Լրահոս
Օրվա լրահոսը

Վիոլետը չի դիմանում 1-օրյա հացադուլին. «Վատ եմ զգում» (Տեսանյութ)

Մարտ 15,2013 17:03

Նա հացադուլից հետո իր խաղիկների փոխարեն ողբերգություն է գրելու, կամ էլ խոհարարական բաղադրատոմս

Այսօր առավոտվանից Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին է միացել նաեւ բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը: Նա հայտարարել է մեկօրյա հացադուլ:

Aravot.am-ի հետ զրույցում Վիոլետն ասաց, որ դա խորհրդանշական բնույթ է կրում. «Իրական հացադուլը դուք գիտեք, չէ՞, թե մարդը ինչքան է իր առողջությունը վնասում: Սա ընդամենը խորհրդանշական ժեստ է: Ես չգիտեմ՝ կարո՞ղ եմ ավելին անել: Հիմա ես տեսնում եմ, որ նույնիսկ մեկ օր վատ եմ զգում: Չգիտեմ՝ կարո՞ղ եմ դա անել, թե՞ ոչ: Ես նոր տեսնում եմ, որ իսկապես դժվար բան է դա անելը»:

Նա ասաց, որ նույնիսկ սուրճ չի խմել եւ միայն հույս ունի, որ գոնե մեկ օր կդիմանա. «Շատերը կան, որ ուզում են ինչ-որ կերպ նպաստել, բայց չեն պատկերացնում ինչպես: Դժվար բան է հացադուլ անելը իսկապես, երկար ժամանակով»:

Նշենք, որ դեռեւս Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի առաջին օրերին մի քանի երիտասարդներ միացան նրան, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց նրանց չվնասել առողջությունը եւ չանել դա: Վիոլետ Գրիգորյանին նա նույնպես մոտեցել եւ խնդրել է նույնը, սակայն հաշվի առնելով, որ հացադուլը մեկօրյա է, ընդունել է:

Թե հացադուլը պայքարին ի՞նչ կտա՝ Վիոլետը չգիտի. «Ես հարգում եմ իր որոշումները եւ քաղաքական այն ամբողջ մշակույթը, որ նա բերում է, իր անձի պատասխանատվությունը դրանում: Դա մեծ չափ է պատասխանատվության եւ անձնազոհության: Իր դեպքում քաղաքականության մեջ մտնում են նորից բարոյականություն բառի ամենաբարձր իմաստով էթիկան, նորից մուտք է գործում: Կյանքը փոխելու համար մարդիկ այս ձեւերին են գնում, ոչ թե քաղաքականն շախմա՜տ: Սա իսկապես կյանքի փոխման, հեղափոխական իմաստով, անձնազոհության իմաստով այդ բոլոր հասկացությունները վերադարձնում է քաղաքական դաշտ»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն ասել էր, որ իր կարծիքով հասարակությունն արժանի չէ Րաֆֆի Հովհաննիսյանի այս տեսակ անձնազոհությանը: Մեր հարցին՝ համաձա՞յն եք՝ Վիոլետ Գրիգորյանը պատասխանեց, որ հասարակություն բառն իր համար վերացական է. «Ես գիտեմ, որ քաղաքական ցինիզմը մեզանում շատ է: Ես գիտեմ, որ իշխանությունը վարակեց մարդկանց այդ ցինիզմով: Իհարկե, նայած մարդու: Այդքանից հետո տեսնել այսքան մարդկանց, որոնք ցինիկ չեն, կարողանում են պայքարել, իմանանք, որ որոշակի հասարակություն ունենք: Հենց մենակ ընտրությունները ցույց տվեցին»:

Մենք Վիոլետից հետաքրքրվեցինք, թե այսօրվա իրավիճակի մասին պատրաստվո՞ւմ է ինչ-որ հարմար խաղիկներ, բանաստեղծություններ գրել: Նա պատասխանեց. «Հիմա մի քիչ ստամոքսս ցավում ա, խաղիկի տրամադրություն չունեմ: Եթե գրեմ՝ ողբերգություն դուրս կգա, կամ էլ խոհարարական բաղադրատոմս: Ավելի լավ է հետո գրեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ախչի Վիոլետ, դու քեզ օյինի մեջ մի գցի: Այդտեղ շատ լուրջ բան է տեղի ունենում, այնքան լուրջ,
    որ մինչ օրս նման բան տեղի չի ունեցել մեր երկրում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031