Երևանում մարտի 15-ից 16-ն առաջին անգամ կանցկացվի «ԲԼԻՑ Համագործակցություն» կրթական սեմինար, որը բաղկացած է լինելու երկու մասից:
* «Երիտասարդական քաղաքականությունը ԱՊՀ երկրներում. Ինտեգրման հարցերը»
* «Մենք Համագործակցության ապագան ենք» դասընթաց
Ծրագրի շրջանակներում նախատեսված է կլոր սեղան` «Համագործակցություն. Երեկ, այսօր, վաղը» թեմայով, որի ընթացքում կներկայացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Կովկասի համագործակցության դրական փորձը:
«Համագործակցություն» երիտասարդական միջազգային հասարակական կազմակերպության վարչության անդամ Քսենյա Ֆյոդորովան ասաց, որ այսօր ստեղծվել է հնարավորություն ներկայացնել հայ երիտասարդությանը, թե ինչ է ներկայացնում իրենց կազմակերպությունը և ինչ նպատակներ է հետապնդում: Նրանք եկել են այն եզրահանգման, որ պետք է երկրները միմյանց հետ կապի մեջ լինեն և այսօր հետևելով շատ սոց-ցանցերի` արդյունքն այնքան էլ գոհացուցիչ չէ:
Այսօրվա դրությամբ համագործակցում են տասը երկրներ` Հայաստան, Մոլդավիա, Ղազախստան, Տաջիկստան, Բելառուսիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Ուզբեկստան, Ղրղզստան:
«Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ, «Համագործակցություն» ԵՄՀԿ վարչության անդամ Կառլեն Խաչատրյանն էլ նշեց, որ այսօր դասընթացին կմասնակցի մոտ 40 երիտասարդ 18-30 տարեկան: Հիմնական ուշադրությունը սևեռվելու է այն երիտասարդների վրա, որոնք փորձ չունեն, որպեսզի նրանց էլ ներգրավեն այս ծրագրի մեջ: Եվ իհարկե ռուսերենի իմացությունը պարտադիր է:
Նախագծի կազմակերպիչներն են` Հայաստանում Ռուսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության երիտասարդական ծրագրերի համակարգող Հարություն Ազգալդյանը, «Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոնի» ղեկավար, «Համագործակցություն» ԵՄՀԿ-ի անդամ Դավիթ Հայրապետյանը, «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ, «Համագործակցություն» ԵՄՀԿ վարչության անդամ Կառլեն Խաչատրյանը և «Համագործակցություն» երիտասարդական միջազգային հասարակական կազմակերպության վարչության անդամ Քսենյա Ֆյոդորովան:
Արմինե Համբարձումյան