Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը խոստացել է խոսել իր վնասվածքների մասին դատարանում

Մարտ 15,2013 16:15

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսին բռնարարքի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի եւ բռնարարքի ենթարկված չորս տուժողների գործով այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություններով հանդես եկան 6 ամբաստանյալների պաշտպանները: Նրանք միջնորդեցին, որպեսզի դատարան հրավիրվեն ռեստորանային համալիրի մենեջերներ Դավիթ Հայրիյանը եւ Մանուկ Մնացականյանը: Պաշտպանական կողմի հիմնավորումն այն էր, որ դատարանը լսել է երկու վկաներին՝ ռեստորանային համալիրի տնօրենին եւ մենեջերին, ում զանգել է տուժող կողմը՝ տեղ պատվիրելու նպատակով: Մինչդեռ այս մենեջերները անմիջական իրենք են եղել դեպքի օրը:

Թեեւ մեղադրող Արթուր Դավթյանը եւ տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը չառարկեցին այդ միջնորդության դեմ, ասելով, որ թողնում են դատարանի հայեցողությանը, սակայն դատարանը չբավարարվեց պաշտպանների այն պնդումով, թե էական հանգամանք կարող է բացահայտվել այդ վկաներին դատակոչելով, առաջարկեց Արթուր Բաբլոյանին ցուցմունք տալ:

Պաշտպանական կողմը հանդես եկավ միասնական մարտավարությամբ, այն է՝ ամբաստանյալն իրավունք ունի տվյալ փուլում ցուցմունք չտալ եւ որ իրենց պահանջած վկաներն էլ, եթե լրատվամիջոցներից տեղեկանան ամբաստանյալների տված ցուցմունքների մասին, ապա իրենց միջնորդության հետագա բավարարումը կարժեզրկվի: Ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արման Խաչատրյանի կարծիքով, դատարանը մրցակցության սկզբունքը կխախտի եւ դատարանը պետք է հնարավորություն տա, որպեսզի օրենքով սահմանված հնարավորությունից՝ այն է՝ ցանկացած փուլում ցուցմունք տալու, ամբաստանյալը օգտվի: Ընդ որում, այդ կարծիքին էին նաեւ Նորայր Հայրապետյանի պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը, ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպանը՝ Մարինե Թովմասյանը, Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը:

Որքան էլ ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին հորդորեց, որ ամբաստանյալը տվյալ փուլում է հրաժարվում ցուցմունք տալ եւ ոչ թե ընդհանրապես, դատարանն անցավ ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքների հրապարակմանը, ասելով, որ ամբաստանյալը հրաժարվում է ցուցմունք տալ:

Հրապարակվեց առաջին ցուցմունքը, որտեղ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել եւ չի ցանկացել պաշտպան ունենալ՝ կապված նյութական վիճակի հետ: Ամբաստանյալը հրաժարվել էր նաեւ ցուցմունք տալ եւ պատասխանել նախաքննության մարմնի առաջադրած հարցերին: Երկրորդ ցուցմունքը ամբաստանյալը տվել էր մեղադրանք առաջադրելուց հետո, արդեն պաշտպանի մասնակցությամբ, կրկին իրեն մեղավոր չէր ճանաչել եւ դարձյալ հրաժարվել էր ցուցմունք տալուց: Դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց անցյալ տարվա օգոստոսի 8-ին ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի նախաքննական ցուցմունքը: Ամբաստանյալը ենթարկվել էր դատաբժշկական քննության եւ նրա մարմնին առկա են եղել քերծվածքներ: Ամբաստանյալը հայտնել էր, որ մարմնական վնասվածքների մասին կտեղեկացնի դատարանում:

Դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց նաեւ Արթուր Բաբլոյանի հետ տուժողներ Արկադի Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Արկադի Աղաջանյանի հետ նրա առերես հարցաքննությունները:

Ի դեպ, այսօր դատարան չէին ներկայացել 4 տուժողները եւ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031