չի, ո՞նց էիր մեծ դերեր խաղալու», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մեծ դերեր», եւ Ռուբոն փռթկացնելով ասաց՝ «ախպարները որ չըլնեին, իրանց էդ մեծ դերերը ո՞նց էիր խաղալու», եւ Շերենցը  մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Ֆրունզն օր չէղներ, կինոյի էս պստիկ դերերն էլ ինձի բաժին չէին հասնի», եւ Ներսիսյանը ժպտալով Շերենցին ասաց՝ «դու էդ պստիկ դերերը  մեծ վարպետությամբ ես խաղում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ինքնիրան կստացվի, Լեւոն ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «պատահական կստացվի», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «վարպետների մոտ միշտ էլ պատահական է ստացվում», եւ Շերենցը մի քիչ մտածեց, նայեց Մարգունուն ու ժպտալով ասաց՝ «ինձի կթվա՝ Մարգունու մոտ էլ պատահական կստացվի», եւ Մարգունին թարս նայեց Շերենցին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «խորհուրդ կտամ՝ ուրիշների անունից հայտարարություններ չանես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «անպատասխանատու հայտարարություններ» եւ մի քիչ էլ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «ընկեր Շերենց», եւ Մարգունու խոսքի վրա Շողիկը սուրճերը բերեց, եւ Ներսիսյանը ժպտալով Ռուբոյին հարցրեց՝ «կարելի՞ է մի կենաց առաջարկել, պարոն թամադա», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «ես թամադա չեմ, բայց որ մտքովդ անցել ա՝ առաջարկի, Լեւոն ջան», եւ Ներսիսյանը բաժակը բարձրացնելով ասաց՝ «առաջարկում եմ խմել մեր երկու վարպետների կենացը» եւ ոտքի կանգնելով ավելացրեց՝ «Վաղինակ Մարգունու եւ Ազատ Շերենցի», եւ Ռուբոն ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «հոտնկա՞յս», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «ով ինչպես ցանկանում է» եւ բաժակը Մարգունու ու Շերենցի բաժակներին խփելով ասաց՝ «ձե՛ր կենացը» եւ միանգամից  խմեց ու նստեց, եւ Շերենցն անակնկալի գալով ասաց՝ «այ Լեւոն, ախր Ռուբոն  սավսեմ ուրիշ կենաց էր առաջարկել», եւ Ներսիսյանը հարցրեց՝ «ի՞նչ կենաց էր առաջարկել», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու սրտնեղած ասաց՝ «վարպետների կենացը», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «կարող ա՞ Մարգունին ու դու վարպետ չեք», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու սրտնեղած ասաց՝ «բայց ինչի՞ ամենասկզբում մերը», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր Լեւոն ախպոր մտքով ըտենց ա անցել», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «քանի Մարգունին զարթուն ա, ձեր կենացը խմենք՝ արանքից հանենք», եւ Շերենցը  մի քիչ մտածեց, նայեց Շիրազին ու նեղսրտելով ասաց՝ «Շիրազի պես մեծությունն էստեղ նստած՝  իմ կենա՞ցը կխմեք», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «քո կենացը չի», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «հըբը ո՞ւմ կենացն է», եւ Արայիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «քո ու Մարգունու», եւ Շիրազը հանդիմանանքով Շերենցին ասաց՝ «կեղծ համեստություն կէնես, Ազատ տղա», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «կեղծ համեստություն չի», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «անկեղծ համեստություն ա», եւ Շիրազը Շերենցին ասաց՝ «Լեւոնս օր ձեր կենացն է առաջարկել, կնշանակի՝ արժանի եք», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «համ էլ՝ արդեն շատ ուշ ա. էլ չես կարա էդ կենացից հրաժարվես», եւ Շերենցը խեղճացած հարցրեց՝ «ինչի՞ չեմ կրնա», եւ Ռուբոն պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ Լեւոնն արդեն էդ կենացը խմել ա», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «ընդ որում՝ հոտնկայս եմ խմել», եւ Ռուբոն խորամանկ ժպտալով Շերենցին հարցրեց՝ «կարող ա՞ դեմ ես, որ քո ու Մարգունու կենացը միասին խմենք», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձի համար մեծ պատիվ է», եւ Մարգունին նայեց Շերենցին ու գոհունակությամբ ժպտաց, եւ Ռուբոն խորամանկ ժպտալով Շերենցին ասաց՝ «որ Մարգունին չի բողոքում, դու բողոքելու տեղ հեչ չունես», եւ Մարգունին շարունակեց գոհունակությամբ ժպտալ, եւ Շերենցը գոհունակությամբ ժպտալով ասաց՝ «ինձի համար շատ մեծ պատիվ է», եւ Արայիկը փռթկացնելով ասաց՝ «քանի Մարգունին զարթուն ա, էս կենացը խմենք՝ արանքից հանենք», եւ Լեւոն Ներսիսյանի առաջարկած էդ կենացը բոլորս հաճույքով խմեցինք, ու էդ օրը շատ երկար շարունակվեց՝ մինչեւ ուշ գիշեր, ու էդ օրվա սեղանի ամբողջ ծախսը Ռուբոյի վրա էր, եւ երբ Ռուբոն հաջորդ շիշ օղին բերել տվեց, Արայիկը նորից ասաց՝ «էս Ռուբոն ամեն ինչ կանի, մենակ թե՝ էդ պատմությունը չպատմի», եւ Շերենցն ասաց՝ «որ էսքան չխնդրեինք, վայ թե պատմեր», եւ Ռուբոն ասաց՝ «էդ պատմությունը հազար անգամ լսել եք», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Վարպետ Շիրազը չի լսել» եւ ինձ նայելով ավելացրեց՝ «Արմենակն էլ չի լսել», եւ Ռուբոն թարս նայեց ինձ, մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Արմոն ինքն ա էդ պատմությունը սաղի մոտ պատմում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞ւմ մոտ եմ պատմել», եւ Ռուբոն թարս նայեց ինձ, մի քիչ մտածեց ու ասաց՝ «արժողչարժողի», եւ Շերենցը Շիրազին նայելով ասաց՝ «փաստորեն, էդ պատմությունը մենակ Վարպետը չի լսել», եւ Ռուբոն ասաց՝ «ես մի օր հատուկ Վարպետի համար էդ պատմությունը կպատմեմ», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «սրանից լավ օր դժվար թե էղնի, Ռուբեն ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դժվար թե մեկ էլ էսքան վարպետներով իրար գլխու հավաքվենք», եւ Շիրազը ժպտալով Ռուբոյին հարցեց՝ «ըդիկ էն պլաստիլինի պատմությունը չէ՞», եւ Շերենցը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «փաստորեն, Վարպետին  էլ ես պատմել», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «էդ պատմությունն ինձի Արայիկս է պատմել», եւ Ռուբոն թարս նայեց Արայիկին ու ասաց՝ «Արայիկն էլ ա էդ պատմությունն ամեն տեղ պատմում», եւ Արայիկը խորամանկ ժպտալով Ռուբոյին հարցրեց՝ «արժողչարժողի մո՞տ», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն տեղ», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին հարցրեց՝ «հիմի չես պատմելո՞ւ», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «կարող ա՞ թութակ եմ, որ նույն բանը նույն մարդկանց համար մի քանի անգամ պատմեմ», եւ Շերենցը Ռուբոյին ասաց՝ «իզուր կնեղենաս, Ռուբեն ջան», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ նեղանում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նեղսրտես գը», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ էլ նեղսրտում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Արայիկն ամեն ինչ անում ա, որ նեղանամ, բայց ես իմ ախպերներից նեղանալու սովորություն չունեմ», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու Ռուբոյին ասաց՝ «շատ ճիշտ կէնես, օր Արայիկին քեզի ախպեր կհամարես», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «սաղիդ էլ ախպեր եմ համարում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իմ մեծ ախպերներն եք» եւ ինձ նայելով  ավելացրեց՝ «իմ մեծ ու փոքր ախպերներն եք», եւ չնայած էդ օրը շատ երկար նստեցինք, Ռուբոն էդպես էլ եզդիների պատմությունը չպատմեց, եւ ես էդ ամբողջ ընթացքում զգում ու հասկանում էի, որ էդ օրն ինքն էդ պատմությունը չի պատմի, որովհետեւ Ռուբոն էն տղերքից է, որոնք մշտապես իրենց շրջապատի ու իրենց մոտիկների հանդեպ պատրաստակամ լինելով՝ երբեք որեւէ մեկի հրամանով ու թելադրանքով որեւէ բան չեն անում, եւ ինչ էլ որ իրենց շրջապատի ու իրենց մոտիկների համար անում են, իրենց սրտի ու իրենց մտքի հրամանով ու թելադրանքով են անում, եւ Ռուբոն էդ մարդն ու էդ անձնավորությունը լինելով՝ բնական է, որ էդ իրիկուն էդ պատմությունը չպիտի պատմեր եւ չպատմեց,  բայց, ի տարբերություն Ռուբոյի, ես էդ պատմությունը պարտավոր եմ ձեզ համար պատմել, որովհետեւ էդ պատմության մասին էսքան խոսելուց հետո էդ պատմությունը չպատմելն իմ կողմից ուղղակի անշնորհքություն կլինի, եւ, իհարկե, էդ պատմությունը հենց հիմա ձեզ պատմելն ինձ համար անհամեմատ հեշտ է, քան՝ էդ օրը Ռուբոյի համար, բայց, այդուհանդերձ, չեմ շտապում եզդիների էդ պատմությունը ձեզ համար պատմել, որովհետեւ ես էլ եմ էն մարդկանցից, որոնց անհնար է հրամայելով ու ստիպելով որեւէ բան անել տալ:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել