Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրինա Զաքյանը «Մարո» կդառնա

Մարտ 15,2013 15:40

Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերան կրկին շունչ կառնի

Մեծանուն կոմպոզիտորներ Լուցցիի, Ֆրանկի, Վերդիի, Կաչչինիի, Բախ-Գունոյի, Շուբերտի, Տոստիի ստեղծած կնոջ մեծարանքի, մայրության հանդեպ հարգանքի արտահայտություն հանդիսացող «Ավե Մարիա»-ներով ու հայ հոգեւոր երաժշտության գոհարներով երգչուհի Իրինա Զաքյանը օրերս հանդես եկավ Արցախում՝ ԼՂՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Մուրադյանի ղեկավարած տեղի պետական կամերային նվագախմբի ընկերակցությամբ: Համերգին «Ավե Մարիա»-ներին համահունչ տեքստերի ընթերցմամբ հանդես է եկել ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը:

«Առավոտի» հետ զրույցում Իրինա Զաքյանն ասաց, որ այս ծրագիրը ապրիլին կներկայացվի նաեւ մոսկովյան հանդիսատեսին, որից հետո կկրկնեն Երեւանում: 20-ամյա բեմական կենսագրությամբ երգչուհին, ով այս տարիներին հանդես է եկել եվրոպական եւ ամերիկյան մի շարք երկրներում, նշելով, թե համաշխարհային վոկալ գրականության «Ավե Մարիա»-ների տեքստերը, որ հիմնականում նույն բովանդակությունն են պարունակում, այն է՝ աղոթք սուրբ Մարիամին, որպեսզի բարեխոսի իր որդուն՝ մեր մեղքերը ներելու համար, մեկ ծրագրի ընթացքում ներկայացված շարքը արցախցի հանդիսատեսը ունկնդրել է, իր խոսքերով՝ քար լռությամբ: Հարցին, թե ինչո՞ւ ծրագրում չի ընդգրկել միակ հայ կոմպոզիտորի՝ Տիգրան Չուխաջյանի ստեղծած «Ավե Մարիա»-ն, որին, չգիտես ինչու, հաճախ չեն դիմում վոկալիստները, երգչուհին պատասխանեց, չուխաջյանականը տեղ ունի իր երկացանկում, հավելելով, որ այն քանիցս ներկայացրել է ոչ միայն հայաստանյան համերգներում, այլեւ արտերկրյա:

Սոպրանո Իրինա Զաքյանը համակարծիք չլինելով մեր այն դիտարկմանը, թե լայն հանդիսատեսին ինքը հայտնի է իբրեւ կամերային երգչուհի, հիշեցրեց, որ իր կարիերայի սկզբում մի քանի տարի աշխատել է Ազգային օպերային թատրոնում, դերերգերով ներկայացել է նաեւ արտերկրում, հետո էլ հավելեց. «Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող օպերաների համերգային կատարումներում հանդես եմ եկել այնպիսի գլխավոր դերերգերի կատարմամբ, ինչպիսիք են Մարիա Բոկանեգրան (Վերդի՝ «Սիմոն Բոկանեգրա»), Դեզդեմոնան (Վերդի՝ «Օթելլո»), Լիուն (Պուչինի՝ «Տուրանդոտ»), Նեդդան (Լեոնկավալո՝ «Պայացներ»), Ջորջետան (Պուչինի՝ «Թիկնոցը») եւ այլն»: Մեր զրուցակիցը հատկապես նշեց ժամանակին Ազգային օպերային թատրոնում մարմնավորած իր Պաոլինան՝ Դոնիցետիի «Պողիկտոս» ներկայացման մեջ՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ: Իսկ թե այս պահին ունի՞ օպերային դերերգի որեւէ առաջարկ, Իրինա Զաքյանը ընդամենն ասաց, որ պատրաստում է Մարոյի դերերգը Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերայում, այդպես էլ «չգաղտնազերծելով»՝ ո՞ւմ կողմից է հրավերը, Հայաստանո՞ւմ է բեմադրվելու… Իսկ հիշյալ օպերան մեր թատրոնում ունեցել է երկու բեմադրություն: Առաջինը 1958-ին իրականացրել է Վավիկ Վարդանյանը, իսկ հետո՝ Եվգենի Չանգան, խաղացանկում էլ մնացել է մինչեւ 1970-ականների կեսերը: Մարոյի դերերգն էլ հիանալի են կատարել հայկական օպերային արվեստի երախտավորներ Աիդա Դումանյանը, Ելենա Վարդանյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031