Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, իրականացրել է Համաստեղի «Հայու ոգին» բանաստեղծության տեսահոլովակի նախագիծ:
Կենտրոնի նախագահ Նադյա Անտոնյանը «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ներկայացրեց Համաստեղի «Հայու ոգին» բանաստեղծության տեսահոլովակի նախագծի մանրամասներն ու նպատակները: Նրա խոսքերով՝ նախագծի նպատակն է մատաղ սերնդին ներկայացնել անաղարտ մայրենին, հայ գրականության գոհարները, դրանցում առկա բարձր արժեքները:
Նախագիծը իրականցնելու համար ընտրվել են ՀՀ անվանի արվեստագետներ Հովհաննես Չեքիջյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Սամվել Մուրադյանը, Ազատ Գասպարյանը, Արա Գևորգյանը, Նելի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը, ինչպես նաև կենտրոնի ավագ և փոքր սերնդի ներկայացուցիչները:
Ասուլիսի ընթացքում ցուցադրվեց տեսահոլովակը, որը բուռն արձագանք ստացավ, ինչպես նաև մի փոքր բեմադրություն իրականացվեց Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաների կողմից:
«Այսօր, մեր խորին համոզմամբ, անաղարտ հայերենը մեր հասարակության տարբեր ոլորտներում այնքան ել հաճախ չի հնչում, դեռ ավելին՝ մենք հաճախակի հանդիպում ենք աղավաղված հայերենի՝ մասնավորապես երիտասարդության շրջանում: Հետևաբար Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնը ճիգ ու ջանք է ներդնում իր համեստ կարողություններով, որպեսզի երիտասարդության շուրթերով ներկայացվի հայոց լեզուն անաղարտ, մաքրամաքուր, ոսկեղենիկ մակարդակով»,- ասաց Նադյա Անտոնյանը:
Բացի այս նախագծից, Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնը տարբեր ձևաչափերով միջոցառումներ է իրականացնում Հայաստանի տարբեր գյուղերում, քաղաքներում, Արցախում, սփյուռքում:
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հայի ոգին՝, Ազատության Հրապարակում է, իսկ մնացածը՝ դեմագոգիա: