Այսօր աշխարհի ութ սուպերգրոսմայստերներ Լոնդոնում մեկնարկող հավակնորդների մրցաշարում Երեւանի ժամանակով 18:00-ին սկսում են երկու շրջանով պայքարը` որոշելու, թե ով է եկող տարի շախմատային թագի համար կռիվ տալու գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:
Ճակատամարտին մասնակցող հսկաների մեջ է նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Չնայած խաղատախտակների առջեւ գրեթե հավասարազոր ուժեր են, մասնագետներն ու ԶԼՄ-ները երեք ֆավորիտի անուն են տալիս` նորվեգացի Մագնուս Կարլսենի, Լեւոն Արոնյանի եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի:
Հավակնորդների մրցաշարի մեկնարկից մեկ օր առաջ ահա թե ինչ է գրում «Gazeta.ru»-ն հայ շախմատիստի մասին: «Արոնյանն արդեն երկար տարիներ համարվում է աշխարհի թագի համար մրցամարտի գլխավոր հավակնորդը: Նա բազմակողմանի շախմատիստ է, ինտելիգենտ եւ ինտելեկտուալ: Արոնյանի համար սա արդեն չորրորդ ցիկլն է: Մասնագետների կարծիքով՝ 2 տարի առաջ Կազանում հենց Լեւոնը պետք է հաղթեր հավակնորդների պայքարում, բայց անսպասելի դուրս մնաց հենց առաջին փուլից: Սակայն թեեւ Արոնյանն անցած երկու տարում փայլուն արդյունքներ ցույց չի տվել, իր մակարդակից էլ չի իջել: Վեյկ-ան-Զեեի վերջին մրցաշարում նրա +5-ը եւ 2-րդ տեղը Կարլսենից հետո Արոնյանի երկրպագուներին Լոնդոնում հաջողություն ակնկալելու հույս են ներշնչում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև