«Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ, դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա…», այս խոսքերի հեղինակը Լեոնիդ Ենգիբարյանն է. ծաղրածու, ով լույս էր սփռում ամենուր:
Այսօր՝ մարտի 15-ին, կրկեսի հայ դերասանը կդառնար 78 տարեկան, և եթե կյանքի դռներն իր առջև չփակվեին, նույնիսկ այս տարիքում նա կկարողանար ուրախացնել մարդկանց ու անկեղծ ժպիտներ նվիրել: Աշխարհահռչակ ծաղրածուն հրաժեշտ է տվել իր կյանքին, երբ ընդամենը 37 տարեկան էր:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի ծաղրածու Յուրի Նիկուլինը Ենգիբարյանի մասին ասել է. «…Ենգիբարովն առանց որևէ բառ արտասանելու հանդիսատեսի հետ խոսում է սիրո ու ատելության, մարդու նկատմամբ հարգանքի, ծաղրածուի հուզառատ սրտի, մենության և ունայնության մասին: Եվ այս բոլորը նա անում է մաքուր, նուրբ, անսովոր»:
«Ենգիբարյանի նման երկրորդը չի լինի երբեք, բայց ես կուզենայի մի փոքր Ենգիբարյան ունենալ իմ մեջ. նրա խաղը, նրա անկեղծությունն ու պարզությունը բեմում… աննկարագրելի է», – ասում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Արամ Հովհաննիսյանը: Արամը ևս ցանկանում է ծաղրածու դառնալ, թեև կարծում է, որ ծաղրածու ոչ թե դառնում են, այլ ծնվում: «Բեմն իմ կյանքն է, առանց դրա չեմ կարող լիարժեք ապրել, իսկ մարդկանց ժպիտ պարգևելն ամենամեծ օգնությունն է, որ կարող է երբևէ լինել», – ասում է նա: Լեոնիդ Ենգիբարյանը ծաղրածու-դերասանի իդեալական կերպարն է նրա համար. «Շատ անգամներ եմ կարդացել Ենգիբարյանի մասին, նրա ստեղծագործությունները, դիտել եմ ներկայացումները, բայց մեկ է, երբեք չեմ ձանձրացել, ամեն անգամ մի նոր բան էի գտնում, – ասում է Արամն ու ավելացնում, – Լեոնիդ Ենգիբարյանն իսկապես մեծություն է, որին միշտ ենք կարոտելու»:
Սոցիալական ցանցերում ևս աննկատ չի մնացել այս օրը. նկարներ, ստեղծագործություններ, տեսանյութեր՝ Ենգիբարյանի մասին:
Իսկ վաղն արդեն մի շարք երիտասարդներ կկազմակերպեն երթ՝ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան առթիվ: 168.am-ի հետ զրույցում երթի կազմակերպիչներից Արփինե Զորիկյանը ասել է, որ երթի իմաստը՝ հայ հանրության ուշադրությունն իր հանճարեղ զավակներից մեկի վրա հրավիրելն է. «Ինչպես ձեզ հայտնի է, Լեոնիդ Ենգիբարովը ազգությամբ հայ է և հայերիս համար նա միշտ էլ Ենգիբարյան է եղել: Ցավոք, աշխարհին հայտնի մնջախաղացն ու ծաղրածուն իր ծննդյան օրվա առթիվ ամենաքիչը հիշվում է հենց իր հայրենիքում: Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը նշում են Մոսկվայում, տարբեր մշակութային օջախներում, այդ օրը ռուսական տարբեր հեռուստաընկերությունների եթերում անդրադառնում են նրա արվեստին, իսկ մերոնք հաճախ մոռացության են տալիս։ Մենք Ենգիբարյանի արձանը ունեինք, որը գտնվում էր Երևանի Կրկեսի շենքի առջև, այսօր դա էլ չկա», – նշել է նա:
Ստորև ներկայացնում ենք աշխարհահռչակ ծաղրածուի կրկեսային համարներից մեկը.
Տիգրանուհի Թասլակյան