Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է ԵՊՀ-ն այդքան մանրացել

Մարտ 15,2013 15:13

Հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանին թույլ չեն տվել հանդիպելու Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ, իսկ երիտասարդ դասախոս Արարատ Միրզոյանին, որը պահանջում էր ռեկտորի օգնականի հրաժարականը, թույլ չտվեցին դասախոսություններ կարդալ Երեւանի պետական համալսարանում: Այդ դեպքերը հավասարազոր չեն, որովհետեւ Ֆրանսիական համալսարանը մասնավոր հաստատություն է, արտասահմանյան մենեջմենթով, եւ ես դժվարանում եմ ասել, թե ինչպիսի չափանիշներով են նրանք առաջնորդվել՝ չթողնելով շնորհալի դերասանի մուտքը բուհ: Մինչդեռ Երեւանի պետական համալսարանը ապրում է, գոյատեւում է մեր՝ հարկատուներիս հաշվին, եւ պետք է ամբողջությամբ հաշվետու լինի հասարակությանը: Բայց հենց այդ բուհը չափազանց կարծրացած է դոգմատիկ «հանրապետականության» մեջ՝ ավելի շատ, քան մնացած բուհերը: Ասենք, Մանկավարժական համալսարանում, որտեղ ես դասավանդում եմ, «ռեկտորի քաղաքական վրեժխնդրության» դեպքերի մասին ես վերջին տարիներին չեմ լսել:

Պետական համալսարանում, այսպես ասած՝ «Մայր բուհում», որը, կարծես թե, պետք է օրինակ լինի բոլոր մնացած բուհերի համար, գերիշխում է կաղապարված, «քառակուսի» մտածողությունը: Համալսարանական պատմաբանները դասագիրք են գրում, որում «Մարտի 1-ի» հարցում դրսեւորվում են ավելի իշխանամետ, քան ինքը՝ իշխանությունը: Եվ այստեղ խոսք չի կարող լինել «ակադեմիական ազատության» մասին, որովհետեւ խոսքը ոչ թե պարզապես գրքի, այլ դասագրքի մասին է: Հենց ԵՊՀ-ում են, չգիտես ինչու, կենտրոնացած մեծ քանակությամբ կրծքանշան ունեցող «կոմսոմոլ» կարիերիստները, այդ թվում՝ ռեկտորի վերոհիշյալ օգնականը, որոնք, բացի կեղծ «նժդեհական» բանաձեւեր արտաբերելուց, ոչ մի այլ բանի ընդունակ չեն:

Ասել, որ այդ բուհը ինչ-որ առանձնահատուկ դոգմատիկ ավանդույթներ ունի, արդար չէր լինի: Կոմունիստների ժամանակ, այդ շրջանին հատուկ խիստ բացասական դրսեւորումներով հանդերձ, ԵՊՀ-ում հնարավորություններ կային ազատ ստեղծագործական դրսեւորումների համար: Կարող եմ դրա մասին վստահաբար ասել, որովհետեւ այդ բուհում տասնամյակներ շարունակ փիլիսոփայություն են դասավանդել իմ ծնողները: Նրանք չէին հակադրվում այդ ժամանակվա համակարգին, բայց իրենց հայացքներով չափազանց ազատական էին եւ զուրկ էին որեւէ կարծրատիպերից: (Կարծում եմ՝ նրանց ուսանողները դա կհաստատեն): Բայց նույն ԵՊՀ-ում դասավանդում էին նաեւ մարդիկ, որոնք հակադրվում էին կոմունիստական ռեժիմին եւ հետապնդվում էին վերջինիս կողմից, օրինակ՝ Էդմոն Ավետյանը եւ Ռաֆայել Պապայանը:

Ինչո՞ւ է, ուրեմն, Մայր բուհն այդքան խեղճացել ու, կարելի է ասել, մանրացել: Շատերն այստեղ ինչ-որ անձնական բացատրություններ են փնտրում: Կարծում եմ՝ խնդիրն ավելի խորն է, համակարգային է եւ գալիս է ԵՊՀ-ի վերջին 20 տարվա պատմությունից: Բայց դա առանձին թեմա է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Նորիկ Ղազարյան says:

    Պարոն Աբրահամյան,Դուք,ես և շատ շատերը լավ գիտեն,որ ցանկացած մասնավոր հաստատություն,այդ թվում նաև Ֆրանսիական համալսարանը ,կախվածոթյան մեջ ա իշխանութըուններից(տնտեսություն,ֆինանսներ․հարկային դաշտ)Քանի որ Վարդան Պետրոսյանը աջակցում ա Րաֆֆիին և իրենք շատ լավ իմանալով իշխանություններին ,գործել են շառից ,փորցանքից հեռու սկսբունքից ելնելով։

    • Գրիգոր says:

      այդ պատճառով 1լ մարդը հոդվածում նշում է – Այդ դեպքերը հավասարազոր չեն, որովհետեւ Ֆրանսիական համալսարանը մասնավոր հաստատություն է…մնացածն էլ արդեն պարզ է

  2. Galust Yenokyan says:

    Հարգելի խմբագիր, Ձեր վերը բերած անունները բարի հուշեր արթնացրին իմ մեջ: Ցավում եմ որ Ձեր ծնողներին չեմ հիշումշ ես երեկոեան բաժնում եմ սովորելշ բայց պատիվ եմ ունեցել լինել ՄԵԾՆ Էդմոն Ավետյանի դասարանում, որը բացի ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ լինելուց նաեվ Մեծանուն Լեզվաբան էր եւ Մեծ անհատականություն: Ես Գորբաչովեան տարիների «հայրենադավ» հայերից եմ, էվ ահա ԱՄՆ ում բախտ վիճակվեց արդեն քարասուն ութ տարեկանում շարունակել կրթությունս Ամերիկեան Համալսարանում եվ պիտիասեմ որ գիտելիքները որստացել էի մեր Մայր Համալսարանում օգնեցին որ պատվով ավարտեմ, եվ սա ոչ թե իմ այլ մեր Համալսարանի քիտական աստիճանի շնորհիվ: Ես Ամերիկայի լեզվաբան մասնագետներից հարցնում էի Ավետյանի մեզ դասավանդած Ամերիկյան մասնագետների տեսությունների մասինշ շատերը տեղյակ չէին:
    Էս ինքս պիտի ասեմ մեր Երեվան Համալսարանում միջինից ցածր ուսանող էիշ միակ հինգը որ ունեի ստացել էի Մեծն Լեվոն Ներսիսյանից Անտիկ գրականության առարկայից, այն էլ ոչ թե հարցաթերթիկին պատասխանելով այլ ինչպես իրեն հատուկ էր ասեց տղա ջան վեց ամսում անտիկ գրականություն չեն սովորում, դու ինձ ասա ինչ ես կարդացել… ես այն ժամանակ սիրում էի Կնուտ Համսունի գրքերը… Եվ այո կուզենայի նշել մենք Համալսարանում ունեինք ՀՍԿԱՆԵՐ , լէզվաբաններ, գրականագետներ, ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ եվ նաեւ կոմսոմոլներ, ինչպիսին իմ կուրսեցի Սերժ Սարգսյանն էր, որ այն տարիներին եթե ինձ հարցնեին կասեի որ փոստի վարիչ կարող է աշխատել, բայց Երկրի Նախագահ,,, Ես իր մարդային կողմերի մասին բացի լավից այն տարիներին չեի կարող ասել ուրիշ բան, թեէւ մենք եղել ենք միայն դասընկերներ: Կար այդպիսի կուլտուրոլոգիական ամերիկյան տեսություն շատ տարիներ առաջ, ըստ որի եթե մարդու մտավոր կարողությունները եվ կուլտուրական մակարդակը չի համապատասխանում նրա զբաղեցրած սոցիալական հիրարխիայի աստիճանին, ապա տեղի է ունենում բախում…Այն ինչ որ հիմա ունենք:

    • Galust Yenokyan says:

      Խնդրում ներող լինել անփութության եւ սխալների համար վերեվում գրված տեքստում, ես հայերեն ստեղնաշարով համակարգիչ չունեմ,փորձում եմ հարմարեցնել լատինատառ ստեղնաշարը հայերեն տառերով համակարգչային ծրագրին:

  3. Մեկնաբան says:

    Ես էլ եմ հիշում Երևանի Պետական Համալսարանը: Անկասկած, եթե սովորել ուզում էիր, ապա այստեղ կարելի էր ստանալ բարձրորակ կրթություն, իսկ որոշ բնագավառներում էլ կարելի էր սովորել շատ բարձր մակարդակի մասնագետների մոտ:
    Սակայն, իմ սովորած տարիներին էլ ԵՊՀ-ն թունավորված միջավայրով կոռումպացված հաստատություն էր ու բոլորովին դժվար չէր առանց սովորելու ավարտել համալսարանը:
    Ստուգարք ու քննություն կաշառքով ստանալը համատարած բնույթ էր կրում՝ հիմնականում սա կիրառվում էր գյուղից եկած ուսանողների դեմ ու կողմից: Ասածս չի նշանակում, որ բոլոր դասախոսները կաշառակեր էին ու բոլոր ուսանողները կաշառատու: Քավ լիցի: Բայց նրանցից շատերը այդպիսին էին: Ու հավատացեք, ինչքան կաշառակեր էին, այնքան ավելի ամպագոռգոռ ազգայնական ճառեր էին կարդում:
    ԵՊՀ-ն դեռ Հայաստանի ամենաքիչ կոռումապցված կրթօջախն էր:
    Ուզում եմ ասել, որ այսօրվա ԵՊՀ-ն 80-ականների ԵՊՀ-ի տրամաբանական արդյունքն ու շարունակությունն է՝ իր ժամանակին համահունչ ու ուղիղ համեմատական վատթարացմամբ:
    Ի պաշտպանություն 80-ականների ԵՊՀ-ի պետք է ավելացնեմ, որ այն տարիներին համալսարանը ուսանողներից ու նրանց շուրջ հավաքված խուժանից բաղկացած, իշխանությունների կողմից սանկցիավորված պոգրոմչիկների սևհարյուրակային ջոկատներ չկային: Այդ ֆունկցիան հանձնված էր KGB-ի հատուկ ծառայություններին:
    Այն տարիներին ԵՊՀ-ի ամենախայտառակ ֆակուլտետը պատմության ֆակուլտետն էր: Այդ ավանդույթը հիմա էլ շարունակվում է նույն ոգով: Միայն, եթե այն ժամանակ պատմություն նշանակում էր ՍՄԿԿ պատմություն, ապա դա հիմա փոխարինվել է հայ պատմության ֆակուլտետով: Երկու դեպքերում էլ այս ֆակուլտետը ներկայացվել է գիտնականի կոչումը խայտառակող զեղծարարներով, գաղափարախոսներով ու կոմիսարներով:
    Պատմության ֆակուլտետից հետո այս շարքին կարելի էր ավելացնել իրավաբանական ֆակուլտետը: Հիմիկվա իրավաբանական ֆակուլտետի մասին իրազեկված չեմ:
    Մի բան էլ եմ ուզում ավելացնել: Վերջերս կարծիք եմ լսում, որ իբր 80-ականների դասադուլերը պետք չէ համեմատել մեր օրերի դասադուլերի փորձերի հետ: Իբր այն ժամանակ դասադուլերը տեղի էին ունենում ազգային միասնության պայմաններում ու հանուն ազգային շահերի պաշտպանության, իսկ հիմա սա ներքին քաղաքական խնդիր է և ուսանողների մեծ մասը դրան հակադրված է:
    Սա անամոթ կեղծիք է:
    Նախ, երկրում իրավական համակարգի ստեղծման ու սահմանադրական նորմերի պահպանման խնդիրը երկրի ամենամեծ ազգային արժեք ներկայացնող խնդիրն է: Որևէ ներսից քայքայված երկիր չի կարող դրսի հետ կաված ազգային-պետական խնդիրներ լուծել:
    Այնուամենայնիվ, 90-ականներին Հայաստանը կարողացավ պատերազմ հաղթել կասեք: Սա հայ ազգի ուժի ու վեհության վկայությունը չի: Այստեղ ես հղում կարող եմ անել լավագույն ու փառապանծ հայ դաշտային հրամանատարներին, որոնք բավական սուր տերմիններով, հաղթանակը բացատրում էին նրանով, որ մեր թշնամին մեզնից շատ ավելի վատթար վիճակում է: Հասկանալի է, որ ես, ինչպես արդեն ակնարկեցի, շատ մեղմացված ձևով արտահայտեցի բավական լայն շրջանակներին հայտնի այս միտքը:
    Երկրորդ, 80-ականներին դասադուլերը համատարած էին լինում (ինչպես նաև գործադուլները), միայն երբ նրանք սանկցիավորված էին լինում վերևների կողմից: Դասադուլերի դեպքում սանկցիան գալիս էր հավանաբար ռեկտորատից, իսկ գոնե 88-ին գործադուլները սանկցիավորված էին շրջկոմներից («ռայկոմներից»): Սա կարելի է ի վերջո վերագրել Գորբաչով-Կարեն Դեմիրճյան հակամարտությանը:
    Անկասկած, 90-ից արդեն իրավիճակը փոխված էր: Սակայն 90-ին ՀՀՇ-ն արդեն փաստացի իշխանությունն էր:
    Նորից եմ ուզում նշել, որ վերջին 25 տարիների մեր պատմությունը հեղեղված է կեղծիքներով և կեղծ ազգային խորհրդանշերով: Ի՞նչ դատողություն կարելի է անել մեր 4000 տարվա պատմության շարադրման ու պատմական խորհրդանշերի մասին:
    Վերջում, որպես ասածիս նկարազարդում, ուզում եմ պատմել իմ ԵՊՀ-ի էսթետիկայի պրոֆեսորի իր դասախոսության ժամանակ պատմած մի պատմություն:
    Բոլոր սովետահայ աշակերտներս սովորել էինք Երկրորդ Համաշխարհային Պատերազմի հերոս Մոտրոսովի ու մեր Հունան Ավետիսյանի անձնազոհ պատմությունները, թե ինչպես իրենց զինակից ընկերներին փրկելու համար նրանք նետվել էին գերմանական գնդացրի վրա ու կրծքով ծածկել այն: Հստակ չեմ հիշում արդյոք Մոտրոսովի մասին էր նա պատմում, թե Ավետիսյանի՝ շատ տարիներ են անցել: Բայց նա ասում էր, որ իրականում նրան գնդացրի վրա հրել էին իր զինակիցները, ու նրա վերջն շնչով արտասանված իր ընկերներին ուղերձը եղել էր «ես ձեր մերը…»:
    Չգիտեմ, թե որքանով է ճիշտ այս պատմությունը, ու չգիտեմ ո՞ր առաջին աղբյուրից իմ դասախոսը կարող էր իմանալ այն, բայց եթե անգամ սա զուտ ֆոլկլյոռ է, ապա շատ ուսանելի է:

  4. Տիգրան says:

    Արամ, չեմ ուզում երկար առաջաբան գրել… Ես ապրում եմ Լոս Անջելեսում… և ինձ շատ հաճախ են իմ ընկերները մեղադրել, որ չեմ փորձում ինչ-որ կերպ իմ մտքերն ու գաղափարները լսելի դարձնել… Այժմ ես առանց չնչին իսկ փառասիրական դրսևորումների, պարզապես փորձում եմ անել դա, հույս ունենալով, որ դու, այնուամենայնիվ կհրատարակես այս ուղեձը քո թերթում… Ես վերջիվերջո որոշեցի դա անել քո միջոցով, որովեհտև ազատության հրապարակում հնչած ելույթներում այդպես էլ չլսեցի այն, ինչ այժմ կփորձեմ հաղորդել ձեզ…
    Դարեր շարունակ Հայաստանը գտնվել է տարբեր տիրությունների տիրապետության տակ, և այդ իշխանապետությունները իրենց ծրագրերն ու քաղաքականությունը Հայաստանում իրագործել են Հայքի գահին բազմեցնելով իրենց դրածոներին, որոնք, այնուամենայնիվ ընտրվել են Հայ թագավորական տոհմից… Եվ Պարսկաստանը, և Բյուզանդիան միշտ ձգտել են ընտրել ավելի եսամոլ, ավելի ընչաքաղց, ավելի տգետ ու բծախնդիր մեկին, որի միջոցով, բնականաբար, ավելի դյուրին կլինի Հայքի ղեկավաչրումը ըստ իրենց շահերի… Քսաներերոդ դարում,ստեղծվեց կառավարությունների ձևավորման ընտարական միջոցը, որը լինելով ոչ կատարյալ, այնուամենայնիվ ավելի առաջադիմական է և հնարավորություն է տալիս ժողովրդի միջոցով, առանց օտար պետությունների միջամտության (թեև նրանք միշտ փորջում են մկջամտել) ունենալ կառավարություն… Ուրեմն կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ նշանակություն ունի նախագահի և ազգային ժողովի ընտրությունները երկրի անկախության` ազատության համար… Այսօր դա մի եզակի ճանապարհ է հասնելու իրական ազատության և արտաքին քաղաքականությունը մշակելիս առաջնորդվել պետության շահերով: Ուրեմն կեղծելով ընտրությունները, դժվար չէ հասկանալ, որ հարվածում են պետության սրտին, ոչնչացնում պետականությունը ոչ միայն որպես գաղափար, այլև որպես մի իրական կառույց… Ուրեմն արդար ընտրությունն ինքնին որոշակիորեն ապահովում է պետության անկախությունը և սրա հետ պարզապես չեն կարող հաշվի չնստել օտար պետությունների ղեկավարները… Այսօր Հայաստանը, մեղմ ասած, գտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում: Հայաստանում տեղաբաշխված է մի հսկա զորամաս` իր ժամանակակից սպառազինությամբ և հետախուզական ցանցով: Շատերը չեն գիտակցում` սա ինչ է նշանակում և ինչ մեծ է Ռուսաստանի ազդեցությունը մեր երկրում… և ինչ շահեր ունեն ԵՎրոպան ու ԱՄՆ–ն տարածաշրջանում… Լավագույն տարբերակը, բնականաբար, մաքուր ընտրություններն էին, բայց դա չեղավ, որովհետև նախկին կեղծ ընտրություններն էին նախադեպը… Անկախ նրանից,թե Ռուսաստանը որքանով է ցանկանում տեսնել Ռաֆիի Հայաստանի նախագահ, այսօր կարծես թե անհնար է ինչ-որ օրինական ձևով և ընդունելի բոլորի համար, Րաֆիին մոտեցնել իշխանության ղեկին, որը կարող է անել Սերժ Սարգսյանը, առանց մեծ վնասներ հասցնելու իր հետագա գործունեւոթյանն ու բիզնեսին… Կարծում եմ` առաջին քայլը, որ պետք է անի Սերժ Սարգսյանը, ՀՀԿ կուսակցությունից անմիջապես ձերբազատվելն է: Ըստ էության, այս կուսակցությունը երբեք էլ ոչ մի լուրջ բան չի արել նրա համար և չէր էլ կարող անել… Այս կուսակցության իրական վարկանիշը միշտ էլ հինգ տոկոսից ցածր է եղել… Հաջորդ քայլը, որ պետք է անի Սերժ Սարգսյանը դա Րաֆի Հովհաննիսյանին վարչապետ նշանակելն է և նրան գործողությունների ազատություն տալը ինչպես կառավարության ձևավորման, այնպես էլ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար… Ուրիշ էլ ով, եթե ոչ Րաֆի Հովհաննսիյանը, ում հաղթանակը կարծես թե կասկած չի ներշնչում նույնիսկ իշխանության վերին օղակներում… Ինչու պետք է Սերժ Սարգսյանը այսպես վարվի… Որովհետև նրան Ռուսաստանը արդեն շնորհավորել է և նրա ներկայությունը առաջիկա երկու-երեք տարիներին, այնուամենայնիվ, Ռուսաստանի նախագահին գուցեև զերծ պահի կտրուկ քայլերից… Սերժ Սարգսյանը Րաֆի Հովհաննիսյանի պետք է նրա թիկունքը հյուսիսից քիչ թե շատ ապահով պահելու համար… Մի քանի տարի անց, երկու կամ երեք, Գուցե Սերժ Սարգսյանն ինքը ցանկանա հեռանալ և հեռանալ պատվով, պետության կողմից գնահատված և արդեն մի այնպիսի Հայաստանում, որտեղ օլիգարխները հանգիստ խղճով կվայելեն իրենց օրենքով անձեռնմխելի հռչակած, բայց կասկածելի ճանապարհներով ձեռք բերված հարստութունը… Սա քաղաքակություն է, պարզ է, որ ազատության հրապարակում շատերին գուցեև դուր չգա, ովքեր հարթակում ելույթներ ունենալով` իրենց արդեն նախարարներ ու հերթական օլիգարխներ են պատկերացնում, բայց ավելի շատ Սերժ Սարգսյանին դեմ կլինեն ՀՀԿ-ն և նրա վերնախավը… Բայց նրանք ինչպես կարող են ճնշում գործադրել Սարգսյանի վրա, եթե իրականում արջի ծառայություն են մատուցել նրան… Ռաֆի Հովհաննիսյանին պետք է հնարավորություն տալ աշխատելու և կարգավորելու երկիրը… Նրան ընտրել են, նրան հավատում են, նա կեղտոտ չի մտնում խաղի մեջ և հաշվետու է նրանց, ովքեր ընտրել են իրեն` Ժողովրդին… Ուրիշ ով, եթե ոչ հենց երկրի երրորդ նախագահը, որն այդպիսով կարող է մի քանի տարի էլ մնալ նախագահ, կարող է և պարտավոր է դիմել այդ քայլին…

    • Հայկ says:

      Առաջարկը խելամիտ է, կառուցողական; բազմիցս այն քննարկվել է հրապարակում հավաքված չափավոր ընդդիմականների կողմից, սակայն դա հնարավոր կլինի եթե ՀՀԿ-ն և ընդդիմությունը վեր կանգնեն իրենց ամբիցիաներից: Ցավոք, խիստ կասկսծում եմ դրա իրականացման հնարավորությանը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031