Մարդիկ կարծում են, որ այն հիվանդությունները, որոնցով իրենք տառապում են, առաջանում են վատ սննդի կամ անառողջ սովորությունների հետեւանքով, մինչդեռ հիվանդությունների մոտ 45 տոկոսը անառողջ կամ անկանոն քնի հետեւանք են:
«Այսօր Հայաստանում քնի հետ խնդիրներ ունի բնակչության մեծ մասը, իսկ անքնությամբ տառապում է բնակչության մոտ 13 տոկոսը: Վերջին տարիներին այս խնդրի վերաբերյալ հայերը ավելի շատ են սկսել դիմել նյարդաբաններին՝ քնաբերների եւ այլ հանգստացնող դեղերի ազդեցությամբ քունը վերականգնելու համար»,- ասաց նյարդաբան Սամսոն Խաչատրյանը քնի քրոնիկ խանգարումների դեմ պայքարի օրվա կապակցությամբ «Հենարան» մամուլի ակուբում կայացած ասուլիսի ժամանակ:
Բժիշկը նշում է, որ քրոնիկ անքնությունը մեծ առաջընթաց է ապրել Հայաստանում վերջին տարիներին: Քնի խանգարման հիմնական պատճառներից նյարդաբանը առանձնացնում է երկարատեւ սթրեսները, անկանոն քունը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը եւ այլ գործոններ.
«Մարդը քրոնիկ անքնությամբ չի տառապում միանգամից: Մինչեւ քրոնիկ անքնությունը ձեռք բերելը մարդը սկսում է տառապել անքնությամբ, որը կանոնավոր արտահայտումներ չի ունենում հիվանդության առաջին փուլերում: Քրոնիկ անքնության առաջացման հետ կապված են մի շարք գործոններ, ինչպիսիք են վատ սնունդը, պասիվ ապրելակերպը, ծխելը, խմելը, անկանոն եւ անհանգիստ քունը: Իսկ քրոնիկ անքնությունն էլ իր հերթին հանդիսանում է շարժառիթ՝ ավելի լուրջ հիվանդությունների համար: Խուսափելու համար նախ եւ առաջ պետք է կանոնավոր քնել 7-8 ժամ: Առողջ մարդկային քունը ավելի կարեւոր է, քան լավ սնվելը»:
Կարդացեք նաև
Բժիշկը հիվանդության վաղ շրջանում բացահայտման եւ կանխարգելման համար խորհուրդ է տալիս քնի խանգարման կամ անքնության ամենաչնչին նշանների դեպքում դինել մասնագետի օգնությանը:
Աննա ԹԱՄԱՄՅԱՆ