Աշոտյան. «Ես շոումեն չեմ»
«Մամուլի համար գայթակղիչ է աշակերտի հանդեպ բռնության յուրաքանչյուր դեպք կամ ահազանգ դարձնել օրվա թեմա»,-այսօր ԿԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով վերջերս մամուլում աշակերտների հանդեպ բռնությունների մասին հրապարակումներին:
«Ես շոումեն չեմ, որ ինձ ահազանգ տաք, ես էլ սուրս ճոճեմ ու ասեմ` վերջ այս ուսուցչուհուն: Ինձ կամ մարզպետներին մի ուղղորդեք ձեր «արյունարբու» ակնկալիքները բավարարելուն: Դրանով հարց չի լուծում: Ամեն ինչ պետք է լինի գործողություններին համարժեք: Պատիժները պետք է լինեն իրավաչափ: Իսկ երեխաների իրավունքների պաշտպանության հարցը մամուլի համար չպետք է շոու լինի: Օրինակ, Մխիթարյանների դպրոցի դեպքը իրականությանը չէր համապատասխանում: Այնպես որ` ինքներդ արեք հետաքննություն եւ ներկայացրեք մեզ, մենք էլ մեր հերթին ենք հետաքննություն կատարում: Պետք չէ պարզապես գրել, որ X դպրոցում Y ուսուցիչը ծեծել է Z աշակերտին»,-դիմելով լրագրողներին` ասաց նախարարը:
Նրա խոսքով. «Երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դեպք սարսափելի է եւ դատապարտելի: 400 000 աշակերտ օրական շփվում է 43 000 ուսուցչի եւ 1400 տնօրենի հետ: Ակնհայտ է, որ նման քանակության կոնտակտի դեպքում նման դեպքերը, ցավոք սրտի, դեռեւս վերջնականապես արմատախիլ արված չեն: Շատ բան մարդկային որակներից է կախված: Ուսուցիչների ճնշող մեծամասնությունը պարկեշտ է: Նման ուսուցիչները չպետք է հանրային քննադատության զոհ դառնան, երբ ուսուցիչներից եւ տնօրեններից մեկը երեխայի հանդեպ սխալ արարք է թույլ տալիս»:
Կարդացեք նաև
Պարոն Աշոտյանը նշեց, որ դպրոցների միջազգային գնահատման տվյալների համաձայն` Հայաստանը գտնվում է ամենաապահով դպրոցներն ունեցող երկրների շարքում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ