Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետը` ԱԳՆ-ի շենքը հյուրանոցի վերածելու մասին. «Այդ հյուրանոցը հո հասարակաց տուն չէ՞»

Մարտ 15,2013 14:54

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը կարծում է, որ ԱԳՆ շենքի վաճառքի մասին չպետք է մտահոգվել: «Ոչ մի  վտանգավոր բան չկա: Մի խնդիր կա, երբ ես կլինեմ կռվողների շարքում, եթե հանկարծ շենքի կերպարը փոփոխության ենթարկվի: Գիտե՞ք այդ շենքը քանի անգամ է ներքին բովանդակությունը փոխել…Ես նախարարության նոր շենքի նախագիծը տեսել եմ, փայլուն նախագիծ է, ու երբ գիտեմ ինչ ենք շահում այդտեղ, այդ բոլորը պետք է հրապարակել»,- այսօր «Ֆորում» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ճարտարապետը:

Նա նաեւ բացատրեց, թե ինչու ներկայիս շենքում չպետք է գործի նախարարություն. «Այդ նախարությունը չի կարող այդտեղ լինել, որովհետեւ տեխնիկական եւ անվտանգության պահանջներ կան նման գերատեսչությունների համար, որոնք այդտեղ ապահովված չեն: Լայն մայթը արտասահմանից եկած նախարարը չպետք է անցնի: Նա մուտքի մոտ չպետք է մեքենան կանգնեցնի: Էլ չեմ ասում, թե քանի նախարարի հետ եմ խոսել, որ այդտեղ աշխատել են: Բոլորն էլ ասում են, որ շենքը հարմար չէ, որովհետեւ այդ շենքը դրա համար նախատեսված չէ»:

Ինչ վերաբերում է նախարարության ներկայիս շենքը հյուրանոցի վերածելու վերաբերյալ դժգոհություններին, պարոն Իգիթյանն ասաց. «Ասում են` մեր սիմվոլը: Հիմա ներողություն, այդ հյուրանոցը հո հասարակաց տուն չէ՞, ինչո՞ւ են ամեն անգամ հյուրանոց ասելով` ուրիշ բան պատկերացնում: Դա բազմաֆունկցիոնալ համալիր է լինելու, ցուցասրահներով, կոնֆերանսների դահլիճներով: Մինչեւ այսօր մեր երկրի լուրջ հանդիսությունների համար նման տեղ չկա»:

Պարոն Իգիթյանն ասաց նաեւ, որ անտարբեր չէ նաեւ փակ շուկայի պահպանման հարցում ու ասաց, որ մշակույթի նախարարությունում հատուկ հանձնաժողով է ստեղծվել. «Էլ չեմ ասում, որ քաղաքի գլխավոր ճարտարապետը գրավոր էլ իր կողմից է գրել ` այդ բոլորը, ինչ արվել է, պետք է քանդել ու վերականգնել իր իսկական վիճակը: Հիմա մի բան է, երբ որ մի գլխավոր ճարտարապետն է ասում, բայց երբ  որ հատուկ ստեղծված հանձնաժողովն է ասում… դե, եթե հիմա դա էլ չպետք է անեն, ուրեմն բռնեք` տարեք, նստացրեք, ուրեմն հանցագործ է: Ես հավատում եմ, որ կվերականգնվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031