Լրահոս
Օրվա լրահոսը

Թղթե շերեփի թղթակառույց առասպելը

Մարտ 15,2013 15:38

Praha_2«Հայոց արյունի մեղքը եվրոպացիների վրա է, նրանց համար ողջ հայերը՝ եղած չեղած՝ հավի չափ արժեք չունեն: Ստորության եւ եղեռնի դրոշակակիր պետություններ, կեղծ, դավող, խաբող դրոշակներ՝ փոքր ազգերին առաջ նետող ու կոտորել տվող» (Ավետիք Իսահակյանի օրագրից է՝ գրառված 1916թ. սեպտեմբերին: Հայոց Մեծ եղեռնից մեկ տարի անց):

2013թ. մարտի 2-ն էր: Եվրոպայի սրտում պերճորեն բացված Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, հետխորհրդային սփյուռքի մի հոծ զանգված, բողոքի ցույց է նախաձեռնել Սումգայիթի ոճրագործության 25-ամյակի առիթով: Պաստառների բովանդակությունը, թերեւս մեծ բանաստեղծի խռովքի, ցասումի ու դժգոհության իմաստով, 97 տարի անց էլ նույնն են, չեն փոխվել: Հայ ժողովրդի վզին փաթաթված արցախյան պատերազմի ճշմարտությունը չի փլուզում քաղաքակիրթ, քրիստոնյա, լուսավոր Եվրոպայում նավթադոլարներով կառուցված «չեզոքների» անտարբերության չինական պարիսպը. ամենաշատը՝ գռեհիկ հավասարություն՝ դահճի ու զոհի միջեւ՝ հօգուտ դահճի: Օրերս, Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի արտահերթ նիստը հայտարարություն տարածեց՝ «Ադրբեջանի Խոջալի քաղաքում տեղի ունեցած սպանդի 21-ամյակին, ադրբեջանական ժողովրդին ցավակցելու մասին» բովանդակությամբ: Եվ այսօրվա բողոքի երթը, արյունոտ գազանին զսպելու, Սումգայիթ ու Բաքու հիշեցնելու համար չէ միայն, այլ փողասեր ու շահամոլ Եվրոպային ասելու, որ վարձք ու հատույց ստանալու դիմաց պատմության մեջ չտեսնված հանցագործին արդարացնելը, ընդամենը պոռնիկի հոգեբանություն է: «Հանձնաժողովը բազմակողմանիորեն տեղեկացված չի եղել, ու այսպիսի մանրամասներ չի իմացել Սումգայիթի ու արցախյան պատերազմի պատմության մասին»: Չեխիայի խորհրդարանում հայ-չեխական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհինի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ խոստովանեց հայտարարությունն ընդունած ԹՈՓ-09 կուսակցության անդամ Վացլավ Կուբատան: «Սումգայիթ, սովորական ցեղասպանություն» եւ Ցվետանա Պասկալեւայի «Իմ սիրելի ողջեր ու մեռածներ» ֆիլմերը ծանր տպավորություն են թողել, Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի խոսքը լրացրել է ֆիլմի թողած ճնշող տպավորությունը, ակնհայտ է չեխ խորհրդարանականների շփոթմունքը, ֆիլմից հետո քննարկումն արագ ավարտելու ու աճապարանքով դահլիճից հեռանալու հասկանալի վարքը: «Որեւէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ, պետք է լավ ուսումնասիրել եւ ապացուցել, որ Չեխիան, իրոք, չեզոք է այս հակամարտության մեջ: Եվ նույն հանձնաժողովում ընդունել Սումգայիթի իրադարձությունները դատապարտող բանաձեւ: Հակառակ դեպքում, սա այն է, ինչն իմ խոսքի սկզբում անվանեցի քաղաքական ցինիզմ»: Ապրես, Ցվետանա, շնորհակալություն քո հավասարակշիռ ու անխոցելի ելույթի համար: Շնորհակալություն քեզ՝ Խոջալուի դեպքերի ականատես լրագրող Դանա Մազալովա՝ ամենուր քաղաքական այս ցինիզմը արմատահան անելու քո ազնիվ աջակցության համար: Մենք դիվանագիտության մեջ անբուժելի ռոմանտիկներ ենք: Դահճի ու նրա սանտիմը սիրող «չեզոքների» նավթադոլարանոց վճիռներին փորձում ենք հակակշռել քրիստոնյա Եվրոպայի խիղճը խայթահարող ուղղամիտ արդարությամբ: Սիրիր քո թշնամուն, ասում է քրիստոնյա Եվրոպան: Ու սիրելով էլ սեղմում է բարբարոսի ձեռքը՝ Հայոց ցեղասպանությունից մինչեւ հիմա: Քննարկմանը հրավիրված ադրբեջանցի ուսանողները խավարի մեջ խարխափող կույրի են նման, ու նրանց համար, ըստ երեւույթին, աշխարհը նորից հայտնաբերել է պետք: «Խոջալուի մասին հենց Զորի Բալայանն է գիրք գրել, ուր նկարագրում է, թե ինչպես ինքն ու ընկերը Խոջալուում իրենց ձեռքերով են խեղդամահ արել օրորոցում պառկած զույգ ադրբեջանցի երեխաներին»: Զարհուրում եմ, ասիական այս գռեհիկ ու կոպեկանոց ստի պարագիծն անչափելի է: «Գուրգեն Մարգարյանը բոլորովին էլ քնած չի եղել»: Գուրգեն Մարգարյանին վերագրված ադրբեջանցիների սոսկալի շանտաժի մնացած հատվածը անկարող եմ բառերով արտահայտել: «Մեղադրանք կպցնելու» մեջ էլ լորձնամիտ ուղեղը չի առաջադիմել դարերի էվոլյուցիայի մեջ: Ու միայն դառը ծիծաղ կարող է հարուցել: Ահա թե ինչ աղբով է կերակրվում արյունարբու ոսոխի նեխած գանգը: Կառլովի համալսարանի ուսանողներ են, ինչքան ջահել, նույնքան տգետ: Առանձնապես ջանք էլ չեն թափում՝ պնդելու իրենց «ճշմարտությունը», մեջքները պինդ է: Գրպանները՝ լի: Շահով է չափվում ամեն մի արժեք, այս խորհրդարանն ինչու պիտի բացառություն լինի: Եկել են այդքանը ասելու, ու տուն գնալու նրանց ճանապարհն անցնելու է ադրբեջանական դեսպանատան դրամարկղի մոտով: Մենք՝ գրպաններս ծակ, մեջքներս պաղ, թղթե շերեփի թղթակառույց առասպելը դարերի մեջ շալակած, գնում ենք սուրճի մրուրով ցրելու մեր պետական անտերության ու բարոյական հաղթանակի հերթական անպտուղ չափաբաժինը: Ո՞վ ենք մենք, Եվրոպայի այս գեղեցիկ քաղաքում, գարնանային այս պայծառ եղանակին բողոքի ցույց անող հայերս: Ի՞նչ ենք ուզում: Արցախյան պատերազմը հավասար հաղթած, պատերազմի կարիքը սիրով տարած, բայց անարդար բաժանումից երկիրը լքած մի բուռ հայերս: Նկարիչ, լրագրող, ուսուցիչ, գործարար, ազատամարտիկ: Մի ամբողջ երկրի մշակույթին հերիքող ընտրանի: Ո՞վ է մեզ ստիպել փողոց դուրս գալ ու պահանջել, որ շահամոլ օտարը ճանաչի մեր ճշմարտությունը, զոհի մեր իրավունքը: Երբ մեր քաղաքացիական, սահմանադրական ու բարոյական իրավունքները կոպտորեն ոտնահարված են մեր իսկ երկրի մեջ: Երբ Հայրենիքի հաշվեկշռում էլ Սփյուռքի հանդեպ նույն շահն է՝ շնից մազ պոկելու չարչիական ցինիզմը: Երբ սփյուռքահայ դպրոցականի բերած օրապահիկի գումարից չեն հրաժարվում իրենց միլիոնները բարձի տակ դրած, «հավերժ կարիքի մեջ ապրող», ձեռքն աշխարհին պարզած մեր Հայրենիքի մեծապատիվ մուրացկանները: Մինչդեռ, նավթադոլարով քաշած չինական պարիսպը հասույթի անսպառ աղբյուր է դարձել քրիստոնյա Եվրոպայի թյուրքասիրության ավազանին: Որտեղ եք, ասֆալտ ու չուստ լիզող թալանի գեներալներ, հայոց ազգային զուլալ շարժումը քարավանին բարձած գավառական գողեր, մեռելների քվեն աճուրդով «հաղթած» քաղաքական պոռնիկներ, պրահաներում գույք ու հարստություն ձեռք բերած նախկին մուրացկաններ: Բաց արեք թալանի պարկերը: Սումգայիթյան եղերավեպը կամ Արցախի խնդիրը Սփյուռքի հրապարակային այս ռոմանտիզմը չէ, որ լուծելու է: Կոպիտ շահի դեմ Քրիստոս Աստված, անգամ, անզոր է: Բողոքի երթը ծունկ է տալիս, կանգ առնում Պրահայի Ստարոմեստսկա կենտրոնական հրապարակում: Ցուցարարները մեգաֆոնով կարդում են Սումգայիթի ոճրագործության մասին պատմական տվյալներ, ապա նաեւ բողոքի նամակ՝ ուղղված Չեխիայի խորհրդարանին: Չեղյալ համարելու Խոջալուն դատապարտող հայտարարությունն ու ընդունել Սումգայիթի ցեղասպանությունը դատապարտող նոր նախագիծ: Ցույցի մասնակիցների թվում Պրահայի շաբաթօրյա դպրոցի երեխաներն են, տարբեր տարիքի, նրանց գործը Սումգայիթի մասին եռալեզու բուկլետները աշխույժ բաժանելն է ու ծնողների աչքից հեռու չմնալը: Թուրքը մեր նման փողոց դուրս չի գալիս: Ու նրանց բողոքի ցույցերն իրենք չեն առաջնորդում, ինչն արել է այսօր մեր դեսպանն իր ընտանիքով: Թուրքը Կառլովի համալսարանից տարբեր ազգերի ուսանողներ է վարձում, վրանները խփում Եվրոպայի սրտում ու նրանց դնում մեջը, ինքը մնում է աներեւույթ: Վրան մտնողը հակահայկական գրականության հետ, ստանում է նաեւ սնունդ ու ջրեղեն: Էհ, միլիոն մարդ էդ հրապարակում, ո՞ր մի տուրիստն ու ուսանողը ձրի սնունդի կողքով անտարբեր կանցնի: Ադրբեջանական մաֆիան պատերազմ է հայտարարել ու միջոց չի խնայում ամենուր խեղդամահ անելու հայկական հարցը: Իր թալանի փողը խաղատներում չի մսխում, պարտք ունի իր երկրի առաջ: Իր ճիրաններով ամենուր խրվել է եվրոպական օրենսդիր մարմինների սիրտը, ակտիվ ու նպատակասլաց ֆինանսավորում է հակահայկական բոլոր ձեռնարկները: Ռամիլ Սաֆարովի կամ չեխական խորհրդարանի դեպքը միակը չէ: Ամեն օր մեծ ու փոքր սաֆարովներ են շրջում քրիստոնյա Եվրոպայի քաղաքական կուլիսներում: Ու մեր ծակ գրպանի, պաղ թիկունքի, անիրավունք անտերության թղթե շերեփը էլի քամին քշում, դեմ է անում նավթադոլարներով բարձրացող չինական պատին: Շատ եմ ուզում ասել մեր երկրի օդ ու ընդերք հափռած, Արցախը սրտից հանած անկուշտ գազանին, պղնձի, ոսկու, տրավերտինի ու ցեմենտի միլիոնավոր դոլարները երկրից դուրս հանող անհայրենիք գնչուներին. բա դուք հա՞յ եք, բա դուք տղամա՞րդ եք: Տղամարդը մեր կռված տղա Նորոն է, որ չհամբերեց, մեն մենակ մտավ, պատառոտեց թուրքի վրանն ու գետնին փռեց թուրքի թուղթ ու գիրը: Սեւ Խոջալու բերեց գլխներին: Այստեղ՝ նավթադոլարներ ծախսող Եվրոպայի սրտում: Ծակ գրպանով, թիկունքը պաղ, անիրավունք անտերությունից գժված մեր գիժ Նորոն: Բողոքի ցույցն ավարտվում է Հուսովա փողոցի սուրբ Եղիայի եկեղեցու մոտ: Դրոշներն ու պաստառները հավաքում, դնում ենք նկարիչ Գոռ Ավետիսյանի գունառատ պատկերասրահում, որ եկեղեցու ճիշտ դիմացի մայթին է: Դրսում խումբ- խումբ հավաքված հայերի թեման Հայաստանն է, Րաֆֆի Հովհաննիսյանի ետընտրական ձեռնարկները: Ինչ է լինելու: Մեր մասին խոսք կա՞: Մի բան կփոխվի՞: Քիչ հետո կսկսվի հոգեհանգստյան պատարագը: Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը շնորհակալություն կհայտնի ցույցի մասնակիցներին ու կհորդորի անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել պաշտպանելու մեր Հայրենիքը, թիկունք լինել Արցախի հարցի միջազգային ճանաչմանը՝ ապահովելով երջանիկ եւ արարիչ կյանքով ապրելու արցախցիների արդար իրավունքը: Դեսպանի խոսքն ուղղված է մեզ՝ արտերկրում ապրող հայ քաղաքացիներիս, ովքեր դրսի բազում մարտահրավերների դեմ կանգնած են ամուր՝ սահմանն անառիկ հսկող բերդապահ զինվորի պես: Կանգնած են նաեւ առ Հայրենիք պարտականության եւ իրավունքի անարդար, անհավասար նժարն այլեւս չհանդուրժելու եւ Հայրենիքում իրենց քաղաքացիական անձնապատկան իրավունքի տերը լինելու անշրջելի կամքով: Դիմացն ապրիլի 24-ն է: Պետք է շատ լուրջ պատրաստվել, նոր բան մտածել ու չնահանջել: Հիշեցի Սոնայիս ու ժպտացի: Ցույցի գնալիս, քնից մի կերպ աչքերը բացելով ծոր տվեց.

– Էլի ոտի վրա՞ եք… էս հայերը ե՞րբ են հանգստանալու… թե ասա՝ այ մարդ, ապրեք, էլի…Ու ալարկոտ դժգոհությամբ հագավ շորերը:

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Պրահա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nadya says:

    Հիացած եմ այս հոդվածը կարդալով: Հեղինակը իր հիանալի մեկնաբանություններով ու վերլուծումներով հասանելի է դարձրել հայոց ցավը թե’ եվրոպային և թե’ սեփական ժողովրդին:Առաջին անգամը չէ, որ մեր հոդվածագիրը, մեր սիրելի Շուշանը հայ ազգի ազնիվ պայքարի ջատագողներից մեկը ապրելով Պրագայում պատրաստակամ գործնական քայլերով իր ետևից է տանում Պրագայի հայությանը:Մարդիկ, որոնք գիտեն իրենց պատմությունը, մշակույթը, անցյալը ու ներկան:Ես իհարկե շատ հուզվեցի այս ամենը կարդալով և միշտ էլ անթաքույց հիացմունքով եմ հետևել մեր հոդվածագրի գործնական քայլերին;Այստեղ նա շատերին է շհնորակալություն հայտնում, համեստորեն չարտահայտելով իր արածը:Ես էլ միանում եմ իրեն և շհնորակալություն եմ հայտնում այն անձանց, որոնք կարողացել են փաստերի լեզվով բացատրել եվրոպացիներին հատկապես չեխերին իրականությունը:Եվրոպան միշտ էլ սիրել և գնահատել է այն երկրներին որոնք հարուստ են, ունեն ծով, նավ, ոսկի, նավթ և իկռա:Ես դա վաղուց եմ զգացել իմ սեփական մաշկի վրա, երբ տարիներ առաջ Անգլիայում էի, նրանց արվեստների պատկերասրահում տեսա պատերին ամրացված շատ երկրների դրոշակներ:Եվ միամտորեն հարց տվեցի, իսկ ուր է մերը հայկականը?:Եվ անգլերեն հետևեց պատասխանը ծիծաղելով դուք շատ փոքր երկիր եք , ք արտեզի վրա չեք երևում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031