Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը յոլա չի գնում ազատամարտիկների հետ

Մարտ 15,2013 15:34

Ազատամարտիկ Գեւորգ Ալիխանյանի կարծիքով՝ Սամվել Բալասանյանը Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար ճիշտ ընտրված անձ չէ:

Օրերս ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Գեւորգ Ալիխանյանը բողոք էր ներկայացրել Գյումրու նորընտիր քաղաքապետի դեմ՝ պնդելով, որ վերջինս առանց օրենքները հաշվի առնելու՝ կամայականորեն աշխատանքից ազատում է եղած կադրերին՝ փոխարենը գործի դնելով իր ազգականներին կամ իրեն ընտրությունների ժամանակ ծառայություն մատուցածներին: Ազատամարտիկի բնութագրմամբ՝ Սամվել Բալասանյանը Գյումրու քաղաքապետարանը շփոթում է գարեջրի գործարանի հետ՝ մտածելով, որ այստեղ եւս սեփականատեր է՝ ում կուզի կընդունի, ում կուզի կազատի: «Այն, ինչ փորձում են հեռուսատեսությամբ ներկայացնել, թե եկավ գրագետ, սուրբ Բալասանյանը, էդպես չէ, աշխատող մարդը պետք է կարողանա տարբերել՝ ինքը գարեջրի գործարանի սեփականատե՞րն է, թե՞ քաղաքապետը»:

Ազատամարտիկի վրդովվելու պատճառն այն է, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը աշխատանքից ազատել է նաեւ իրեն, հարկադրել է դիմում գրել, եւ մինչ Գեւորգ Ալիխանյանը նոյեմբերի 2-ին դիմում է ներկայացրել, պարզվել է, որ նա ազատված է նոյեմբերի 1-ով: Նշենք, որ այս ազատամարտիկին աշխատանքի էր ընդունել Վարդան Ղուկասյանը դեռեւս անցած տարվա հուլիսին՝ բնակբաշխման եւ հաշվառման բաժնում: Ազատամարտիկի պատմելով՝ երբ նոյեմբերի 1-ին սովորականի պես եկել է աշխատանքի, իր անունը տաբելում չի եղել, ու փոխանցել են քաղաքապետի հրահանգը՝ դիմում գրի, հեռացի: «Ես փորձեցի ճշտել՝ չէ՞ որ ես աշխատանքային պայմանագիր եմ կնքել, ես ինչո՞ւմ եմ թերացել, ոչ մի կարգապահական խախտում չունեմ, բացատրեցին, որ բաժնում հաստիքի կրճատում է: Ես ասեցի՝ հաստիքի կրճատում է, խնդրեմ՝ կա Աշխատանքային օրենսգիրք, բարի եղեք ծանուցեք»: Գեւորգ Ալիխանյանի ասելով՝ ինքը փորձել է մտնել քաղաքապետի մոտ, սակայն քարտուղարուհուց իմանալով, որ ազատամարտիկը իրեն է սպասում, քաղաքապետը հիստերիայի մեջ է ընկել՝ գոռալով, թե նման մարդ չի ճանաչում: Գեւորգ Ալիխանյանը իր դիմումում շարադրել է. «Քանի որ նպատակահարմար չեք գտնում իմ հետ հետագա աշխատանքը, ուրեմն ինձ ազատեք աշխատանքից»: Ըստ ազատամարտիկի՝ իրեն հրաժարվել են անգամ տրամադրել աշխատանքից ազատման արձանագրության քաղվածքը, բայց երբ ինքը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, քաղաքապետարանից պաշտպանին ներկայացրած արձանագրության մեջ կասկածելի է թվացել իր ստորագրությունը, նաեւ այն փաստը, որ արձանագրությունը իբրեւ թե իրեն է հանձնել Լ. Ջիլավյանը: «Սա կադրերի խնդիր է, իսկ Լենա Ջիլավյանը ֆինանսական բաժնի ղեկավար է, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում էլ հասկացան, որ էստեղ ինչ-որ զեղծարարություն կա»: Սակայն ազատամարտիկին առավել շատ վրդովեցրել է հարցի բարոյական կողմը. ըստ նրա՝ ժամանակին մեծ պաշտոններ զբաղեցրած, հայրենիքը պաշտպանած հրամանատար ազատամարտիկին շարքային պաշտոն անգամ չեն կամենում՝ 63 հազար դրամ աշխատավարձով:

«Սամվել Բալասանյանը իմ հետ վարվեց որպես գործատուն աշխատողի հետ, սա իմ հիմնարկն է, իմ սեփականությունն է, ես չեմ ուզում, որ դու աշխատես, ուրեմն դու չպիտի աշխատես: Երկար տարիներ ԱԺ-ում աշխատող մարդը հոգեբանությամբ մնացել է բիզնեսմեն եւ քաղաք է ղեկավարում: Մեր բաժնից ազատվել եմ միայն ես, եւ իմ փոխարեն աշխատանքի են ընդունել Հարություն Գրիգորյանին՝ Գյումրու մանկավարժականի ռեկտորի փոքր եղբորը: Այսինքն՝ դու՝ ինձ, ես՝ քեզ սկզբունքն է. դու ՏԻՄ ընտրություններում օգնեցիր ինձ, ես՝ քեզ: Բայց քանի որ ՀԱԿ-ը կոնկրետ հստակ դիրքորոշում հայտնեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որ՝ հարգելի Բալասանյան, դու կողմնորոշվիր՝ «Օրինա՞ց» ես, «Բարգավա՞ճ» ես, թե՞ Հանրապետական ես քո գաղափարախոսությամբ, չվազվզեցինք, չասինք՝ ինչ լավն ես, պարոն Բալասանյան, եղավ այս պատմությունը»,- նեղսրտեց ազատամարտիկը:

Ի դեպ, Գյումրու քաղաքապետը չի համաձայնել անգամ ազատամարտիկին որպես պահակ ընդունել, որը ճիշտ այդքան աշխատավարձ է ստանում: Գ. Ալիխանյանի կարծիքով՝ Բալասանյանը անգրագետ կադրերի է աշխատանքի բերում, այնպիսի մարդկանց է բաժնի վարիչներ կարգում, որոնք գաղափար չունեն այդ աշխատանքից, ավելին՝ նա քաղաքապետարանի կեսը լցրել է թոշակառու ոստիկաններով:

Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանի պարզաբանմամբ էլ՝ իրենց մոտ առկա փաստաթղթերով Գ. Ալիխանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, եւ եթե նա անհամաձայնություններ ուներ, ապա կարող էր համապատասխան մարմինների դիմել եւ իր շահերը պաշտպանել: Բացի այդ, ըստ Եգանյանի՝ այն հաստիքը, որը զբաղեցրել է պարոն Ալիխանյանը, այլեւս գոյություն չունի, քաղաքապետարանի այդ բաժինը վերակազմավորվել է, ստեղծվել է նոր բաժին, եւ ավագանու որոշմամբ այլեւս գործակալներ չեն լինելու: «Այն խոսակցությունները, թե իր մատնանշած անձը իր փոխարեն է աշխատում, բացարձակ իրականությանը չի համապատասխանում»: Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքն էլ, ըստ Զոհրապ Եգանյանի, կգնահատի հասարակությունը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երվանդ Ա. says:

    Ճիշտ է ասել Զոհրապ Եգանյանը` գյումրեցիները Գյումրու քաղաքապետարանը կոչում են Ոստիկանության Գյումրու քաղաքապետարանի բաժին`բոլոր մաշված մլիծեկով, իսկ Բալասանյանին՝ժանդարմ: Շաաաատ ճիշտ ասել է տղեն՝՝գյումրեցիներն արդեն տվել են իրենց գնահատականը:Հմի էլ կասեք, որ ՛՛Հերանց տուն է ՛՛ քաղաքապետարանը?, թե ուղղակի նախկին հիշողությամբ մեկը լեզվի սայթաքում էր ունեցել , իսկ Բալասանյանը մտածել էր , թե իրեն տված գնահատական է դա ու 3 օր դրոշակ էր սարքել, որը շատ արագ ճղվեց, ինչպես Բաքվի դրոշը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031