Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն էլ հացադուլ կհայտարարի

Մարտ 15,2013 15:21

ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ Կարեն Անդրեասյանին. «Է՜, հո կրակը չե՞նք ընկել, որ Մարդու իրավունքների պաշտպան ենք նշանակել»:

«Կամ ինքնաբացարկ, կամ նոր ընտրություն, կամ ժողովուրդը ապրիլի 9-ին կորոշի իր անելիքը»,- Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հրապարակում բացօթյա մամուլի ասուլիսում երեկ արած այդ արտահայտությունը հավանաբար պատճառ կդառնա, որ առաջիկայում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը եւս «նստի հացադուլի»: Երեկ ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ «Առավոտի» հետ զրույցում այդ կերպ իր վրդովմունքն արտահայտեց Գալուստ Սահակյանը: Հարցին՝ ինքն ո՞ւմ ինքնաբացարկն է պահանջելու, Գալուստ Սահակյանն ասաց. «Հիմարությունն էլ իր աստիճաններն ունի: Ազգը պիտի մի քիչ տեղը տեղին կարողանա իր հպարտության մասին մտածել: Ի՞նչ է նշանակում՝ բոլոր իրավական հիմքերը Սահմանադրական դատարանով, աշխարհով, մեր մոտեցումներով հիմնավորված են: Կարող է, ենթադրենք, էպոսագետն էլ, մյուսն էլ, էն մյուսն էլ նույն խնդիրը դնեն: Չեմ ուզում այդքան ծիծաղելի դառնանք աշխարհի առջեւ: Ընդամենը դա»: Խոսելով նախագահի թեկնածուների՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումների եւ դրանք մերժելու ՍԴ-ի որոշման մասին՝ ՀՀԿ փոխնախագահը չի կիսում կարծիքները, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիրքերը ՍԴ-ում թույլ էին: Նա ավելի կտրուկ մոտեցում ունի. «Ընդհանրապես իրավական հիմնավորում չկար: Դատարանը ոչ թե լիրիկա է, ոչ թե ազարտ է, ոչ թե միտինգ է, այլ իրավական փաստերի հիմնավորումների վերլուծում է ու դրանց հիման վրա կայացրած որոշում»: Գալուստ Սահակյանը չի կիսում նաեւ մեր դիտարկումն այն մասին, որ ՀՀ քաղաքացին ոչ ՍԴ-ին է վստահում, ոչ էլ ՀՀ իրավապահ համակարգին: «Ո՞վ ասեց, որ հանրությունը հինգ, տասը, քսան կամ հարյուր հազարն են միայն: Հանրությունը ամբողջ Հայաստանն է, որոնցից մեկը ես եմ, հանրությունը 860 հազար ազգաբնակչությունն է նաեւ: Էդ ո՞վ որոշեց, որ հանրության կողմից կարող է խոսել անհատապես: Հանրության կողմից խոսում է նա, ով քվեարկությունից հետո կարողանում է հաղթող ճանաչվել: Մեզ մոտ մի աննորմալ երեւույթ է տեղի ունենում. ովքեր որ այլ կարծիքի են, ոչ ըմբռնելի կարծիքի, նրանք համարվում են հանրություն: Մնացածները հանրություն չե՞ն: Իսկ մենք գտնում ենք, որ եւ բողոքողները, եւ նրանք, ովքեր կարողացել են ճիշտ տեսակետով կողմնորոշվել, բոլորը մեր ազգն են, մեր հանրությունն են»: Թե ինչպե՞ս ընկալել այն իրողությունը, երբ ՍԴ-ն մշտապես եղել է իշխանության թեկնածուի կողքին, անգամ հաստափոր եւ հիմնավոր իրավական փաստարկների պարագայում, Գալուստ Սահակյանն ասում է. «Իրավաբանությունը ցանկությունների հետեւանք չէ եւ երբեւիցե չի եղել, որ հիմնավոր ինչ-որ մի բան լինի, եւ մասնավորաբար ՍԴ-ն այլ կարծիքի գնա: Պարզապես խնդիրն այն է, որ մեզանում ձեւավորված այսպիսի մտածողություն կա՝ բողոքողները հրեշտակներ են: Ես այդ կարծիքին չեմ: Մենք ավելի լուրջ տրամաբանությամբ պիտի դատենք: Մեր պետության վիճակն առասպելական չէ, բայց նաեւ վատ չէ: Մենք պիտի կարողանանք մեր պետությունը կերտել: Բնականաբար, ցանկացած խնդրի շուրջ կարող են տարբեր կարծիքներ լինել, իսկ վերջնական լուծումն այն է, ինչը որ կա: Վերջնական լուծումը եղել է մի քանի անգամ, նաեւ՝ ՍԴ-ով: Ինչո՞ւմ է խնդիրը: Այսինքն՝ մարդիկ, ովքեր չարացել էին, բողոքում էին՝ ժողովուրդ են, իսկ մնացածները, որոնք պետություն են կերտում եւ կարողանում են ինչ-որ մի բան ստեղծել, որով ազգը պիտի կարողանա հարատեւել՝ նրանք սխա՞լ են: Մենք այդ կարծիքին չենք»:

«Առավոտը» հանրապետական պատգամավորից հետաքրքրվեց նաեւ, թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ վրան տեղադրելու հարցը արդեն մի քանի օր խնդրահարույց դառնում. մի՞թե այդ մեկ վրանն այդքան սկզբունքային է իշխանության համար: Սահակյանը կարծում է, որ վրանի տեղադրումն արգելված է օրենքով. «Չի կարելի ապօրինի որեւէ տեղ բնակավայր դարձնել, ինչքան էլ որ մարդկային որեւէ խումբ ցանկություն ունենա: Այդ դեպքում մի վրան էլ մի այլ տեղ կարելի է դնել, մեկ ուրիշն էլ՝ այլ: Էպոսագետը կարող է մի հատ թազա բերդ ստեղծել իր համար, որպեսզի հաճելի լինի, մյուս թեկնածուն մի հատ հիվանդանոց կարող է ստեղծել, որտեղ իր արարումները կնքի… չեմ ուզում, որ մեր ազգը գնա ու շիզոֆրենիայի էդ աստիճանին հասնի: Սա ազգ է, որը կարողացել է իր ինքնությունն ապացուցել: Եթե մարդը այդ համատեքստում անձնազոհությամբ փորձում է ինչ-որ բան ապացուցել՝ նորանկախ Հայաստանում այդ առումով բավականին իրավիճակներ են եղել: Մարդը պետք է կենսագրություն ունենա, որ կարողանա նաեւ հաղթահարելի դարձնել իր գործունեությունը: Նորմալ, լուրջ պիտի մտածել: Այլ հարց է հացադուլավորին հնարավորինս աջակցելը: Ի՞նչ անենք Օպերայի հրապարակում, մի հատ էլ տուֆակերտ մի բան կարելի է սարքել, որպեսզի ամեն ինչ լա՞վ լինի: Որեւէ մեկը չի կարող պարտադրել մեկ ուրիշի՝ իր իրավունքների պաշտպանության հարցում լրացուցիչ միջոցներ ունենալ»:

Ի դեպ, երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ այդ առիթով արած հայտարարության մեջ ասված է, որ մեկ վրան տեղադրելն իրավաչափ է եւ օրենքին չի հակասում, մանավանդ, որ «Ժառանգությունը» պատրաստվում էր այդ հարցով դիմել քաղաքապետարան, ու տվյալ պահին ոստիկանությունն անօրինական է գործել: Մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Ես կարծում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունները փորձում է գերազանցել: Ինքն օրենքները բնութագրելու կամ մոտեցումներ ցուցաբերելու որեւէ խնդիր պետք է չունենա: Օրենքները կարող են մեկնաբանել ՍԴ-ն եւ արդարադատության նախարարությունը՝ կախված խնդրից: Իսկ մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը չի կարող օրենքներին հավասար մեկնությունների դաշտ ստեղծել: Բոլորը պիտի կարողանան որոշակիորեն իրենց լիազորությունները չգերազանցել: Ի՞նչ է նշանակում՝ մեր պետության էդքան շինությունների մեջ վրաններ տեղադրել, եւ դա նաեւ խրախուսելի համարի Մարդու իրավունքների պաշտպանը, ում առաքելությունը բնավ դրա հետ կապ չունի: Հարկավոր է մի քիչ էլ ինքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը պարապի, հասկանա, թե ինչի մասին է խոսում եւ երբ է խոսում: Նրա գերխնդիրը այն է, որպեսզի օրենսդրության պահանջների հիմքով հնարավորինս աջակցի մեր հասարակությանը՝ լարվածությունը թուլացնելու, առավել մտերիմ միջավայր ստեղծելու համար: Է՜, հո կրակը չե՞նք ընկել, որ Մարդու իրավունքների պաշտպան ենք նշանակել, ինքն էլ իր բնավորության գծերը փորձում է հասարակությանն ընդհանրացնել: Գերագույն, վերջնական որոշումը ՍԴ-ինն է: Մարդու իրավունքների պաշտպան չի նշանակում Աստծու կողմից ուղարկված սուրբ, որը ամեն ինչի միջամտում է եւ փոխանակ կարգավորի իրավիճակը՝ փորձում է իմիջներ հավաքել՝ չգիտեմ ինչի համար»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Maxim says:

    գալուստ սահակյանը,՝ բա լիքը տաշտակը ու՞մ է թողնելու, որ հացադուլ անի:

  2. Օնիկ says:

    հանրապետական կուսակցության փոխնախագահ պն.Գ.Սահակյան Ես Ձեզ հավատում եմ, եվ ամբողջ Հանրապետությունը գիտի որ Ձեր խոսքը,Ձեր կուսակիցների մոտ հաստատ կանցնի, այդ կապակցությամբ ես ունեմ մի առաջարկություն, որի կիրառելուց հետո, ստեղծված քարհանգուստը կքանդվի եվ ամեն ինչ իրա տեղը կընկնի:
    Բեր խոսա ձերոնց հետ, ընթանուրի եկեք ու ստեղծեք հանձնաժողով /50-50 մասնակցությամբ- դիմադիր-ընդիմադիր/
    Երեվի 2-3 օրում նշված հանձնաժողովը կհաշվի ետ չարաբաստիկ կեղծված 1980 պարկերի իրական տարողությունները եվ կպարզվի թե ով ումից հետո է: Հլը փորցեք ես մի անգամը ցույց տվեք որ Դուք ԱՐԴԱՐ հաղթել եք, թե չե ես ինչ է ամեն ընտրությունից հետո, գելնին կլցվին Ազատության հրապարակն ու ղալմաղալ կենեն:
    Ճիշտ եմ ասում,թե չէ, եվ եթե ճիշտ եմ ԿՊԱԿ գործին:

  3. Cool headed says:

    Այ էստեղ են ասում “NO COMMENTS”, վերջին տասնամյակում երևի սենց չէի զվարճացել… ախր շատ լավ է խոսում … լվանում է, փռում արևի տակ` չորանալու… Երանի իրանից մի քանի հատ լիներ ազգիս մեջ… Հիմա Սինգապուրից էնքան առաջ կլինեինք, որ սկի լույսի արագությամբ մեզ հասնել չէր լինի…

  4. mika says:

    գալուստը մի օր քյաբաբ չուտի, կմեռնի..

  5. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ says:

    Օնիկ ջան շատ լավ բան էս առաջարկում:
    Բայց ասեմ` նախ շատ մեծ կարծիքի էս Գ.Ս.-ի ու ՀՀԿ-ի մասին, եթե կարծում էս որ իրանք այդքան դուխ, նամուս ու թասիբ /ինչպես ասում են սիրելի Գյումրեցիք/ ունեն, որ քվեապարկերը բացեն: Երկորդը` էդ մարդիք հո իրանք իրանց թշնամին չէն. պարկ բացել նշանակում է բահը վերձնել ու սեփական տանիքը քանդել:
    Եթե նրանք համոզված լինեն որ իրենց համար դրական արդյունք կլինի, վաղուց բացաց ու բոլորի ,,պորտը,, տեղը դրած կլինեին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031