«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հանձնաժողովը դարձյալ չհայտնվի քաղաքական քննարկումների հորձանուտում, այլ կատարի իր իրական առաքելությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ խոսելով 2008 թ. մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու այսօր կայացված որոշման մասին:
«Եթե հանձնաժողովը կատարեց իր իրական առաքելությունը, սա կլինի նոր քայլ նաեւ պառլամենտարիզմի առումով: Ես այս խնդրին չեմ նայում զուտ մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Սա նոր քաղաքական մշակույթի ձեւավորման փորձ է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հիշեցնելով, որ այս տարիների ընթացքում նոր քաղաքական մշակույթ ձեւավորելու բազմաթիվ փորձեր եղել են ու, ցավոք, մինչ այս պահը մենք չունենք հաջող օրինակ: «Սա կարող է դառնալ այդ հաջող օրինակը»,- կարծում է Դ. Հարությունյանը՝ նկատելով, որ հարցն ինքնին դժվար հարց է. «Այնուամենայնիվ, երբեմն հաջողվում է ծանր, դժվար հարցերի շուրջ ստեղծել այդպիսի մթնոլորտ: Ծանր հարցը պահանջում է նաեւ ծայրահեղ պատասխանատու գործիչների ներգրավում՝ յուրաքանչյուր խմբակցության կողմից: Եթե դա հաջողվեց, մենք կարող ենք ունենալ նոր իրողություն»:
Դավիթ Հարությունյանը չի ցանկանում կանխատեսումներ անել հանձնաժողովի գործունեության արդյունքների վերաբերյալ՝ կանխելով նաեւ այս առիթով լրագրողների հարցերը: Ասաց, որ եթե նպատակն է չպատասխանել, միեւնույն է, պատասխաններ չեն ստանա. «Պարոն Ջհանգիրյանն իր խոսքում ճիշտ նկատեց՝ մենք պատժիչ մարմին չենք, մենք չունենք սանկցիա կիրառելու հնարավորություն: Ի տարբերություն իրավապահ մարմինների՝ բազմաթիվ լծակները բացակայում են: Մենք աշխատում ենք, որովհետեւ ունենք բոլոր կողմերից քաղաքական կամք, որը նույն ուղղությամբ է եւ հուսով ենք, որ այն շարունակվելու է նույն ուղղությամբ: Հանձնաժողովի աշխատանքը լինելու է բարդ, բայց դա թողնենք հանձնաժողովի անդամներին»:
Դավիթ Հարությունյանը նկատեց, որ տարբեր երկրներում գործել են նմանատիպ հանձնաժողովներ, շատ քչերն են հաջողել, բայց որտեղ հաջողել են՝ եղել է լուրջ արդյունք: Ավելին, նման բաները երբեմն դառնում են օրենսդրական բարեփոխումների հիմք: Դավիթ Հարությունյանը նկատում է, որ Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի աշխատանքը դարձավ Հայաստանում ոստիկանական օրենսդրությունում բարեփոխումների հիմք:
Կարդացեք նաև
«Ա1+»-ի լրագրողը Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց մի մարմնի մասին, որը «Հայկական ժամանակից» մտավ շրջանառության մեջ. Դուք անձամբ այդ մարմնի մասին ինչ-որ բան գիտե՞ք, հնարավո՞ր է հանձնաժողովը պարզի այդ մարմնի օրինականությունը :
«Հանձնաժողովի նպատակն է՝ պարզելու ճշմարտությունը: Սա չի նշանակում, որ հանձնաժողովը նախաքննության մարմին է: Սա հանձնաժողով է, որի առաքելությունը ես համարում եմ շատ մեծ, մեր հանրային կյանքում շատ լուրջ դերակատարում կարող է ունենալ այս հանձնաժողովը՝ մի քանի տարբեր ասպեկտներով: Իմ տեսանկյունից, ամենամեծ առաքելությունը նոր քաղաքական մշակույթ ստեղծելն է»,-ասաց Դ.Հարությունյանը:
Aravot.am-ի դիտարկմանն էլ՝ խոսում եք նոր քաղաքական մշակույթի ձեւավորման մասին՝ խուսափելով հանձնաժողովի գործունեության մասին հստակ կարծիք արտահայտելուց. ունի՞ իշխանությունը, ՀՀԿ-ական մեծամասնությունը քաղաքական կամք, որպեսզի այս հարթակն իրապես օգտագործվի նոր քաղաքական մշակույթ ձեւավորելու համար, թե՞ այսպիսով հերթական իմիտացիան է տեղի ունենալու, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե խնդիր ունենայինք այդ ճանապարհով չգնալու, հավատացեք, բազմաթիվ եղանակներ ունենք մեր կարծիքն ուղղակի արտահայտելու, բացահայտ ասելու: Օրինակ՝ որ մեր երկրում քաղաքական ուժերը դեռ պատրաստ չեն այս ճանապարհով գնալու, որ մենք չենք տեսնում նման քաղաքական մշակույթ ձեւավորվելու հենք: Ի դեպ, հոգու խորքում ես դեռեւս իմ մեջ ամբողջական համոզվածություն չունեմ, որ մեզ դա կհաջողվի, բայց չփորձել՝ չենք կարող: Եվ դրա համար, ՀՀԿ-ն եվս համարում է, որ հերթական հնարավորությունը բաց թողնել չի կարելի»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին էլ՝ եթե իշխանությունը քաղաքական կամք դրսեւորեր «մարտի մեկը» բացահայտելու՝ դա արդեն արած կլիներ, Դավիթ Հարությունյանը չցանկացավ նման քաղաքական քննարկումների գնալ, քաղաքական գնահատականներ հնչեցնել. «Մենք կուզենայինք, որ հիմա լիներ մասնագիտական աշխատանք: Եկեք համբերենք՝ տեսնենք թե մեզ մոտ ինչպե՞ս կստացվի այդ աշխատանքը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ